«Հայաստանի ու Ռուսաստանի համար տրանզիտային երկիր կարող է դառնալ ինչպես՝ Վրաստանը, այնպես էլ՝ Ադրբեջանը»

Մոսկվայում մարտի 18-ին ԱՊՀ–ի համար երկու կարևորագույն միջոցառում կանցկացվի` ԱՊՀ Տնտեսական խորհրդի 69-րդ նիստն ու «25 տարի միասին. գործակցության նոր ձևաչափեր» ԱՊՀ միջազգային տնտեսական համաժողովը: Այս առիթով «ԱՊՀ-ի շրջանակում տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները» թեմայով ասուլիս անցկացվեց Երևան-Աստանա-Քիշնև տեսակապի միջոցով։

Մոսկվայում միջոցառմանը մասնակցում էին ԱՊՀ գործադիր կոմիտեի տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կուշնիրենկոն և ԱՊՀ տնտեսական զարգացման գործնական կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Սավչենկոն։

Միջոցառման ընթացքում բանախոսները խոսեցին ԱՊՀ Տնտեսական խորհրդի օրակարգի, ինչպես նաև՝ մինչև 2020 թվականը ԱՊՀ պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի մասին։ Մասնակիցները քննարկեցին նաև իրատեսական նորարարական ու ներդրումային նախագծերը, որոնք կարող են իրականացվել Համագործակցության շրջանակում, ներառյալ` ԱՊՀ, ԵՏՄ և «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախագծերի զուգակցումը։

Վլադիմիր Սավչենկոյի կարծիքով՝ ԱՊՀ-ն այս ընթացքում մշակել է կոնցեպցիա ֆունդամենտալ միասնական աշխատանքի փոխգործակցության համար. «Ռազմավարական կոնցեպցիաներ՝ 12 անդամների համար, որոնց մեջ է նաև Վրաստանը, տնտեսական կոնցեպցիա, էներգետիկ համագործակցության կոնցեպցիա, տրանսպորտային կոնցեպցիա, որովհետև տրանսպորտն է միավորում ու նպաստում տնտեսության զարգացմանը»: Ըստ նրա՝ շատ փորձագետներ սխալվում են, երբ ասում են, թե Չինաստանը «Մետաքսի ճանապարհը» մշակելով՝ նպատակ ունի զարգացնել այլ երկրների տնտեսությունը. «Նրանք վերցրել են այդ պատմական հասկացությունը, որպեսզի զարգացնեն իրենց երկրի հյուսիս-արևմտյան սահմանները, իսկ հետո զարգացնեն ճանապարհները, և այլն»:

Իսկ «25 տարի միասին. գործակցության նոր ձևաչափեր» ԱՊՀ միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում, նրա խոսքով՝ քննարկվելու են տրանսպորտի, ֆինանսաբանկային համագործակցության ու էքսպորտի հարցեր. «Այսօր, երբ ԱՊՀ երկրները դարձել են ազատ ու անկախ, նրանք իրենց տարածքներում տարբեր վալյուտաներ են կիրառում, բայց վերջին շրջանում բոլորը սկսել են պայքարել էքսպորտի համար, որովհետև շրջանառության համար ունեն ուրիշների վալյուտաների պակաս: Իսկ ամենացավալին այն է, որ բոլորը պայքարում են էքսպորտի զարգացման համար, բայց քչերն են խոսում ներքին շուկայի զարգացման մասին»:

Նա նշեց, որ գաղտնիք չէ՝ 2014-15թթ. այդքան էլ հաջող չեն եղել՝ տնտեսական առումով. «Տարվա մեջ հաջողություն են գրանցել գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտները»:

Անդրեյ Կուշնիրենկոն էլ նշեց, որ 2015թ. հեշտ չէր տնտեսության համար, բայց չմոռացավ հավելել, որ դա ամբողջ աշխարհում էր այդպես: Իսկ առաջիկա քննարկման հարցերը, ըստ նրա՝ կարելի է բաժանել երկու խմբի՝ միջպետական հարաբերություններ և համագործակցություն տարբեր հարցերում. «Այս երկու խմբերից է կախված տնտեսական համագործակցությունը»:

Անդրադառնալով Հայաստանին և նրա դերին տրանսպորտային համագործակցության շրջանակներում, բանախոսները նշեցին, որ մեր երկրի համար այսօր շատ կարևոր է տրանզիտը: «Ես կօգտվեմ նրանից, որ կոլեգիայի ղեկավարն այսօր նախկին վարչապես Տիգրան Սարգսյանն է, և մեզ կհաջողվի լուծել այս խնդիրը: Այսօր Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տրանզիտի հարցը կարծես սառչել է և նմանատիպ հարցեը համապատասխան կերպով կփորձենք լուծել»,- նշեց Վլադիմիր Սավչենկոն՝ հավելելով, որ Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երկաթգծի հետ կապված խնդիրներ չկան:

Իսկ Անդրեյ Կուշնիրենկոն էլ նշեց. «Տրանզիտային երկիր Հայաստանի ու Ռուսաստանի համար կարող է դառնալ ինչպես՝ Վրաստանը, այնպես էլ՝ Ադրբեջանը և այլ երկրներ»:

Տեսանյութեր

Լրահոս