ՀԱՊԿ-ն պետք է հաշվի առնի ահաբեկիչների շարքերում կռվող ադրբեջանցիների հնարավոր վերադարձի սպառնալիքը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պետք է հստակորեն ամրագրեն անվտանգության անբաժանելիության սկզբունքը: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում կայացած «ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հավաքական անվտանգության սպառնալիքներն ու դրանց նվազեցման ուղիները։ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի արդյունքները» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ քաղաքագետի՝ ՀԱՊԿ անդամ երկրների համար սպառնալիքների տարբեր աղբյուրների պայմաններում էական է անվտանգության անբաժանելիությունը, և այդ ուղղությամբ դեռ անելիքներ կան: «Հնարավոր չէ հստակ որոշել՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում որտեղ է ավարտվում միջազգային ահաբեկչության սպառնալիքների սահմանը, և որտեղ են սկսվում առանձին անդամ երկրների դեմ ուղղված ավանդական արտաքին սպառնալիքները»,- ընդգծեց Սերգեյ Մինասյանը:
Մասնավորապես, անդրադառնալով Հարավային Կովկասում միջազգային ահաբեկչության հնարավոր սպառնալիքներին հակազդելու հարցին՝ քաղաքագետը նշեց, որ հետխորհրդային մի շարք երկրների, այդ թվում նաև՝ Ադրբեջանի այն քաղաքացիները, որոնք Սիրիայում կռվում ու մարտական փորձ են ձեռք բերում ահաբեկիչների շարքերում, կարող են վերադառնալ ու սպառնալիքներ ստեղծել մեր տարածաշրջանում: Այս առումով Սերգեյ Մինասյանը կարևորեց ՀԱՊԿ երկրների համարժեք արձագանքն ու նման սպառնալիքներին հակազդելու համար գործողությունների համակարգումը:
Սերգեյ Մինասյանն ասուլիսի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ռուս-թուրքական հարաբերությունների ներկա սրվածությունն անմիջականորեն ազդում է Հայաստանի վրա: Ըստ քաղաքագետի՝ Սիրիայի հակամարտության համատեքստում ռուս-թուրքական դիմակայությունից Հայաստանն անմասն չէր դեռևս նախքան անցյալ տարի նոյեմբերին թուրքական ուժերի կողմից ռուսական ուղղաթիռի խոցումը, քանի որ դեռևս դրանից առաջ՝ հոկտեմբերին, թուրքական ուղղաթիռները հատել էին Հայաստանի օդային սահմանը: Իսկ հայ-թուրքական սահմանը, ինչպես նշեց քաղաքագետը, միակ տեղն է, որտեղ պաշտոնապես միմյանց դեմ կանգնած են թուրքական և ռուսական սահմանապահները:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ քաղաքագետի, Երևանի խնդիրն է այդ ուղղությամբ համաձայնեցնել իր դաշնակիցների գործողությունները: «Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ում բոլորը չէ, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում լիովին համաձայնեցնում են իրենց դիրքորոշումն ու քայլերը»,- նշեց Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ այս և այլ հարցերում կարևոր է նաև ՀԱՊԿ անդամների միջև համագործակցությունը տարբեր միջազգային հարթակներում: