Բաժիններ՝

NASA Space Apps Challenge-ն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում

Արդեն 5-րդ անգամ ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիան (NASA) անցկացնում է միջազգային NASA Space Apps Challenge մրցույթը: Այս տարի առաջին անգամ մրցույթը կանցկացվի նաև Հայաստանում:

Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի կազմակերպիչը «X-Tech Creative Studios» ընկերությունն է՝ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ և ընկերության տնօրեն Արման Աթոյանի ղեկավարությամբ: Հայաստանի տեղական մրցույթը տեղի կունենա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի Աստղադիտարանի միջազգային համաժողովների կենտրոնում՝ Աստղադիտարանի ղեկավարության աջակցության շնորհիվ:

168.am-ի հետ զրույցում մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի կազմակերպիչ Արման Աթոյանը պատմեց, որ իրենց ընկերությունն արդեն 3 տարի մասնակցում է այս մրցույթին:

«Երբ առաջին անգամ 2013-ին մասնակցեցինք, մեզ համար լրիվ նոր ֆորմատ էր, շատ հետաքրքիր, քանի որ առօրյա աշխատանքում առիթ չես ունենա զբաղվելու NASA-ի խնդիրներով: Երբ առաջին տարին մասնակցեցինք, մեր նախագծի մասին գրեց The Verge-ը, որն աշխարհի ամենալուրջ IT լրատվականներից է: Մենք նախորդ 2 տարին փորձում էինք մրցույթը բերել Հայաստան, բայց չէր ստացվում»:

Կարդացեք նաև

12961339_241483519537515_7392808623548057706_o

Մրցույթը սովորաբար անցկացվում է 48 ժամ: Հայաստանում այն կտևի 24 ժամ՝ ապրիլի 22-23-ը:

Մրցույթի ընթացքում ողջ աշխարհից մասնակցող թիմերը մշակում և տեղական ու միջազգային ժյուրիի գնահատմանն են ներկայացնում իրենց
նորարարական լուծումներն ու առաջարկները, որոնց հիմքում ընկած են սկսնակների, ուսանողների, փորձագետների, ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների և վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարները:

Առանձնացված է 6 թեմա, որոնց շուրջ էլ ծավալվելու է մրցույթը: Դրանք են՝ տեխնոլոգիա, արեգակնային համակարգ, օդագնացություն, Երկիր մոլորակ, տիեզերական կայան և ճանապարհորդություն դեպի Մարս: Մրցույթին կարելի է մասնակցել ինչպես՝ անհատապես, այնպես էլ՝ թիմով: Կարևորագույն նպատակներից է՝ ստեղծել մի լուծում, որը կունենա կիրառական նշանակություն:

Թիմերը մրցելու են NASA-ի նորարարական բաց հարթակում միջազգային ճանաչում ձեռք բերելու համար: Ներկայացնելով իրենց լուծումները՝ նրանք կարող են ստանալ ոլորտի ճանաչված փորձագետների կարծիքներն ու արձագանքները:
Մրցույթի պայմանն է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով և հասանելի լինեն այլ մասնակիցների համար:

NASA Space Apps Challenge-ի հայաստանյան փուլի կազմակերպիչները շատ են կարևորում Հայաստանի մասնակցությունը 2 պատճառով: Առաջին հերթին՝ կա ցանկություն, որ Հայաստանը վերականգնի իր երբեմնի համբավն աստղագիտության և, առհասարակ, տիեզերական ասպարեզում լուծումներ ներկայացնելով: Ինչպես նաև՝ կազմակերպիչները ցանկանում են, որ ՏՏ համայնքը, և՝ ոչ միայն, սկսեն մտածել ավելի մեծ ու գլոբալ:

«Մենք ունենք լուրջ պոտենցիալ, և շատ լավ կլինի՝ մեզ ցույց տանք նաև այս դաշտում»,- եզրափակեց Արման Աթոյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս