Բաժիններ՝

Հայտնի է էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով առաջին նիստի օրը

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով նշանակվել է առաջին դատական նիստի օրը: Ապրիլի 8-ին՝ այսօր, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի այս գործով դատավարությունը: Քրեական գործը քննելու է դատավոր Վարդան Աբրահամյանը:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Մուշեղ Մխիթարյանին: Անի Մաջնունյանի դին հայտնաբերվել էր 2015թ. օգոստոսի 5-ին` իր բնակարանի ննջասենյակում՝ սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ նախնական քննության տվյալներով՝ դիակի հայտնաբերման նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Անի Մաջնունյանին է այցելել վերջինիս ծանոթ Մ. Մխիթարյանը։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ տանն առկա գումարը հափշտակելու դիտավորությամբ՝ տղամարդը բնակարանի ննջասենյակում հարձակվել է Անի Մաջնունյանի վրա և դանակով, բութ առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա  մարմնի տարբեր մասերին։ Տուժողի գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին և ձախ ստորին վերջույթների շրջաններում հայտնաբերվել է ծակած-կտրած և կտրած, թափանցող և չթափանցող 59 վնասվածք, որոնք էլ իրենց համակցության մեջ առաջացրել  են հեմոռագիկ շոկ, որն էլ հանգեցրել է Ա.Մաջնունյանի մահվանը։

Ըստ քննության տվյալների՝ բնակարանում փնտրելով ու չկարողանալով գտնել Ա.Մաջնունյանի  կուտակած գումարը՝ Մ.Մխիթարյանը հափշտակել է տարբեր զարդեր, տուժողի բջջային հեռախոսները, փակել դուռը և հեռացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս