
Բազմաթիվ երիտասարդներ են կամավորագրվել առաջնագիծ մեկնելու համար

Արդեն բազմաթիվ երիտասարդներ են դիմել Արցախի Ազատամարտիկների միությանը` ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարտադաշտի վերածված առաջնագիծ մեկնելու ցանկությամբ:
Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱԱՄ Հայրենյաց պաշտպան երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Հարութ Մնացականյանը` հավելելով, որ դիմողներին գրանցել են և քանի որ հայկական զինուժը վստահորեն շարունակում է տիրապետել մարտական իրադրությանը, առայժմ կազմ-պատրաստ սպասում են:
«Անհրաժեշտության դեպքում անմիջապես կմեկնենք առաջնագիծ` զորավիգ լինելու մեր զինվորներին, կանգնելու նրանց կողքին և թշնամուն խիստ հակահարված հասցնելու համար: Բացի այդ մեր երիտասարդները պատրաստ են ցանկացած գործողության, միայն թե կարողանան որևէ կերպ օգտակար լինել հայրենիքին »,-ասել է Հ. Մնացականյանը:
Մարտադաշտ մեկնելու հաստատակամությամբ ու ցանկությամբ Արցախի Ազատամարտիկների միությունում կամավորագրված Արմեն Խաչատրյանը նշել է, որ մի խումբ ընկերներով են եկել և սպասում են անհրաժեշտ հրահանգի անմիջապես մեկնելու մարտական գործողությունների վայր:
«Մենք չենք կարող մասնակից չլինել հայրենիքի պաշտպանության գործին: Այդ նպատակով, թշնամու ագրեսիայի մասին լուրը լսելուց անմիջապես հետո, եկել ենք` կամավորագրվելու և մեկնելու առաջնագիծ»,- ասել է կամավորագրված երիտասարդը: