
«ԲԱԳԵԶՅԱՆ»-ը ոսկերչությամբ կզբաղվի «Մերիդիանում»

«Մերիդիան» ազատ տնտեսական գոտում շահագործողների թիվը կավելանա: ՀՀ կառավարության վաղվա նիստում նախատեսվում է ԱՏԳ շահագործողի թույլտվություն տալ «ԲԱԳԵԶՅԱՆ» ընկերությանը՝ ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար: Թույլտվությունը տրվում է 9 տարի ժամկետով: «ԲԱԳԵԶՅԱՆ» ընկերությունը, ըստ կառավարության որոշման նախագծի, մտադիր է «Մերիդիանում» 9 տարվա ընթացքում ներդրումների ծավալը հասցնել 68.5մլն ԱՄՆ դոլարի: Մոտակա 5 տարվա ընթացքում կստեղծվի առնվազն 70 նոր աշխատատեղ՝ 250-500 դոլար միջին աշխատավարձով: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում ունենալու է 700քմ արտադրական տարածք:
Ընկերությունը պլանավորում է ընդլայնել արտահանումը հիմնական ուղղություններով՝ ՌԴ և ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ, Կանադա, ԵՄ երկրներ, ՄԱԷ, Հոնկոնգ, Մեքսիկա, Իրաք, Իսրայել՝ ապահովելով արտահանման տարեկան ծավալը մոտ ապագայում շուրջ 9.5մլն դոլարի սահմաններում:
Նորաստեղծ «ԲԱԳԵԶՅԱՆ» ՍՊԸ-ն հանդիսանում է «BaG Jewelry» ընտանիքի անդամ, որն ունի 30 տարվա աշխատանքային պատմություն միջազգային ոսկերչական ոլորտում: Ընկերությունն ունի ավելի քան 10 հազար անուն ապրանք: