Իսկ ո՞վ է այդ Մեդվեդևը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Երևան և Բաքու, թերևս, ավելի շատ հարցականներ առաջացրեց, քան պատասխաններ տվեց, և այդ հարցականներն արդեն կարելի է դնել յուրաքանչյուր բառի վրա:

168.am-ը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանին խնդրեց ամփոփել Մեդվեդևի այցը:

«Իսկ դա ո՞վ է»,- հարցին հարցով պատասխանեց պատգամավորը:

Ըստ նրա` այն, ինչ Մեդվեդևը տեսավ Հայաստանում և դրանից հետո գնաց և Բաքվում հայտարարեց, որ գոյություն ունի դարավոր բարեկամություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, երբ Ադրբեջանի գոյությունը մեկ դար էլ չկա, դրանից հետո ի՞նչ կարելի է ամփոփել. «Փաստորեն` եկավ, լսեց, որևէ դասեր չքաղած` մեկնեց»:

Կարդացեք նաև

Թ. Պողոսյանը նշեց, որ ՀՀ-ն լուրջ խնդիրների մասին է բարձրաձայնում, իսկ Մեդվեդևը եկավ ու ասաց, թե մի 5 կոպեկով գազի գինն է էժանացնում, բայց զենքը շարունակելու է վաճառել Բաքվին: Ըստ պատգամավորի` դատապարտելի է, որ Երևանում Մեդվեդևն առնվազն մտահոգություն չհայտնեց, որ ԵՏՄ վարչապետների նիստը Հայաստանում տեղի չի ունենալու. «Ինձ թվում է, որ այդ այցը եղել է միայն սիրունության համար, քանի որ ժամանակին պլանավորված է եղել: Միգուցե կան ինչ-որ ներքին պայմանավորվածություններ, բայց երբ նայում ենք բաց հայտարարությունները, տեղեկությունները, որևէ մի դրական գաղափար չկա: Առավել ևս, ինձ թվում էր, որ ռազմավարական դաշնակցի մոտ գալն այցելություն է հենց դաշնակցին, և դա չպետք է վերածվի տարածաշրջանային ինչ-որ բաների»:

Թ.Պողոսյանը դատապարտեց, որ Երևանում և Բաքվում ՌԴ վարչապետն իրարամերժ կամ անհասկանալի գաղափարներ է ներկայացնում, նույն ձևով հավասարեցնում է Հայոց ցեղասպանության զոհերին այցելելն ու Շեհիդի ծառուղի այցելելը, քանի որ այդ ծառուղում են գտնվում Բաքվի ջարդերի ժամանակ հենց ռուս զինվորներին սպանողների գերեզմանները, նաև նրանց գերեզմանները, ում Ռուսաստանը զենք է վաճառել, որ իր ռազմավարական դաշնակցին սպանեն:

Թ.Պողոսյանը նշեց, որ առնվազն իր համար այդ այցը ևս մեկ քայլով նպաստեց, որ Հայաստանում դեպի Ռուսաստանը վստահությունը նվազի. «Եթե ընդհանրապես բարձր պաշտոնյաների այցերը պետք է միտված լինեն հարաբերությունների բարելավմանը, վստահություն բարձրացնելուն իրենց երկրի նկատմամբ, ապա Մեդվեդևի այցի հետևանքով Հայաստանի վստահությունը ՌԴ-ի հանդեպ ավելի նվազել է, քան բարձրացել»:

Տեսանյութեր

Լրահոս