«Դրա «հակաթույնը» տղաները չունեին, անտեղի զոհեր ունեցանք. սա է տխրեցնողը». Սուրիկ Խաչատրյան

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարցազրույցը «Սյունյաց» երկիր թերթին

 Ապրիլյան չորս օրերին Սյունիքի մարզի երկրապահներից և ժամկետային զինծառայողներից զոհեր եղան, անդառնալի կորուստներ, այդ ցավը նաև Ձեզ է պատել, մասնակցել եք նահատակների հուղարկավորություններին, փորձել սփոփել նրանց հարազատներին, ի՞նչ ունեք փոխանցելու մեր թերթի ընթերցողներին:

– Շատ ծանր էր այդ ամենը բոլորիս համար, բայց պատերազմն էլ իր չգրված օրենքներն ունի, պատերազմում անխուսափելի են զոհերը: Սյունիքից զոհեր շատ եղան: Սա է իրողությունը: Համոզված եմ, որ մարտական գործողությունների ժամանակ այդքան կորուստ չէինք տա, բայց հակառակորդն օգտագործեց անօդաչու թռչող սարքեր, ինչը նորություն էր հայ-ադրբեջանական հակամարտության ողջ ընթացքում:

Դրա «հակաթույնը» տղաները չունեին, անտեղի զոհեր ունեցանք. սա է տխրեցնողը: Կարող եմ ասել, որ զոհվածների հարազատները ևս այն գիտակցումն ունեն, որ այսօրվա պատերազմը տարբերվում է 1990-ականների պատերազմից. նկատի ունեմ Ադրբեջանի՝ նորագույն ռազմական տեխնիկայով զինված լինելը: Բոլոր առումներով նոր իրավիճակ էր ռազմադաշտում: Բայց, ինչպես երևում է այժմ, տղաները հարմարվել են այդ ամենին՝ և՛ սահմանների պահպանության, և՛ իրենց անձի անվտանգության հարցերն արդեն լուծված են:

– Տեղյակ ենք, որ Դուք մշտական կապի մեջ եք Սյունիքից սահման մեկնած կամավորական ջոկատների հրամանատարների հետ, խնդրում ենք ներկայացնել մեր ջոկատների վիճակը:

– Օրվա մեջ մի քանի անգամ կապ է լինում տղաների հետ, նրանց ոգին ու տրամադրությունը տեղն է, Սյունիքի կամավորները պաշտպանում են երկու թև՝ 6-րդ պաշտպանականի ընդհանուր հրամանատարն Աշոտ Մինասյանն է՝ փորձառու, մարտական ճանապարհ անցած հրամանատար, 7-րդ-ի հրամանատարը գնդապետ Մելիքսեթ Պողոսյանն է՝ առավել քան փորձառու մի զինվորական, ումից շատերը պիտի սովորեն ռազմական գործը: Այսօր նրանց ղեկավարությամբ պաշտպանական գործեր են արվում, ամրացվում խրամատները, դրանք մի օրվա համար չեն:

1990-ական թվականներին սյունեցի ազատամարտիկները հիմնականում հարավային թևում են եղել, ամեն քար ու թփի ծանոթ էին, սակայն քանի որ այսօր գտնվում են հյուսիսային թեւում, տղաներին մեկ-երկու օր էր անհրաժեշտ, որ իրավիճակին ծանոթանային ու ամբողջովին տիրապետեին, ինչն արդեն հետեւում է:

Այսօր ոչ մի խնդիր չի ծագում նրանց կողմից մարտական առաջադրանքները կատարելիս:
Նոր հերթափոխը պատրաստ է, բայց քանի որ այդ մասին ընդհանուր հրաման պիտի լինի, սպասում ենք դրան: Այսօր հեռաձայնել ենք, որ տղաների հագուստի հարցն էլ լուծվի, հրաման լինելու դեպքում հերթափոխի գործընթացը մի քանի ժամվա ընթացքում կլուծենք: Մեր բոլոր գործողությունները համաձայնեցնում ենք ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի հետ, ոչ մի խնդիր չունենք:

– Ապրիլի 3-ը միասնության, համախմբության օր էր, բոլորս ականատես եղանք համերաշխության մի յուրահատուկ դրսևորումի…

– Այդ օրվան դեռ շատ ենք անդրադառնալու, ադրբեջանցիների նախաձեռնած լայնածավալ հարձակումը եւ մեր ժողովրդի արձագանքը, համախմբումը, պատրաստակամությունը՝ կանգնել ժամկետային զինծառայողների կողքին, դեռ երկար են հիշվելու: Կուզեի մեր ժողովրդին երախտագիտություն հայտնել այդ ինքնաբուխ արձագանքի համար, չափազանց հուզիչ էր համախմբումը, չկային տարաձայնություններ, քաղաքական կուսակցությունները մի բռունցք էին դարձել: Արցախ-Հայաստան-Սփյուռք ավելի համախմբվեցին մի դրոշի ներքո:

Մեր հաջողության գրավականը հենց դրա մեջ էր: Եվ այդ ամենի համար խոնարհվում եմ բոլորի առջև՝ ծերունու, երիտասարդի, երեխայի, բոլոր, բոլորի: Շատերը գուցե չէին պատկերացնում, որ ազգովին կարող ենք նման ձևով համախմբվել: Կարծում էին՝ ոմանք կարող էին ինչ-ինչ առիթներով նեղացած լինել, բայց… Փառք ու պատիվ Արցախյան պատերազմում կռվածներին, ովքեր մի ձգտում ու նպատակ ունեին՝ հնարավորինս շուտ հասնել ռազմաճակատ: Բոլորն էլ քաղաքականությունից վեր կանգնեցին, խնդիրը միայն սահմանների պահպանությունն էր: Հավատացնում եմ՝ և՛ Ռուսաստանից, և՛ այլ գաղթօջախներից շատ տղաներ ինքնաթիռով հասան Հայաստան ու մեկնեցին ռազմաճակատ:

– Կամավորականների շարժումը մարզպետարանի կողմից նախաձեռնվա՞ծ երեւույթ էր, թե՞ ժողովրդի սրտաբուխ նախաձեռնության դրսևորում:

– Դա սրտաբուխ երևույթ էր, թեպետ ասենք, երբ ապրիլի լույս 2-ի գիշերն իմացանք հակառակորդի հարձակման մասին, կապ հաստատեցինք ՀՀ պաշտպանության նախարարի հետ, ով էլ հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում հրաման լինելու է, հետո նախարարն ասաց, որ իսկապես կամավորների կարիք կա, և ԵԿՄ տարածաշրջանային կառույցների ղեկավարներին անհապաղ փոխանցեցի, որ կազմ ու պատրաստ լինեն: Այսպես ասած՝ ժողովրդի սրտաբուխ շարժումը և կազմակերպչական պահն էլ մեկտեղվեցին:

– Եվ մի բան էլ նկատվեց. առաջնագիծ գնալը հայրենասիրական զգացմունքի դրսևորում էր, բայց ըստ էության պատերազմի բովով անցած տղաներն էին, որ առաջինը զենք վերցրին նորից:

– Այո, առաջինն Արցախյան պատերազմի հաղթանակը կռողներն էին՝ մերօրյա ազատամարտի մասնակիցները, որոնց ուսերին մեծ պարտավորվածություն կար վերստին կանգնելու սահմանին: Նրանք այն ժամանակ էլ են կամավոր եղել, առաջին դեպքում էլ որևիցե մեկի կողմից հրաման չի եղել, եւ այն ժամանակ այնպես չէր, որ որևէ մեկը հրաման տար: Հայրենասիրությունն անթեղված էր մեր ժողովրդի մեջ, բավական էր մի կայծ, որ նորից այն բռնկվի:

– Այս վերջին երկու-երեք օրը հատկապես Կարմիր խաչի օժանդակությամբ զոհվածների, անհետ կորածների մարմինների փոխանակման, զոհվածների ճանաչման գործընթաց է տեղի ունենում: Ի՞նչ կասեք այդ առումով:

– Նախ՝ տեղեկացնեմ, որ Կարմիր խաչին, որպես միջնորդ կազմակերպություն, ադրբեջանցիները չեն ընդունում: Հրադադարն Ադրբեջանի նախաձեռնությունն էր, որովհետև մեկ օր շարունակ Ադրբեջանի իշխանությունը խնդրում էր, որ կրակը դադարեցվի՝ ելնելով իրավիճակից և տեսնելով իրենց կողմից զոհերի քանակը, կռվողների շարքերում տիրող խուճապը: Զոհվածների դիերը ռազմադաշտից հանելը և փոխանականությունն իրենց նախաձեռնությունն էր:

