«Պապիկ է եղել, որ 1 տուփ ծխախոտ է բերել, տատիկ է եղել, որ 1 տուփ թխվածքաբլիթ է բերել ու լաց լինելով գնացել». Հայորդաց տունը դադարեցնում է աջակցությունը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տունը դադարեցնում է «Աջակցություն սահմանին» նախաձեռնությունը: Այս մասին ապրիլի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը: «Քանի որ նախաձեռնությունը սկսել ենք ՖԲ սոցիալական ցանցի հայտարարությամբ, նույն ցանցով հայտարարությամբ էլ դադարեցրինք նախաձեռությունը, քանի որ կարծում ենք, որ այլևս սնունդ ուղղարկելու կարիքը չկա»,- նշեց Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը:
Այս օրերին սահմանին կանգնած զինվորին ու Արցախի բնակչությանը օգնելու միահամուռ դրսևորումը զարմացրել է բոլորին, այդ թվում նաև նախաձեռնության հեղինակներին, ովքեր փաստում են, որ նախաձեռնությունը մեկնարկել էր՝ ի սկզբանե միտք ունենալով 1 մեքենա բեռ ուղղարկել, սակայն, արդյունքում, ապրիլի 3-13 ընկած հատվածում միայն Գյումրու Հայորդաց տան կողմից Արցախ է ուղղարկվել շուրջ 40 տոննա բեռ՝ 13 մեքենա, որից միայն 1 մեքենան Ստեփանակերտի կենտրոնական շտաբ, մյուսները տարբեր զորամասեր:
«Տասնօրյա ժամկետում կատարած աշխատանքը հաճելիորեն զարմացրեց: Ի սկզբանե չէինք կանխատեսել նման մասշտաբներ և կարծում էինք, որ 1 մեքենա հազիվ կարողանանք ուղարկել: Սակայն, ինչպես միշտ է եղել, թիկունքը միշտ էլ սատարել է ճակատում գտնվողին և որպեսզի հայ զինվորը զգար, որ իր թիկունքին հայ ժողովուրդն է, մենք էլ որոշեցինք մասնակիցը լինել այս նախաձեռնությանը: Այս ընթացքում հուզիչ շատ դեպքերի ենք հանդիպել, երբ նախաձեռնությանը միացել է զոհված ազատամարտիկի մայրը, ում թոռնիկն այսօր ծառայում է Արցախում, նախակրթարանի երեխաների աջակցությունը, բայց ամանեհուզիչը զինվորներից ստացած շնորհակալական զանգերն են, երբ բացելով արկղները այնտեղ գտել են Գյումրու մի քանի դպրոցների աշակերտների նամակները:
Արձագանքերը շատ են, տարբեր զորամասերից: Անչափ շնորհակալ ենք Շիրակի մարզի ազգաբնակչությանը, քանի որ սա մեկ հոգու աշխատանք չէ, այլ թիմային: Շնորհակալ ենք այն մեծ վստահության համար, որ ունեցանք: Հավանաբար Մայր Աթոռի կառուցը պետք է այս առաքելությամբ զբաղվեր և ժողովուրդը մեզ վստահեց՝ անգամ 1 տուփ ծխախոտը ծառայեց իր նպատակին: Կարևոր չէ՝ ով ինչքան ու ինչ աջակցությամբ, կարևորը այն միասնականության ոգին էր, որ ապշեցրեց: Պապիկ է եղել, որ 1 տուփ ծխախոտ է բերել, տատիկ է եղել, որ չի թողել նույնիսկ օգնենք, որ աստիճաները բարձրանա, եկել են փոքրիկ երեխաներ դրել են 1 տուփ թխվածքաբլիթ ու լաց լինելով գնացել: Գիտակցական մի ուրիշ մակարդակ էր որից միայն հիացմունք ենք ապրել՝ հասկանալով, որ մեր ուժի միասնության մեջ է»,-նշեց Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տան կողմից կազմակերպված նախաձեռնությանը վարակիչ թափով միացել են ոչ միայն Գյումրիում, այլ նաև մարզի շատ գյուղական համայնքներ:Հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, առաջին անհրաժեշտության դեղորայք՝ ամեն մարդ բերել է ինչ կարողացել է:
«Ողջ բեռը հասել է նպատակին, ինչի մասին վկայում են փաստաթղթերը, լուսանկարները, ինչպես նաև զինվորների արձագանքը: Մարդկանց հոսքը չի դադարում: Անգամ, երբ հայտարարեցինք նախաձեռնության դադարեցման մասին, մարդկանց հոսքը շարունակվում է, այս օրերին բերված սննդամթերքը որոշել ենք բաժանել զինվորականներ ունեցող վատ պայմաններում բնակվող ընտանիքներին: Արդեն 3 ընտանիքի մեծ քանակությամբ օգնություն ենք տարել, մնացածը նույն ձևով կբաշխվի»,-հավելեց Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը:
Ողջ աշխատանքերն համակարգվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության կողմից, Շիրակի թեմի հովանավորությամբ:
Արմենուհի Մխոյան