Միջազգային հանրությունը չի ցուցաբերում հարկ եղած հաստատակամությունը և շատ մեղմ դիվանագիտական լեզու է օգտագործում. ԼՂՀ արտգործնախարար
Ցավոք, մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը չի ցուցաբերում հարկ եղած հաստատակամությունը և շատ մեղմ դիվանագիտական լեզու է օգտագործում: Արտաքին աշխարհի համար կանոն է հակամարտության կողմերին չնեղացնելն ու բոլորի հետ միատեսակ աշխատելը, սակայն Ադրբեջանի ղեկավարությունը դա ընկալում է որպես քարտ-բլանշ՝ շարունակելու նման քաղաքականությունը:
Ահա Ալիևը գալիս է Վաշինգտոն և հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, հայտարարում է խաղաղությանն իր հավատարմության մասին, բայց, միաժամանակ, ռազմական գործողություններ սկսելու թույլտվություն է տալիս: Իսկ նրան, ի պատասխան, գովում են, որ հավատարիմ է խաղաղությանը: Այս մասին Meduza-ի թղթակից Իլյա Ազարին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
Կարեն Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանը հետևողականորեն մերժում է ինչպես Ղարաբաղի և Հայաստանի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծում կայունության ամրապնդման առաջարկները, օրինակ՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառությունը, ինչը թույլ կտար նվազեցնել մահացությունների թիվը:
Ադրբեջանը նպատակաուղղված ու շատ համառորեն իր երկրում ստեղծում է «թշնամու պաշտամունք», որը ոչ միայն Ղարաբաղի հանդեպ է տարածվում, այլև անգամ Սիբիրի կամ Ռուսաստանի կենտրոնում ապրող հայերի: Նրանք արդեն ծնվելու փաստով են համարվում ադրբեջանցի ժողովրդի թշնամի: Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով անգամ խոստացել են դրոշ բարձրացնել Երևանում: Բոլորին վերջնականապես և միանշանակ հստակ է, թե ով է վերջին դեպքերի մեղավորը:
Լրագրողի հարցին, թե Լեռնային Ղարաբաղի խնդրին ի՞նչ դիվանագիտական լուծում կա, Միրզոյանը պատասխանել է, որ «Ղարաբաղը պատկանում է Ղարաբաղի հայերին, որոնք 1991 թվականին ինքնորոշվել են: «Ի դեպ, այս տարի մենք հատկապես մեծ հանդիսավորությամբ ենք նշելու հանրապետության 25-ամյակը: Ղարաբաղի ճակատագիրը նրա ժողովրդի ձեռքում է, որն անկախ պետության ուղին ընտրեց, և մենք չենք պատրաստվում շեղվել այդ ուղուց:
Կարծում եմ՝ Ադրբեջանը կհամակերպվի, եթե միջազգային հանրության կողմից հստակ և ճիշտ դիրքորոշում լինի այն մասին, որ անհնար է վերադառնալ անցյալ, և այն մասին, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը գերակայում է տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ: Դա մեզ դիվանագիտական աշխատանքի լայն դաշտ կտա, որպեսզի մենք՝ որպես Խորհրդային Միության փլուզումից հետո տարածաշրջանում առաջացած երկու անկախ պետություններ, պարզ մեխանիզմ մշակենք միմյանց հարևանությամբ ապրելու համար: Մենք պատրաստ ենք դրան»,- հայտարարել է ԱԳ նախարարը:
ԼՂՀ արտգործնախարարի խոսքով՝ արտաքին թշնամու կերպարը օգտագործելը ներքին իշխանության ամրապնդման նպատակով, բնորոշ է բոլոր բռնապետերին ու ամբողջատիրական պետությունների ղեկավարներին:
«Մեր բանակը ոգով ուժեղ է: Ոգին այն է, ինչ ունեն ղարաբաղցիները: Մեզանում նախորդ սրացումների ժամանակ էլ մարդիկ, որոնք կռվել են առաջին պատերազմի ժամանակ, ծեծում էին զինկոմիսարիատների դռները ռազմաճակատ գնալու համար: Իսկապես, Ղարաբաղում յուրաքանչյուր քաղաքացի իրեն պատասխանատու է համարում հայրենիքի համար»,- ասում է նա: