«Հայաստանի մեկուսացված աշխարհաքաղաքական դիրքն իր հերթին՝ խոչընդոտներ է ստեղծում հատկապես արտերկրյա ներդրումների համար». դեսպան
Այսօր տեղի է ունեցել Հայաստանում Գերմանական տնտեսական միավորման (ԳԴՄ) հիմնադրումը: Այս կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն ասաց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ ացելել է Գերմանիա, և, չնայած ղարաբաղյան հակամարտության առկա ճգնաժամին՝ այցի շրջանակում կարևոր անդրադարձ է կատարվել տնտեսական համագործակցության զարգացմանը: Դեսպանի խոսքով՝ Եվրամիության անդամների շրջանակում Գերմանիան խոշորագույնն է՝ որպես Հայաստանի առևտրատնտեսական գործընկեր. «Եվրամիությունը շարունակում է մնալ Հայաստանի առևտրատնտեսական կարևորագույն գործընկերը: Ինչ վերաբերում է Հայաստան-Գերմանիա երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, ապա ուրախալիորեն պետք է արձանագրել, որ անցյալ տարի տեղի է ունեցել առևտրաշրջանառության աճ երկու երկրների միջև: Բայց կարծում եմ, որ սպառված չէ այն ներուժը, որ գոյություն ունի թե՛ առևտրի, թե՛ ներդրումային ոլորտում՝ մեր երկու երկրների հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ»:
Դեսպանն ասաց, որ գերմանական տնտեսության ողնուղեղը կազմում են փոքր և միջին ձեռնարկությունները՝ կարծիք հայտնելով, որ տնտեսական այս հաջող մոդելը կարելի է կիրարկել նաև Հայաստանում: «Սակայն պետք է նշեմ, որ Հայաստանի մեկուսացված աշխարհաքաղաքական դիրքն իր հերթին՝ խոչընդոտներ է ստեղծում հատկապես արտերկրյա ներդրումների համար: Ուստի ցանկալի կլիներ, որ Հայաստանը լավ, նորմալ հարաբերություններ ունենար իր բոլոր հարևանների հետ: Ռազմական վերջին գործողությունները հանգեցրին այն իրավիճակին, որ Գերմանիայի հանրության, հասարակության շրջանում, ինչպես նաև՝ տնտեսական շրջանակներում, տարածաշրջանը սկսեց դիտվել կամ ընկալվել, ընդգծում եմ՝ ընկալվել՝ որպես ոչ կայուն տարածաշրջան: Ուստի հատկապես նաև հենց այս առումով է կարևոր, որ պահպանվի զինադադարը, և, որ հակամարտությունը գտնի քաղաքական լուծում»,- ասաց դեսպանը՝ կարևորելով Հայաստանում գերմանական տնտեսական միավորման հիմնավորումը:
Նրա խոսքով՝ առաջին հերթին՝ Գերմանիան դրանով ցույց է տալիս, որ Հայաստանը կարևոր տնտեսական գործընկեր է: Միավորումը ներկայացված էր Երևանում, սակայն մինչ օրս գործում էր Թբիլիսիի ԳՏՄ ենթակայությամբ, իսկ լիարժեք հիմնադրմամբ ցանկանում են կարևորել Հայաստանը՝ որպես Գերմանիայի համար առևտրային և տնտեսական գործընկեր:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ ԳԴՀ-ի հետ հարաբերությունները մեր երկրի արտաքին տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից են, պատահական չէ, որ այսօր Եվրամիության երկրների շրջանում Հայաստանի և Գերմանիայի առևտրաշրջանառությունն առաջին տեղում է: Նա նշեց, որ հարաբերություններն ունեն զարգացման, ընդլայնման հնարավորություններ: Անդրադառնալով հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ դեսպանի հայտարարությանը՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ, անշուշտ, դա սկզբունք է. «Սակայն, ցավոք, հարևաններին մենք չէ, որ ընտրում ենք: Հարևանները կան, իսկ նրանք, ովքեր թշնամի են համարում Հայաստանին, դժվար է այդպիսի հարևանի հետ լավ հարաբերություն ունենալ: Հարկավոր է զարգացնել տնտեսությունը, ուժեղացնել տնտեսությունը, որպեսզի այդպիսի հարևանն իր ագրեսիվ մղումներով քայլ, ոտնձգություն չկատարի Հայաստանի նկատմամբ»: