Սաուդյան արքայազնն իր ոսկե ավտոմեքենաներով շոկի է ենթարկել Լոնդոնը
Սաուդյան արքայազն Թուրքի բին Աբդուլլան անցած հանգստյան օրերն անցկացրել է Լոնդոնում՝ շոկի մատնելով Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչներին իր 4 ոսկեզօծ շքեղ ավտոմեքենաներից բաղկացած շարասյունով, գրում է The Telegraph-ը:
Սեփական ավտոպարկի այդ փոքր մասի արժեքը կազմում է գրեթե 2 մլն դոլար: Առավել էքստրավագանտ տրանսպորտային փոխադրամիջոց է դարձել Mercedes G63 AMG 6×6-ը, որը գնահատվել է կես միլիոն դոլարից ավելի ու ավելի հարմար է ավելի շատ՝ անապատով, քան՝ եվրոպական մայրաքաղաքով երթևեկելու համար:
Ավտոշարասյունը բաղկացած է եղել նաև Rolls-Royce Phantom Coupe-ից, Bentley Flying Spur-ից և Lamborghini Aventador SV սուպերմեքենայից, որն աչքի է ընկնում առավելագույն՝ 356 կմ/ժ արագությամբ:
Ավտոմեքենաները Լոնդոն են տեղափոխվել ջրային տրանսպորտով, իսկ անձամբ արքայազնն իր ընկերների հետ Բրիտանիա է մեկնել մասնավոր ինքնաթիռով:
Բին Աբդուլլան միշտ հանրությանը զարմացնում է շքեղության հանդեպ իր սիրով: Նրան հաճախ ուղեկցում է ձեռնասուն հովազը, իսկ որոշ լուսանկարներում նրան կարելի է տեսնել մեկ ձեռքին երկու ժամացույց: