Ընդդիմությունը բողոքելու տեղ չունի՞

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները մշտապես բողոքում են, որ իրենց ներկայացրած օրինագծերը կա՛մ մերժվում են, կա՛մ անորոշ ժամանակով հետաձգվում, իսկ ընդունվում են միայն կառավարության և քաղաքական մեծամասնության ներկայացրած օրինագծերը: Ըստ վիճակագրության՝ անցած նստաշրջանում ընդդիմադիր խմբակցությունների և անկախ պատգամավորների հեղինակած 5 նախագծի ընդգրկումն 8-րդ նստաշրջանի օրակարգ հետաձգվել է մինչև 1 տարով, 1-ինը՝ քվեարկությամբ մերժվել:

Մինչդեռ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը գտնում է, որ ընդդիմադիրները բողոքելու տեղ չունեն: 168.am-ի հետ զրույցում Հ.Սահակյանը բերեց Գերմանիայի օրինակը, որտեղ ընդդիմադիրներն ընդհանրապես չեն կարող օրինագիծ ներկայացնել, ավելին՝ սահմանափակված է նաև նրանց ելույթ ունենալու ժամանակը:

«ԱԺ կանոնակարգի ուսումնասիրության նպատակով Բունդեստագում էինք, հարցրեցինք, թե ընդդիմությունը որքա՞ն նախագիծ է ներկայացնում և կարողանում անցկացնել: Զարմացած նայեցին ու ասացին՝ ընդդիմությունը ո՞նց պետք է անցկացնի, ընդհանրապես չի կարող օրինագիծ ներկայացնել, որովհետև փոքրամասնություն է: Գերմանիայում հայտարարությունների համար ընդդիմությանը տալիս են այնքան րոպե, որքան իրենց համամասնությունն է խորհրդարանում՝ շատ քիչ»,- ասաց Հ. Սահակյանը՝ նշելով, որ ներկայումս Գերմանիայում Քրիստոնե-ադեմոկրատների և Սոցիալ-դեմոկրատների կոալիցիան 80% է, Կանաչների և Ձախակողմյան կուսակցությունների կոալիցիան ընդդիմությունն է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս