«Հայաստանում մրցակցությունն ամենևին տնտեսական խնդիր չէ, քաղաքական է». Արամ Մանուկյան
Այսօր ԱԺ նիստում ՏՄՊՊՀ 2016 թ. ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն արձանագրեց, որ 2012թ. հանձնաժողովի հաշվետվություններում սկսել է պակասել քննադատությունը, վերլուծություններն ավելի ընդհանուր են, հանձնաժողովը խուսափում է կոնկրետ անուններ նշել:
Նա հարցադրում արեց, թե ինչի՞ համար է այս հանձնաժողովը, որն ունի 76 աշխատող, արժե՞ արդյոք այդքան մարդ պահել մի տեղում, որը չի ազդում քաղաքականության վրա. «Դուք խաղացող չեք Հայաստանում գների որոշման անձերի մեջ, չկաք էդ դաշտում, ինչպես չկա Նազարյանի հանձնաժողովը»,- ասաց նա:
Ա.Մանուկյանը նշեց, որ երկրի բնութագրիչներն են՝ կոռուպցիան, ստվերը, կախվածության մեջ գտնվող դատարանները, որոնք չեն թողնում տնտեսությանը զարգանալ, և մենաշնորհները: Պատգամավորը ներկայացրեց մի շարք միջազգային կառույցների գնահատականներ, ըստ որոնց ՀՀ տնտեսությունն ունի կենտրոնացվածության բարձր աստիճան:
Մասնավորապես՝ ՀԲ գնահատականով՝ տնտեսությունը վերահսկվում է մենաշնորհների և օլիգոպոլիստական կառույցների կողմից, որոնք խաթարում են երկրի զարգացմանը:
Ընդ որում, նրա խոսքով, ՀՀ-ում հարստության կենտրոնացվածությունը 28 անգամ ավելի մեծ է, քան ԱՄՆ-ում, և 14 անգամ ավելի է, քան Ռուսաստանում: «Մեզ մոտ մրցակցությունն ամենևին տնտեսական խնդիր չէ: Խնդիրը աշխահագրական, մշակութային, աշխահաքաղաքական չէ, այս խնդիրը միայն քաղաքական է և այս դահլիճում է որոշվում: Ձեզնից շատերը փոխնախարարների բարեկամներ են, տղաները փոխքաղաքապետեր են նշանակվում, ձեր երեխաները պետական բարձր պաշտոններ են գրավում, Հայաստանում ուրիշ մարդիկ չկա՞ն»,- ասաց Ա.Մանուկյանը: