Նավթալգիա

Նավթի համաշխարհային շուկայում երեկ հիշարժան օր էր. Brent տեսակի նավթի 1 բարելի գինը վերջին 100 օրվա մեջ առաջին անգամ գերազանցեց 42 դոլարը։ ICE բորսայում Brent տեսակի նավթն իր առավելագույն՝ 42.31 դոլար գնին հասավ, ինչը 1.85%-ով բարձր էր նախորդ օրվա ցուցանիշից։ Վերջին անգամ նավթի գինը 42 դոլարից բարձր եղել էր 2015 թվականի դեկտեմբերի 7-ին։

Բնականաբար, ռուսական ռուբլու փոխարժեքը շատ արագ արձագանքեց նավթի գնի աճին։ Մոսկվայի բորսայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը իջավ մինչև 67.62 ռուբլի, ինչն ամենացածր ցուցանիշն է 2015 թվականի դեկտեմբերի 4-ից ի վեր։
Վերջին շաբաթներին և հատկապես վերջին օրերին նկատվող նավթի թանկացումը մի շարք փորձագետների հիմք տվեց կանխատեսումներ անելու, որ աշխարհը դուրս եկավ նավթի գնի անկումային փուլից, և այժմ կարող է նկատվել հակառակ դինամիկան՝ նավթի գների աճ։

Ամենաուշագրավն այստեղ Ռուսաստանի տեսակետն է։ Ժամանակին, երբ բոլորը կանխատեսում էին նավթի գների փլուզում, Ռուսաստանը դա անհնարին էր համարում։ Այժմ, երբ գինն աճում է՝ ռուսներն ընդգծված զգուշավորություն են ցուցաբերում։
Օրինակ, երեկ օրվա առաջին կեսին Ռուսաստանի Կենտրոնական բանկը որոշում ընդունեց վեդրաֆինանսավորման տոկոսարույքն անփոփոխ թողնել՝ 11%-ի մակարդակում՝ դա պայմանավորելով նավթի գնանկման պահպանվող սպառնալիքով։ «Տոկոսադրույքի վերաբերյալ որոշում ընդունելիս՝ Ռուսաստանի բանկի տնօրենների խորհուրդը հիմնվել է նավթի գնի դեկտեմբերյան կանխատեսումներից ցածր սպասումների վրա։ Չինաստանի տնտեսական աճի դանդաղման, իրանական նավթի արտահանման ծավալների աճի և շուկայում ունեցած մասնաբաժնի համար մրցակցության սրացման ֆոնին՝ նավթի շուկայում պահպանվում է առաջարկի ավելցուկը։

Այդ իսկ պատճառով վերջին շաբաթների ընթացքում նավթի գնի որոշակի վերականգնումը կարող է անկայուն բնույթ ունենալ։ Հաշվի առնելով դա՝ Ռուսաստանի բանկը կանխատեսման նորացված բազային սցենարի հիմքում դրել է նավթի 1 բարելի դիմաց 30 դոլար միջին գինը՝ 2016 թվականի համար»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Իսկ հիշո՞ւմ եք՝ ինչ էին ասում ՌԴ պաշտոնյաներն ու էներգետիկ ոլորտի առաջին դեմքերը 2014-ի վերջին։ Օրինակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2014-ի հոկտեմբերին հայտարարում էր, որ, եթե նավթի գինը 80 դոլարից նվազի, համաշխարհային տնտեսությունը կփլուզվի։ Նրանից առաջ՝ 2014-ի սեպտեմբերի վերջին, «Ռոսնեֆտի» նախագահ Սեչինն էր հայտարարում, որ նավթը 90 դոլարից չի էժանանա, և ավելացնում. «90 դոլարն էլ է լավ գին. այն թույլ է տալիս աշխատել»։ Հետո, իհարկե, Սեչինը վերանայեց իր կանխատեսումները՝ 70-75 դոլար։ Իսկ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ուլյուկաևն անիրական էր համարում նավթի գնի նվազումը 60 դոլարից։

Այսինքն՝ ռուսներն անցյալի դառը փորձից դասեր են քաղել։

Ի դեպ, նավթի գնի այսօրվա ռեկորդի հետ կապված մի հետաքրքիր զուգադիպություն կա։ Ֆեյսբուքը մի օգտակար ֆունկցիա ունի՝ հիշեցնում է 1 կամ 2 տարի առաջ նույն օրը ձեր կատարած գրառումները։ Ու երեկ հիշեցրեց մի գրառում, որը կատարել էի ուղիղ 2 տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 18-ին։

Գրառումն այն առիթով էր, որ ԱՄՆ-ը հանել էր իրանական նավթ գնելու հարցում Ճապոնիայի ու ԵՄ-ի 10 երկրի վրա դրած բեռնարգելքը։ Այդ մասին համապատասխան հրապարակում էր եղել նաև 168.am կայքում, որտեղ նշվում էր, որ որոշ փորձագետների գնահատականներով՝ դա կարող է հանգեցնել նավթի գնանկման՝ մինչև 40-50՝ մեկ բարելի դիմաց։

Հիշեցնենք, որ այդ ժամանակ 1 բարելի գինը 100 դոլարից բարձր էր։ Ու սրա հիման վրա եզրակացրել էինք՝ եթե նավթի գինն ընկավ, Ռուսաստանի համար տխուր կլինի, իսկ եթե Ռուսաստանի համար տխուր եղավ՝ Հայաստանի համար դժվար թե ուրախ լինի։ Այն ժամանակ ոմանց համար սա խիստ հոռետեսական սցենար էր թվում, սակայն եկեք համառոտ հիշեցնենք՝ ինչ տեղի ունեցավ հետո։

2014-ի կեսերից նավթը սկսեց էժանանալ և տարվա վերջին հասավ մինչև 53-54 դոլարի։ Անկումը կանգ չառավ և տևեց մինչև 2015 թվականի մարտ, երբ նավթն արդեն հասավ 48 դոլարի։ 2015-ի ապրիլ, մայիս, հունիս ամիսներին նավթի գինը կարճ ժամանակով բարձրացավ՝ մինչև 59-60 դոլար, իսկ հետո սկսվեց անկման նոր փուլը։ 2016 թվականի հունվարին 1 բարել նավթի գինը մոտեցավ 30 դոլարի սահմանագծին։ Վերջին շրջանում սև ոսկու գինը փոքր-ինչ ամրապնդվել է և երեկվա դրությամբ գերազանցում էր 41 դոլարը, սակայն, ինչպես նշեցինք, դժվար է ասել՝ ինչ կլինի հետո։

Իհարկե, սա չի կարելի պայմանավորել իրանական նավթ գնելու հարցում Ճապոնիայի ու ԵՄ-ի 10 երկրի վրա դրած բեռնարգելքը հանելու հանգամանքով։ Սակայն փաստ է, որ արդյունքը Ռուսաստանի համար տխուր եղավ։ Ռուբլու արժեզրկում, դեֆիցիտ, գնողունակության նվազում, ՀՆԱ-ի կրճատում և այլն։

Իսկ մե՞զ համար։ Բոլորս ենք հիշում 2014 թվականի «ուրախ» դեկտեմբերը, երբ դոլարի փոխարժեքի հետ կապված խուճապը հազիվ հաջողվեց հաղթահարել։ «Ուրախ» հետևանքներից է նաև 2015 թվականի ընթացքում Ռուսաստանից եկող դրամական փոխանցումների կրճատումը շուրջ կես մլրդ դոլարով, արտաքին առևտրաշրջանառության անկումը՝ հատկապես արտահանման ու հատկապես դեպի Եվրասիական միության երկրներ, ներքին առևտրաշրջառանության անկումը, և այլն։ Ու չնայած, ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ 2015-ին տնտեսական անկում է գրանցվել, Հայաստանի ՀՆԱ-ն շուրջ 3% աճ է ունեցել, մեզ համար ամենևին էլ ուրախ ժամանակներ չեն։

Բանն այն է, որ չլինելով նավթ արդյունահանող երկիր՝ Հայաստանը նավթից կախված երկիր է։ Հիմնականում դրսում աշխատող միգրանտների դրամական փոխանցումների միջոցով՝ մենք խորապես կախված ենք Ռուսաստանի տնտեսությունից։

Ճիշտ է, անցած տարի դրամական փոխանցումների նվազման հետևանքով տրանսֆերտներ/ՀՆԱ հարաբերակցությունը փոքր-ինչ նվազել է և մոտեցել 15%-ի, սակայն դա նույնպես մտահոգիչ ցուցանիշ է։ Տրանսֆերտներից կախվածության առումով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում զիջում է, թերևս, միայն Տաջիկստանին և Ղրղըզստանին։

Ասում են՝ խնդիրները՝ որպես այդպիսին, լավ բան չեն, սակայն հնարավորություն են տալիս որոշ եզրակացություններ անել, հասկանալ սխալներն ու շտկումներ կատարել։ Օրինակ՝ 2009 թվականի ճգնաժամը մեզ համար դաս եղավ, որ միայն շինարարության վրա հիմնված աճն իրականում աճ չէ, և դրա վրա հույս դնել չի կարելի։
Ճիշտ նույն կերպ՝ տրանսֆերտների կրճատումն ու դրա հետևանքները պետք է մեզ համար դաս լինեին, որ անհրաժեշտ են լուրջ կառուցվածքային փոփոխություններ, որոնք կթուլացնեն այդ կախվածությունը։ Եթե ավելի անկեղծ լինենք՝ այդ մասին խոսվում էր դեռ 2009 թվականի ճգնաժամից առաջ։

Իսկ ի՞նչ ենք անում մենք այդ ուղղությամբ։ Կառուցվածքային փոփոխություններ ենք կատարում. նախ՝ Տարածքային կառավարման նախարարությունը միացնում ենք ԱԻՆ-ին՝ դա հիմնավորելով արդյունավետությամբ, ու կարճ ժամանակ անց՝ կրկին առանձնացնում։ Կամ՝ միացնում ու առանձնացնում ենք հարկային ու մաքսային մարմինները, հետո դրանք միացնում Ֆինանսների նախարարությանը, հետո կրկին առանձնացնում։ Մի խոսքով, մենք զբաղված ենք պաշտոններ բաժանելու հույժ կարևոր գործով ու քաղաքական խաղերով։

Աշխարհն առաջ է գնում, տեխնոլոգիական նոր լուծումներ փնտրում։ Անգամ ռուսներն իրենք խոստովանում են, որ նավթի ժամանակաշրջանն ավարտվել է, ու պետք է լրջորեն մտածել նոր որակի տնտեսության մասին։ Իսկ Հայաստանում ամենաքննարկվող թեման պատգամավորներից մեկի արտասանած «համբալն» է ու «դիշովկեն»:

Իհարկե, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ իշխանություններն անում են գրեթե ամեն ինչ, անգամ անհնարինը՝ տնտեսության կառուցվածքն առողջացնելու համար։ Ներդրումային հայեցակարգեր են մշակում, օրենսդրական փոփոխություններ կատարում և ձեռնարկում այլ հույժ կարևոր քայլեր։ Իսկ իրականում՝ «յոլա են տանում» հերթական ժամանակահատվածն ու պատրաստվում հաջորդ ընտրություններին՝ հոգու խորքում հուսալով, որ նավթի գները կկայունանան, միգրանտներն էլ նախկինի չափ գումար կուղարկեն։

Տեսանյութեր

Լրահոս