Բաժիններ՝

«Բոլորին պետք է «раскулачить» անենք». Ռուբեն Հախվերդյան

«Իմ կարծիքով՝ սա ևս մի ռուսական պլան էր, ռուսի համար Հայաստանը միշտ եղել է մի տեղ, որի մասին ասել են՝ «Армения без армян»»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղաադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի մասին՝ ասաց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Ռ. Հախվերդյանը նշեց, որ մի անգամ եղել է սահմանի առաջնագծում՝ Կոմանդոսի շտաբում, բայց ոչ` որպես մասնակից: Նա կարծում է, որ Հայաստանի կառավարության մատը նույնպես խառն է այն արյան մեջ, որ մեր երիտասարդները թափեցին այս օրերին: Ըստ նրա՝ դասը պետք է լինի այն, որ մեր կառավարությունը հրաժարական տա:

«Ի՞նչ է նշանակում՝ կառավարությունն ապրում է իրենց բիզնեսներով, Ռոբերտ Քոչարյանի մասին ասում են՝ միլիարդատեր է, Սերժ Սարգսյանի մասին բոլորս գիտենք, դրանց բոլորին պետք է «раскулачить» անենք, նրանք բոլորը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- հայտարարեց Ռ. Հախվերդյանը:

Նրա խոսքով՝ մեր «ոխերիմ բարեկամների» (նկատի ունի ռուսներին) համար լրիվ միևնույն էր՝ ինչ տեղի կունենա. «Հիմա իրենք պետք չեն, թող իրենք մտածեն իրենց ուկրաինական ֆրոնտի և այլնի մասին»:

Նա նաև հայտարարեց, որ մեր «օլիգարխներն իրենց փողերը պետք է ծախսեն տանկերի վրա, ոչ թե` եկեղեցիների. «Կաթողիկոսն առհասարակ կապ ունի՞ այս պետության հետ: Գոնե այդ եկեղեցիների փոխարեն` տանկեր առնեն, այդ առանձնատներն իրենց գլխին կպչի… Թե ինչ ձևով են կուտակել այդ փողերը, ժողովուրդը գիտի ու լռում է, իսկ ներքին թուրքի հետ ո՞վ է հերոսական պայքար մղելու: Ժողովուրդը ցույց տվեց, որ մենք կառավարություն չունենք, ոչինչ չունենք, բայց ժողովուրդն իր արյամբ պահեց մեր հողը, դասն այն պետք է լինի, որ այս կառավարությունը հրաժարական տա»:

Դիտարկմանը, թե առաջին և գործող նախագաhները հանդիպեցին և ժողովրդին համախմբվելու կոչ արեցին, Ռ. Հախվերդյանը պատասխանեց, որ նրանք համախմբված չեն, այս ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն:

Երգիչը կարծում է նաև, որ այս նոր սերունդը շատ ավելի զարգացած է, քան իրենց սերունդը:

Հարցին՝ հույսներս ինքներս մեզ վրա՞ պետք է միայն դնենք, Ռ. Հախվերդյանն այսպես պատասխանեց. «Երբ ես ինչ-որ կնոջ հետ եմ հանդիպում, հույսս միայն իմ վրա չեմ դնում, նա էլ պետք է ինձ որոշ իմաստով գրգռի. այդ թուրքերը գրգռեցին, մերոնք էլ հույսները դրեցին իրենց վրա, բայց նրանք էլ մեզ օգնեցին, որ հույսներս մեզ վրա դնենք, գրգռեցին և ստացան»:

Ռ. Հախվերդյանի խոսքով՝ ահռելի գումարներ են գողացվել մեր ժողովրդից՝ երեք կառավարությունների ժամանակ. «Ինչքա՜ն արյուն է թափվել օբյեկտներ իրարից խլելու համար: Դուք էլ գիտեք, որ սա անարդար պետություն է: Ես մի անգամ ասել եմ, որ, եթե «Ռանչպարների կանչը» չկարդայի, այդքան չէի սիրի իմ հայրենիքը: Առաջին նախագահը, կարծեմ, «Ռանչպարների կանչը» կարդացել էր, բայց լավ չէր հասկացել, վերջին երկուսն առհասարակ չեն կարդացել, իմ կարծիքով»:

Հարցին՝ մեր Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ինչպե՞ս եք գնահատում, Ռ. Հախվերդյանն այսպես արձագանքեց. «Նալբանդյանի ազգանունը մի տվեք, խնդրում եմ: Չգիտեմ ինչի՞՝ դրա անունը դրել են «սինյոր պոմիդոր»: Նա, կարծես, չեկիստի ընտանիքում է մեծացել, նվիրված ռուսաֆիլ պետք է լինի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս