«Այս ամեն ինչի մեղավորը մենք ենք, իմ սերնդի ներկայացուցիչները, հասարակությունը՝ իր հանցավոր անտարբերությամբ». զոհված Ադամ Սահակյանին հուղարկավորեցին
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր հուղարկավորեցին Արցախում զոհված զինծառայող Ադամ Սահակյանին: Զինվորական պանթեոնում քաղաքացիների հոսքը չէր դադարում. վերջին հրաժեշտն էին տալիս 1996թ. ծնված՝ կոչումով սերժանտին, ում ճանաչողները նրան նկարագրելիս ասում էին՝ լուսավոր մարդ:
Ադամ Սահակյանի մորեղբայրը՝ Սերգեյ Հակոբյանը, դեռ ապրիլի 8-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Ադամի լուսանկարը՝ նշելով, որ 7 օր է՝ նա անհայտ կորած է ընկերների հետ. «Չեմ դադարելու մի վայրկյան հավատալ, որ հետ ա գալու էս զինվորը իրա ընկերների հետ…Սրանց նման տղերքն անմահ են, հասկանո՞ւմ եք»:
Այսօր արդեն Ադամի մորեղբայրն ասում՝ է խոսքեր չի գտնում. «Պարզապես շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ազգականներիս՝ իմ վիշտը կիսելու համար»: Խոսելով Ադամի մասին՝ ասում է. «Քաղաքի կենտրոնում ծնված, մեծացած՝ երևանցի, ճիշտ դաստիարակված… Ինքն ուրիշ ձև չէր կարող լինել: Իր եղբայրներից, մեր երեխեքից ուղարկել ենք, ծառայել են, պատվով հետ են եկել»:
Վերջին անգամ Ադամի հետ հեռախոսով խոսել են ապրիլի 1-ին՝ երեկոյան: «Ես իրենց տանն էի: Ծնողներին վերջապես հաջողվեց կապվել, տառացիորեն երկու բառ փոխանակել: Ծնողական բոլոր խրատներին՝ զգույշ եղեք և այլն, ինքը շատ կարճ պատասխանեց, որ՝ մենք կանգնած ենք այստեղ, մեր գործն ենք անում, մեր ծառայությունն ենք անում,- ասում է նա ու շարունակում,- Պարզապես մի բան գիտեմ՝ այս ամեն ինչի մեղավորը մենք ենք: Մենք՝ իմ սերնդի ներկայացուցիչները, այս երկրի հասարակությունը՝ իր հանցավոր անտարբերությամբ: Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Այս երեխաները՝ հերոսները, որ այսպես հերթով հանձնվում են հողին, այսօրվա մեր հասարակության հանցավոր լռության պատճառն է՝ մեր արատավոր երևույթները, մեր չարիքը մեր միջից չհանելու, մեր իրականությունը չնկատելու մեջ: Մենք ենք մեղավոր, ուրիշ ոչ ոք, որովհետև այսօր Հայաստանում կա երկու իրականություն: Քաղաքում տեսնում ես՝ հարազատի վիշտը կիսողները որքան շատ են, նույնքան էլ անտարբերներն են: Իմ ցանկությունը միայն մեկն է, որ այս ազգը, վերջիվերջո, հասկանա, որ չկա հարևանի վիշտ, չկա մեկ ուրիշի վիշտ, վիշտը բոլորինս է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում