Համագումարը կոչ է անում Սպիտակ տանը՝ կասեցնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնություն տրամադրումը

Երեկ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ֆրենք Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և Ռոբերտ Դոլդը (Հանրապետական, Իլինոյս) նամակներ են հղել նախագահ Օբամային և Ներկայացուցիչների պալատի Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովին՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական վերջին հարձակումները և կոչ անելով կասեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը:

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) վճռականորեն աջակցում է Հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությանը և կոչ է անում Միացյալ Նահանգներին ավելի խիստ դիրքորոշում ցուցաբերել ընդդեմ Ադրբեջանի և դեպի խաղաղ բանակցություններ:

«Մենք պահանջում ենք, որ դատապարտեք Ադրբեջանի ագրեսիան, դադարեցնեք Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը, հրատապ օգնություն տրամադրեք Լեռնային Ղարաբաղին և Պետդեպարտամենտի փաստահավաք պատվիրակություն ուղարկեք՝ գնահատելու թե° Ադրբեջանի ագրեսիայի պատճառած ավերածությունները, թե° Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության մարդասիրական օգնության ու վերականգնողական կարիքների չափերը¦, – ասված է կոնգրեսականներ Փալոնի և Դոլդի համատեղ նամակում:

Դիմելով Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրեյնջերին (Հանրապետական, Տեխաս) և բարձրաստիճան անդամ Նիթա Լոուեյին (Դեմոկրատ, Նյու Յորք)՝ Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները դեմ են արտահայտվել ամերիկացի հարկ վճարողների դոլարներով Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնություն տրամադրմանը: «Մենք կոչ ենք անում կասեցնել ռազմական օգնությունը, մինչև վերջինիս կառավարությունը դադարեցնի միջսահմանային հարձակումները, վերջ տա պատերազմի վերսկսման իր սպառնալիքներին և համաձայնի տարածաշրջանային հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորմանը», – նշված է նամակում:

«Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու փոխարեն պետք է պետության վրա ճնշում գործադրենք՝ նրա ոչ ժողովրդավարական քաղաքականությանը վերջ տալու համար»,- առաջարկել են համանախագահները:

Հայկական հարցերով հանձնախմբի նամակն արձագանքում է ապրիլի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին հղված Ամերիկայի հայկական համագումարի նամակին: Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը կոչ էին արել ԱՄՆ-ին վերականգնել Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի լիակատար կիրարկումը:

«ԱՄՆ-ի կողմից որևէ օժանդակություն չի կարող տրամադրվել Ադրբեջանին, եթե և մինչև վերջինս չդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ և չհամաձայնի խնդրի խաղաղ և արդարացի ճանապարհով կարգավորման հետ: Նվազագույնը սա չկատարելու դեպքում հետագա սրման և լայնածավալ պատերազմի վտանգ է առաջանում»,- Համագումարի նամակում նշել էին համանախագահներ Բարսամյանը և Գրիգորյանը:

Այս շաբաթ նաև մի շարք կոնգրեսականներ են հայտարարություններով հանդես եկել՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմական հարձակումները, որոնց հետևանքով ավելի քան 50 զոհ եղավ, այդ թվում՝ 12-ամյա հայ տղա և տարեց հայ զույգ, ովքեր մահապատժի էին ենթարկվել: Ապրիլի 7-ի դրությամբ ղարաբաղյան վերջին հարձակումների կապակցությամբ տասնմեկ կոնգրեսականներ իրենց մտահոգությունն են հայտնել և հանդես եկել հայտարարություններով, այդ թվում՝ Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդը (Հանրապետական, Իլինոյս), Ֆրենք Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և կոնգրեսականներ Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Դեյվիդ Սիսիլինին (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Գրեյս Նապոլիտանոն (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Դևին Նունիեսը (Հանրապետական, Կալիֆորնիա), Լինդա Սանչեզը (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆորնիա) և Դեյվիդ Վալադաոն (Հանրապետական, Կալիֆորնիա): Այս դեպքերի կապակցությամբ Սենատոր Մարկ Քըրքը (Հանրապետական, Իլինոյս) ևս հանդես է եկել հայտարարությամբ:

Կոնգրեսական Շերմանն առաջարկել է «կասեցնել Ադրբեջանին տրվող ԱՄՆ օժանդակությունը, մինչև վերջինս դադարեցնի իր ագրեսիան, հրաժարվի բռնությունից և հանձն առնի խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը»:

«Կշարունակեմ աշխատել իմ գործընկերների հետ՝ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնություն տրամադրելով և պահանջելով Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրման կասեցումը, մինչև նրա կառավարությունը համաձայնի լիովին դադարեցնել միջսահմանային հարձակումները»,- հայտարարել է կոնգրեսական Նապոլիտանոն:

Միջուկային անվտանգության գագաթնաժողովից առաջ կոնգրեսականները խրախուսել էին ԱՄՆ-ին օգտվելով առիթից հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:

«2016 թ. մարտին միացա իմ մի քանի տասնյակ դեմոկրատ ​​և հանրապետական ​​գործընկերներին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և նրա վարչակազմին անցյալ շաբաթ Վաշինգտոնում կայացած Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին ընդառաջ աշխատել երկու կողմերի հետ՝ առկա իրավիճակի [ագրեսիայի] ապածավալման նպատակով», – հավելել է կոնգրեսական Նապոլիտանոն:

Կոնգրեսական Շերմանը նշել է, որ նախապես ԱՄՆ-ին կոչ է արել օգտագործել գագաթաժողովի ընձեռած հնարավորությունն՝ աջակցելու Արցախում խաղաղ բանակցային գործընթացին: Խաղաղության փոխարեն «պարզվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր հարձակումներ է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի դեմ», – ավելացրել է նա:

Երկու նամակներում, ինչպես նաև բազմաթիվ կոնգրեսականների կողմից արված հայտարարություններում նշվում է, որ Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունները գրեթե անմիջապես հաջորդեցին փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումներին:

«Չնայած անցյալ շաբաթ Վաշինգտոնում պետքարտուղար Քերրիի և փոխնախագահ Բայդենի հետ հանդիպումներին մասնակցելուն՝ չի երևում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, և ես կասկածում եմ խնդրի կարգավորմանը հասնելու նրա փորձերի անկեղծությանը», – ասել է կոնգրեսական Կոստան:

Կոնգրեսական Շիֆն իր հայտարարության մեջ նշել է, որ հարձակումները տեղի են ունեցել Ադրբեջանի նախագահի վաշինգտոնյան հանդիպումներից վերադառնալուց ընդամենը ժամեր անց: Ադամ Շիֆը կոչ է արել Օբամայի վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբին §պատասխանատվության ենթարկել ադրբեջանական կողմին և շարունակել աշխատել խաղաղությանը նպաստող առաջարկների իրականացման ուղղությամբ»:

Ապրիլի 6-ին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները հայտարարեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին և Ամերիկայի հայկական համագումարը հույս ունի, որ զինադադարը տևական կլինի:

Մարտի 25-ին Համագումարը վկայություն է ներկայացրել Ներկայացուցիչների պալատի Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովին, որտեղ նա համառոտ շարադրել է ամերիկահայ համայնքի ինը հիմնական ռազմավարական առաջնահերթությունները 2017 թվականի ֆինանսական տարվա բյուջեի համար: Այդ առաջնահերթությունների թվին էին պատկանում Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի լիակատար կիրարկումը, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացումը և ոչ պակաս, քան 5 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացում Լեռնային Ղարաբաղին, մասնավորապես տիկին Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է:

 

Տեսանյութեր

Լրահոս