– Իսկ զոհվածների մեջ Սյունիքից կա՞ն, թե՞ ոչ:

– Այս պահի դրությամբ եթե լիներ, ես կիմանայի, բայց նման տեղեկություն չունեմ, մոտ ժամերս ավելի հստակ կլինի՝ կա՞ն, թե՞ չկան:

– Կուզեինք իմանալ վիրավորների վիճակի մասին, քանզի այդպիսիք հաստատ ունենք:

– Ունենք երկու ծանր վիրավոր, մեկը՝ Կապանից՝ երիտասարդ երկրապահներից, մյուսը Սիսիանի Սպանդարյան գյուղից է՝ Վարազդատը: Կապանցին խրամատում է վիրավորվել, ականանետից, վիճակը կայուն է, բայց ծանր: Վարազդատը վիրավորվել է անօդաչու սարքի հարվածից, երկու անգամ վիրահատել են, յոթ օր անցել է վիրահատելուց հետո, ինչը հույս է ներշնչում, որ դրական տեղաշարժ կլինի:

– Մի սրտաբուխ նախաձեռնություն էլ մարզում այն էր, որ մարդիկ հերթ էին կանգնում արյուն հանձնելու համար:

– Ասեմ, որ ամենուր՝ հանրապետության արյան հանձման կայաններում, հերթեր էին գոյացել: Մարդիկ մտածում էին, որ եթե չեն կարողանում առաջնագիծ գնալ, գոնե այդպիսով օգտակար լինել կռվող տղաներին: Արժանին պիտի մատուցել բոլորին, ովքեր զենքը վերցրին և մեկնեցին ռազմաճակատ, ովքեր արյուն հանձնեցին, ովքեր օգնություն ցուցաբերեցին…

Կրկնում եմ՝ համերաշխության մի աննախադեպ մթնոլորտ էր ստեղծվել. չկար իշխանություն-ընդդիմություն հակադրությունը, նեղացած, չարացած մարդ չկար, բոլորը-բոլորը մի դրոշի տակ էին: Տեսանք նաև սփյուռքի մեր հայրենակիցների համախմբումը, թե ինչ հանրահավաքներով էին դատապարտում Ադրբեջանի ագրեսիան, որոշները եկան մայր հայրենիք և մեկնեցին Արցախ: Արցախի հյուրանոցներում, ինքս եմ ականատես եղել, տեղ չկար: Կռվել ցանկացողներից ոմանք մնացին ռեզերվում: Այդպիսի իրավիճակ էր…

– Այժմ, երբ հարաբերական անդորր է տիրում, մամուլում փորձում են ամփոփումներ անել, բացթողումներ նշել դիվանագիտական, ռազմաքաղաքական ոլորտներում եւ այլն: Ի՞նչ եք կարծում, ամփոփելու, դասեր քաղելու խնդիր ունե՞նք այսօր, թե՞ այդ ամենը թողնենք հետագա օրերին:

– Կարծում եմ՝ դրա ժամանակն էլ կգա: Այս համատեքստում ուզում եմ նշել, որ հանրապետության նախագահը դիվանագիտական դաշտում ճշգրիտ քայլեր ձեռնարկեց: Եվ համաշխարհային հանրությանը հասու եղավ Ադրբեջանի ագրեսիան: Կային պետություններ, իհարկե, որ կատարվածի առիթով երկակի չափանիշներ էին կիրառում, բայց կային նաեւ այնպիսիք, որ դատապարտում էին Ադրբեջանի նախահարձակումն ու կանգնում Արցախի կողքին:

– Այս ամենով հանդերձ ի՞նչ կուզենայիք փոխանցել Սյունիքի բնակչությանը:

– Ես ընդամենն ուզում եմ բոլոր սյունեցիներին շնորհակալություն հայտնել, խոնարհվում եմ բոլորի առջեւ, որովհետեւ սյունեցիները մեկ անգամ ևս իրենց դրսևորեցին որպես հայրենապաշտ, նվիրյալ ժողովուրդ, և եթե վաղը, «Աստված մի արասցե», թշնամին նորից մեզ պատերազմի մեջ ներքաշի, համոզված եմ, կտուժի, քանզի մեր ժողովուրդն առավել քան պատրաստ է, իսկ զինվորները՝ մարտականորեն տրամադրված:

Տեսանյութեր

Լրահոս