Հակամարտությունը շարունակելու դեպքում Ադրբեջանը կվերահաստատի սեփական պարտությունը. Ալեքսանդր Մարկարով

Թալիշ գյուղում տեղի ունեցած արյունահեղ դեպքերի առիթով կարելի է դիմել դատական կամ միջազգային որևէ ատյան: Դեպքը կարելի է որակել թե որպես ցեղասպանական հատկանիշներով գործողություններ, թե որպես ռազմական հանցագործություն:

«Պետք է ռազմական ոստիկանությունը գործ հարուցի քրեական դատարանում: Խաղաղ բնակչության դեմ առանձնահատուկ դաժանություն ցուցաբերած մարդիկ ունեն ռազմական համազգեստ, բայց նրանց զինվորներ անվանել անհնար է»,­- «Արմենպրես»-­ի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Նրա կարծիքով՝ իր հետ կհամաձայնեն նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները: Նման անթույլատրելի գործողությունների վրա պետք է հրավիրել միջազգային ուշադրություն:

Մասնագետը նշել է, որ կա գործոնների ամբողջ շղթա և համալիր, որը պայմանավորում է Ադրբեջանի գործողությունները: Ադրբեջանական կողմը նախանցյալ տարվանից սկսած շփման գծում բարձացնում է լարվածության աստիճանը: Հարցը փորձում են լուծել հնարավորության սահմաններում, ուստի սկսում են գործի դնել բանակում առկա զենքը:

Բացի այդ՝ հակառակորդը ձգտում է դիմել տարբեր տիպի արկածախնդրային գործողությունների՝ օժանդակություն ստանալով Թուրքիայից: Ներքին լարվածությունից ու խնդիրներից շեղելու համար՝ Ադրբեջանը փորձում է ինչ­որ իմաստով համախմբել հասարակությունը երկրի նախագահ Իլհամ Ալիևի շուրջ, և դա հնարավոր է հենց այդպիսի
գործողությունների միջոցով:

«Ադրբեջանի կարծիքով՝ դա կարող է ավելացնել ներքին իշխանության լեգիտիմությունը, որն իրականում իր երկրի քաղաքացիների իրավունքների վրա ուղղակի թքած ունի»,-­ հավելել է իր խոսքում Մարկարովը:

Այժմ հակամարտությունների ինտենսիվությունը 1994 թ. համաձայնությունից հետո ամենաբարձրն է, բայց հարց է՝ արդյո՞ք սա կարելի որակել իբրև պատերազմ, այլ ոչ թե որպես երկարաձիգ փոխհրաձգություն: Ադրբեջանական կողմը ստանում է լուրջ վնասներ. քաղաքագետի խոսքով՝ միայն կորցրած տանկերի թիվն արդեն մոտենում է դրանց ընհանուր քանակի մոտ 10% ­ին: Մասնագետի կարծիքով՝ հարկավոր է նաև շարունակել դիվանագիտական և միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա, ինչպես նաև առաջ տանել բանակցային գործընթացը:

«Եթե խաղաղ բանակցային գործընթացի այլընտրանք գոյություն չունի, ապա ռազմական գործողությունների շարունակության դեպքում Ադրբեջանը կվերահաստատի սեփական պարտությունը ռազմական գործողությունների շրջանակներում: Անհրաժեշտության դեպքում իրադրությունը պետք է հասցնել այն կարգավիճակի, որ Ադրբեջանը ստիպված լինի ոչ միայն գնալ բանակցային գործընթացի, այլեւ դրանից դուրս գա վարկանիշային
ու բազմաթիվ այլ կորուստներով, ինչն իրենց համար արդեն սովորական է դարձել»,-­ ընդգծել է քաղաքագետը:

Ալեքսանդր Մարկարովը ընդգծեց այն փաստը, որ վերջին շրջանում տեղի ունեցած հակամարտությունները շատ անգամ միջազգային հանրության միջնորդությամբ են լուծում գտել: «Միջազգային հանրության արձագանքի ազդեցությունը, իհարկե, Բաքվի ձեռքերում է, բայց այդ ազդեցության բացակայությունը կարող է հանգեցնել ինչպես Ադրբեջանի տնտեսության, այնպես էլ վարչակարգային կործանման»,­- ավելացրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս