«Մեզ պետք են խոշոր ներդրումներ». Արսեն Ղազարյան
Մեր զրուցակիցն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը
– Պարոն Ղազարյան, ի՞նչ կարելի է սպասել Եվրամիության հետ բանակցություններից տնտեսական մասով:
– Փաստաթուղթը կմշակվի՝ կտեսնենք: Բայց տնտեսական բաղադրիչ կա:
– Մի՞թե տնտեսության հետ կապված ցանկացած հարց չպետք է համաձայնեցվի ԵՏՄ-ի հետ:
– Ի՞նչ վատ է, որ 175 մլն-անոց շուկայով ենք հանդես գալու, ոչ թե՝ 2.5-3 մլն:
– Բայց Հայաստանն այլևս որոշում կայացնող չէ:
– Դուք մի մոռացեք, որ ԵՏՄ-ում կոնսենսուսով չեն կայացնում որոշումները: Միաձայն է, եթե Հայաստանն իր շահերին վտանգող ինչ-որ մի գործառույթի, օրինագծի դեմ է քվեարկում, դա չի անցնում:
– Օրինակներ կբերե՞ք, թե տնտեսական ո՞ր ուղղություններով կարող ենք համագործակցություն ծավալել ԵՄ-ի հետ:
– Ցանկացած ուղղությամբ էլ կարող ենք: Այն, ինչ մենք այսօր կարողանում ենք Եվրամիություն արտահանել, GSP+ ռեժիմը պահպանված է, մեր ձեռքերը ոչ ոք չի բռնել: Մեզ մնում է որակյալ արտադրանք տալ համապատասխան քանակով, որ կարողանանք Եվրամիություն արտահանել: Ամենակարևորը՝ մենք ունենք ռեժիմ, որը մեզ համար Եվրամիությունը պաշտպանել է: GSP+-ն ազատ առևտրի ռեժիմից շատ քիչ է տարբերվում:
– Որակյալ արտադրանք արտադրելու հետ կապված որևէ առաջընթաց տեսնո՞ւմ եք, որովհետև արտահանման խթանման տարբեր քայլեր են արվում, բայց արտադրանքի ծավալները չեն մեծանում:
– Տարբեր գործիքակազմ է մշակվել, մենք սպասում ենք՝ դա արդյունք տա, բայց որպեսզի մենք ավելի մեծաքանակ կարողանանք ոչ միայն՝ Եվրամիություն, այլ նաև՝ ԵՏՄ, Հեռավոր Արևելք ապրանք արտահանենք, մեզ պետք են խոշոր ներդրումներ՝ տեղական արտադրության վերազինման, տեղական արտադրության ռեֆորմացիայի համար, որպեսզի մենք կարողանանք քանակներ ապահովել: Այն, ինչ ունենք, արդեն կայացած էտապ է, որպեսզի սկսած պտուղ-բանջարեղենի վերամշակումից՝ մինչև գինեգործություն, խաղողագործություն, մեզ պետք են լուրջ երկարաժամկետ ներդրումներ, մասնավորապես, օրինակ, «Թամարա» ընկերության մոտ քանակներն աճեն, և ոչ թե՝ ամսական 10, այլ՝ 100 բեռնարկղ հաջողությամբ տեղափոխեն Միացյալ Նահանգներ:
– Այդ ներդրումները որտեղի՞ց գտնել:
– Այդ ներդրումները մենք ակնկալում ենք բերել համաշխարհային շուկայից, այդ թվում՝ մեր սփյուռքից, և մեծ հույս ենք կապում հոկտեմբերին կազմակերպվելիք «Ներդրումներ Հայաստանի համար» ֆորումից:
– Բայց կարծես թե համաշխարհային շուկան և մեր սփյուռքը չեն շտապում ներդրումներ անել Հայաստանում:
– Ոչ ոք չի շտապում ներդրումներ անել փոքր շուկայում, փակ ճանապարհներով, թշնամի հարևաններով երկրում: Դժվար է համոզել, բայց պետք է համոզենք:
– Իսկ վստա՞հ եք, որ հոկտեմբերին այդ ներդրումային համաժողովը կկայանա, որովհետև նախկինում մի քանի անգամ հայտարարվել է նման համաժողովների մասին, անցած տարի էլ պետք է կայանար, բայց այդպես էլ ոչ մի համաժողով չեղավ:
– Վստահ եմ, Նյու Յորքում հոկտեմբերի 2-րդ կեսին դա լինելու է: Այդ ներդրումային ֆորումին կմասնակցեն Հայաստանի գործարար աշխարհը, ենթակառուցվածքները, հավանաբար, նախագահի մակարդակով մեծ համաժողով կլինի: