«Մի քանի օր առաջ անօդաչու սարք էր հայտնվել զորամասի վերևում, մինչև մենք գործի անցնենք, Մելսիդան վերցրել էր զենքը և մի քանի րոպեներ անց ոչնչացրել սարքը»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի զորամաս հասնելուն պես սուրճի հրավեր ենք ստանում: «Բանակի սուրճն ուրիշ է, այդ սուրճից ուրիշ տեղ չեք կարող փորձել»,- շտապում են շեշտել զինվորականները: Հյուրասիրության հրավերն ընդունում ենք:

Զորամասի «գրադարան-շտաբի» փոքր սենյակում տեղավորվում ենք կողք կողքի: Զորամասի ֆինանսական ծառայության պետ, գրադարանավար եւ միաժամանակ բուժքույր Մելսիդա Հարությունյանը շտապում է սուրճ դնել եւ պատմում քառօրյա պատերազմի առաջին օրվա կատարվածի մասին:

«Ապրիլի 2-ի գիշերն արթնացանք կրակոցներից: Խուճապի չմատնվելով` կանանց եւ երեխաներին տարհանեցինք Ստեփանակերտ: Շատերի բարեկամներն էլ Երեւանում էին, այդ պատճառով Հայաստանից տաքսիներ պատվիրեցինք, մեր վարորդները բնակիչներին հասցրին Շուշի, որտեղ նրանց արդեն սպասում էին  պատվիրված մեքենաները,- պատմում է Մելսիդան: – Ամբողջ գիշեր ռմբակոծությունները չէին դադարում: Առավոտյան վերջին բնակիչներին տարհանելուց հետո` ամուսնուս հետ  շտապեցինք զորամաս: Մեքենա չկար. այդ պատճառով Մարտակերտից մինչեւ Մատաղիս ահագին տարածություն անցել ենք ոտքով, մինչեւ մեքենայի հայտնվելը»:

Արդեն մի շաբաթից ավելի է, ինչ Մելսիդայի անկողնուն փոխարինել է աթոռը, իսկ գլխատեղը սեղանն է: Չի բողոքում: Միակ խնդրանքը փոքր համարի զինվորական կոշիկներն են. «40 համարից փոքր կոշիկ չկա: Նույնիսկ մի քանի գուլպաներով հանգնելուց` մեծ են: Քայլելը դժվար է այս կոշիկներով, էլ չեմ խոսում վազելու մասին»,- ասում է նա:

Մելսիդան 91 թվականից մասնակցել է Արցախյան պատերազմին: Նա եւ հետախուզության է գնացել, եւ մասնակցել մարտերին, եւ օգնել վիրավորներին: Նա մասնակցել է Շոշի, Շուշիի, Լաչինի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրման մարտերին, 1,5 տարի կռվել Շահումյանում`ադրբեջանցիների թիկունքում: Պատերազմի ժամանակ Մելսիդան 2 անգամ ծանր վիրավորվել է, 3 անգամ կոնտուզիա ստացել: Նրա ճակատին փամփուշտից մնացած սպի կա: Նրա մարմնից 24 բեկոր են հանել, որից 4-ը Մելսիդան ինքն է հանել «Եղնիկներում»: Երեք բեկոր էլ դեռ մնում է ազատամարտիկիկ կնոջ մարմնում:

Melsid (1)

Պայմանագրային զինծառայող Նորայրի ձեռքերն ականից վնասվել են, մի քանի օրով ուղարկել են զորամաս ապաքինվելու: Տեղը տեղ չի տալիս, ուզում է շուտ գնալ ընկերների մոտ: Դեպքի մանրամասնությունները չի պատմում, տեսախցիկը տեսնելուն պես՝ շրջվում է, ընկերներն ասում են, որ նկարվել չի սիրում:

«Մի քանի օր առաջ անօդաչու սարք էր հայտնվել զորամասի վերեւում, մինչեւ մենք գործի անցնենք, Մելսիդան վերցրել էր զենքը եւ մի քանի րոպեներ անց ոչնչացրել սարքը»,- պատմում է Նորայրը:

Melsid (5)

«Հրամանատարին խնդրեցի, որ թույլ տա դիրքեր բարձրանամ, չեմ կարող այստեղ հանգիստ նստել: Համ էլ տղաներին ոգեւորելու եւ թիկունք կանգնելու խնդիր կա: Սակայն չթույլատրեց: Հաջորդ օրը նորից մոտեցա, այս անգամ ասաց` համբերիր,- խռովված, բայց հրամանն օրենք համարելով շարունակում է Մելսիդան,- ախր կիսատ մնացած գործը պիտի ավարտենք եւ մեզ պատկանող հողերն ազատագրենք: Այն ժամանակ չպետք է ընդունեինք խաղաղության դաշինք, մենք պետք է առաջ գնայինք, որ այսօր նման խնդիր չունենայինք եւ մեր տղաները չզոհվեին առաջնագծում…»:

Մելսիդայի ամուսինը, ինչպես Մելսիդան է ասում, առաջին իսկ օրվանից իր հետ է: Նա Մարտակերտի ՀԷԿ-ի հսկիչն է, միաժամանակ ամեն ինչով օգնում է զորամասում:

Ամուսինը  հպարտությամբ պատմում է, որ կինն Արցախյան պատերազմի ժամանակ ոչնչացրել էր տասնյակ ադրբեջանցիների:

Մելսիդա Հարությունյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» եւ «Շուշիի ազատագրման համար» մեդալներով, «Մարտական խաչի» շքանշանակակիր է: Ստացել է կապիտանի կոչում:

Ամուսինները երեխաներ չունեն, բայց ճակատում կռվող բոլոր տղաներին իրենց զավակներն են համարում:

«25 տարի է` ապրում եմ Արցախում, եւ 25 տարի բանակ գնացող-եկողներն իմ որդիներն են: Այստեղ իմը, քոնը չկա: Աստված ինձ այս ամբողջ բանակ երեխաներին է տվել, ու ես երջանիկ եմ դրանով»,- ասում է կին կապիտանը:

Սուրճը եռաց: Մելսիդան մատուցում է մեզ, հյուրասիրում նաեւ կոնֆետներով եւ քաղցրաբլիթով:

Melsid (2) Melsid (3)

«Նույն այս քաղցրաբլիթներն ու կոնֆետներն ուտում են նաեւ մեր սահմանը պահող զինվորները: Աստված թող խնայի նրանց, դեռ շատ գործ ունենք… Խմեք սուրճը, իսկ հաջորդ անգամ սուրճ կհյուրասիրեմ Բաքվում…»,- ասում է նա:

Լուսինե Թեւոսյան
aparaj.am

Տեսանյութեր

Լրահոս