Լուկաշենկոյի երկակի խաղը. Մինսկը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին դադարեցնել կրակը

Բելառուսն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի շրջանում սպառազինությունների ծանր տեսակների կիրառմամբ ակտիվ ռազմական գործողությունների վերսկսմամբ և կոչ է անում կողմերին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ խնդրի լուծման նպատակով: Այս մասին ասվում է Բելաառուսի արտգործնախարարության այսօր տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է TASS-ը:

«Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու խուսափել ցանկացած քայլերից, որոնք հանգեցնում են լարվածության աճի և մարդկային զոհերի»,- ասվում է Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Մինսկը հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ բոլոր երկրների օգնությամբ, կօգտագործեն իրենց հեղինակությունն ու ազդեցությունը՝ ապահովելու ապաէսկալացիան և վերադառնալու Ղարաբաղյան խնդրի լուծման բանակցային սեղանի շուրջ:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ-երկիր՝ հետևողականորեն հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ համաձայն համընդհանուր սկզբունքների ու միջազգային իրավունքի չափանիշների»,- ասված է հայտարարության մեջ:

Հետաքրքրականն այն է, որ ավելի վաղ RIA Novosti-ն տեղեկացրել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը:

Հաղորդվել էր, որ երկու երկրների նախագահները քննարկել են տեղի ունեցող իրադարձությունները: «Ալիևը մանրամասն տեղեկացրել էր Լուկաշենկոյին դեպքի բոլոր հանգամանքների մասին»,- հայտնել էր գործակալությունը՝ հաղորդելով, թե Բելառուսի նախագահն իր մտահոգությունն է հայտնել ԼՂ հակամարտության լարվածության առնչությամբ:

Տեսանյութեր

Լրահոս