«Եթե մենք այս հակամարտությանը կրոնական բնույթ տանք, դա տարածաշրջանում նոր աղետի սկիզբ կարող է լինել»
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հենց սկզբից Թուրքիան անթաքույց ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերել և ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիան տարածաշրջանի միակ երկիրն է, որն ուղղակիորեն արդարացրել և արդարացնում է Ադրբեջանի բոլոր վայրագությունները, և դա անում է ամենաբարձր մակարդակով: Ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Անգամ բանն այնտեղ է հասել, որ Թուրքիան իր արտգործնախարարի շուրթերով փորձում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական բնույթ տալ: Սա անբարոյականություն է և անթույլատրելի է: Եթե մենք այս հակամարտությանը կրոնական բնույթ տանք, դա տարածաշրջանում նոր աղետի սկիզբ կարող է լինել: Այստեղ և՛ եվրոպական, և՛ ռուսական, և՛ ամերիկյան քաղաքակրթությունները պետք է ուշադիր լինեն, պետք է հստակ ճնշում գործադրեն»,- նշեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ի լուր աշխարհի մահմեդական պետություններին ԼՂ հակամարտության շուրջ համախմբան կոչ է արել: «Երբ Ալիևը նույնպես կրոնական գնահատականներ էր տալիս, բողոքում էր եվրոպացիներից և Մինսկի խմբից, թե նրանք պաշտպանում են հայերին, որովհետև հայերը քրիստոնյա են, իսկ իրենք մահմեդական են, այդ նույն եվրոպացիները և Մինսկի խումբն արհամարհում էին մեր կոչերը: Իսկ մենք ասում էինք, որ վտանգավոր է, որ Ադրբեջանն այս հակամարտությանը կրոնական երանգ է հաղորդում: Ես կարծում եմ, որ պետք է գիտակցել այդ հարցի ողջ լրջությունը»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովը զարմանքով նկատեց, որ Հայաստանում հայտնվել են գործիչներ և քաղաքագետներ, ովքեր ջանք չեն խնայում Թուրքիային արդարացնելու համար: «Հնչում են կարծիքներ, թե Թուրքիան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին իրադարձությունների հետ կապ չունի, թե Թուրքիան դա չէր ուզում: Այդ երբվանի՞ց Թուրքիան դարձավ հայ ժողովրդի բարեկամը: Մենք 100 տարի առաջ այդ սխալն արդեն թույլ տվել ենք: 100 տարի առաջ Հայաստանում կային քաղաքական գործիչներ, ովքեր նշում էին, թե թուրքն է Կովկասի պաշտպանը ռուսից: Եվ մենք տեսանք, որ դրանից հետո թուրքը ցեղասպանեց հայերին ու հասավ մինչև Ալեքսանդրապոլ: Մենք երկրորդ սխալն անելու իրավունքը չունենք: Ես հակաթուրք չեմ, բայց ցանկանում եմ բոլորին զգուշացնել, որ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել, և պետք չէ Թուրքիային որպես խաղաղասեր ներկայացնել հատկապես այն դեպքում, երբ այդ երկրի բարձրագույն ղեկավարությունն ամեն օր խոսում է Ադրբեջանին սատարելու մասին, արդարացնում է ադրբեջանական վայրագությունները: Էլ չեմ ասում այն, որ Չավուշօղլուն արդեն կրոնական երանգներ է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,- ընդգծեց Շարմազանովը:
Նրա կարծիքով՝ մահմեդական այն երկրները, որոնք մշտապես ունեցել են և շարունակում են բարեկամական ու հավասարակշռված հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, չեն տրվի թուրքական սադրանքին: «Սա կրոնական պատերազմ չէ, սա կրոնական հակամարտություն չէ: Հայ ժողովուրդն ավանդական շատ փայլուն հարաբերություններ է ունեցել և՛ արաբական աշխարհի հետ, և՛ Իրանի հետ, և՛ բազմաթիվ մահմեդական երկրների հետ: Սա բացառապես թուրքական, պանթուրքիստական գործոն է, և այդ թուրք-ադրբեջանական տանդեմը չպետք է նույնացնել մահմեդականության հետ»,- ասաց Շարմազանովը: