Բաքվի ավանտյուրայի մեկնարկը տրվել է Վաշինգտոնում. Ալեքսանդր Ցինկեր
Բաքվի ավանտյուրայի մեկնարկը տրվել է Ալիևի կողմից Վաշիգտոնում: «ԱրմԻնֆո» գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել Թել Ավիվում ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը:
Իսրայելցի փորձագետը նշում է, որ թեև ռազմական ավանտյուրան նախօրոք է մտածված եղել, ինքը հուսով է, որ դա երկարատև ռազմական լայնամասշտաբ օպերացիաների սկիզբ չէ: Նրա գնահատմամբ՝ ռազմական գիտության տեսանկյունից նման կերպ պատերազմ չեն սկսում:
«Օպերացիան սկսելու ազդանշանը տրվել էր Իլհամ Ալիևի կողմից ԱՄՆ ղեկավարության հետ հանդիպումից հետո: Թե ինչ է այնտեղ քննարկվել, հայտնի չէ, սակայն, ամեն դեպքում, դա վաշինգտոնյան հանդիպումների արդյունք է: Այսպես, եթե ԱՄՆ-ում Ադրբեջանի նախագահից խուսափել են, թե իբր «հիմա քո հավեսը չունենք», ապա Բաքվի ղեկավարության այդ քայլը նպատակ ունի ուշադրություն գրավել խնդրի նկատմամբ»,- նշել է փորձագետը:
Ցանկացած դեպքում իսրայելցի փորձագետը հույս ունի, որ Ղարաբաղի հարցի լուծումը շուտափույթ կվերադառնա ռազմականից քաղաքական հուն: