Էդուարդ Շարմազանովը Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդարացված է համարում

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այսօրվա ասուլիսին նշեց, որ Գերմանիա կատարած այցելության նպատակն ավելի շատ եղել է գիտական կոնֆերանսին մասնակցությունը, բայց նրա խոսքով՝ այդ առիթն օգտագործել ու մի շարք հանդիպումներ է ունեցել.

«Մանավանդ, որ այդ այցը համընկել էր Բունդեստագում Հայոց ցեղասպանության օրինագծի քննարկման հետ: Ես ունեցա երկու հանդիպում Բունդեստագում, նախ՝ Կանաչների միության ղեկավար Ջեմ Օզդեմիրի հետ (ազգությամբ թուրք.- Ռ.Մ.), և նա վերահաստատեց այն կարծիքը, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի այս տարվա ընթացքում Հայոց ցեղասպանությունը դատապարտվի: Հաջորդ օրը ես հանդիպեցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Բունդեստագի փոխնախագահ տիկին Բուլմանի հետ, հենց ինքն է նախագահել այն նիստը, որին ներկա էր տիկին Մերկելը: Տիկին Բուլմանն էլ նշեց, որ 1915թ. դեպքերը Ցեղասպանություն է, ու Գերմանիան պետք է դատապարտի Ցեղասպանությունը, այստեղ չպետք է լինեն կրկնակի ստանդարտներ»:

Նա նշեց, որ հանդիպումներ ունեցել են իշխող կոալիցիա կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես, նրա խոսքով՝ վերահաստատել են, որ իրենք եկել են ընդհանուր հայտարարի, որպեսզի այս տարվա ընթացքում միացնեն օրինագծերը, և 2016թ. Բունդեստագը ճանաչի Հայոց ցեղասպանությունը. «Այստեղ շատ կարևոր եմ համարում մեր դեսպան Աշոտ Սմբատյանի դերակատարումը, մեր ԱԳՆ-ի ակտիվ աշխատանքը և ուզում եմ նշել, որ հիացած եմ մեր դեսպանատան ողջ անձնակազմի կառուցողական ու ճիշտ աշխատանքով»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ երկու օրից Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստը, որը նախագահելու է խորհրդի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը. «Խորհրդի ընթացքում մենք կքննարկենք հիմնականում՝ ՀԱՊԿ-ի առջև ծառացած խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարը, իրավիճակը Հարավկովկասյան տարածաշրջանում: Այսօր մենք ևս հաղորդում ստացանք, որ շփման գծում հակառակորդը փորձել է իրականացնել դիվերսիոն գործողություն, և մենք՝ թե՛ որպես ՀՀ ներկայացուցիչներ, ես՝ որպես ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար, դրա մասին իմ ելույթում կխոսեմ, կներկայացնեմ մեր դիրքորոշումը ու կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ևս մեկ անգամ կվերահաստատեն այն դիրքորոշումը, որն արվել է ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների կողմից, ըստ որի՝ Ղարաբաղյան հարցի կարգավորումը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում, ու ռազմական փորձի ցանկացած միտում դատապարտելի է»:

Կարդացեք նաև

Էդուարդ Շարմազանովը նաև ընդունեց, որ ՀԱՊԿ-ում կան պետություններ, որոնք Խորհրդարանական վեհաժողովում պաշտպանում են դիրքորոշումներ, որոնք չեն բխում հենց ՀԱՊԿ-ի շահերից, բայց միևնույն ժամանակ՝ պնդեց, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդարացված է, ու այլ ռազմական դաշինքում ներգրավվածություն չենք կարող ունենալ»:

Տեսանյութեր

Լրահոս