Նաիրիտցիները պահանջում են գործարանը հանձնել Էկոնոմիկայի նախարարությանը
«Նաիրիտ» գործարանի՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության տակ գտնվելը նախկինում էլ շատերը խնդրահարույց էին համարում: Չէ՞ որ «Նաիրիտն» իր բնույթով ավելի շատ՝ արդյունաբերական, քան՝ էներգետիկ ձեռնարկություն է, և նախքան Էներգետիկայի նախարարության ենթակայության տակ անցնելը միշտ էլ գտնվել է ներկայիս ՀՀ էկոնոմիկայի կամ նախկին ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության իրավասության տիրույթում: 2004 թ.-ից սկսվեց «Նաիրիտը» ձեռքից ձեռք հանձնելու «ավանդույթը», երբ պարտքի դիմաց գործարանի 60% բաժնեմասն անցավ «Հայգազարդին», որի 50%-ը՝ Ֆինանսների, 50%-ը՝ Էներգետիկայի նախարարությանն էր պատկանում, այնուհետև լիովին հանձնվեց էներգետիկային: «Նաիրիտում» այդ ժամանակ բաժնեմասեր ունեին նաև Պաշտպանության նախարարությունը, Կենտրոնական բանկը, որոնց անունից կառավարում էր «Հայգազարդը»: 2006 թ.-ին «Հայգազարդն» իրեն պատկանող «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի արդեն 90 % բաժնեմասը վաճառեց «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» ընկերությանը, իսկ մնացյալ 10% բաժնեմասը մնաց Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության:
Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո ակտիվացել են խոսակցությունները, որ «Նաիրիտը» պետք է վերադարձնել արդյունաբերությունը համակարգող գերատեսչությանը: Առավել ևս, որ Արծվիկ Մինասյանը 4 տարի շարունակ խորհրդարանում զբաղվել է «Նաիրիտի» ու նաիրիտցիների խնդիրներով, նախաձեռնել է գործարանի հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողովի ստեղծումը, բազմիցս բարձրացրել է «Նաիրիտի» մասին օրենք ընդունելու անհրաժեշտության ու վերագործարկման հարցերը, և այլն: Այժմ տրամաբանությունը հուշում է, որ, որպես նախարար, նա հնարավորինս շահագրգիռ կլինի քիմիական հսկային վերակենդանացնել ու սեփական պնդումները, որ գործարանը կարող է աշխատել, գործով ապացուցել:
Այս փոփոխության հրատապության ու անհրաժեշտության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը լիովին անծանոթ է գործարանին ու դրա խնդիրներին: Անցած շաբաթ նաիրիտցիներից նա 2 ամիս ժամանակ էր խնդրել՝ խնդիրն ուսումնասիրելու համար: «Դուք ինձնից ուզում եք՝ ասեմ ի՞նչ՝ վաղը «Նաիրիտը» բացվելո՞ւ է,- ասել էր Յոլյանն ու հավելել,- Հիմա իմ ժամանակը թանկ է: Պրոբլեմը միայն «Նաիրիտը» չէ, բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնց մեջ է պետք է խորանամ: Եկեք սենց անենք՝ ինձ 2 ամիս ժամանակ տվեք, խոսք եմ տալիս՝ 2 ամիս հետո ձեզ հետ՝ անկախ իրավիճակից, նախաձեռնեմ հանդիպում»:
«Նաիրիտի» իսկապես բարդ խնդիրների մեջ խորամուխ լինելու փոխարեն՝ Լևոն Յոլյանի համար ավելի շահավետ է ազատվել այդ բալաստից ու գործարանը հանձնել ողջ անցուդարձին քաջատեղյակ Արծվիկ Մինասյանին: Եթե, իհարկե, Յոլյանի առջև այլ խնդիր դրված չէ:
Մի գերատեսչությունից մյուսին որևէ ձեռնարկություն հանձնելու գործընթացը բարդ չէ, անհրաժեշտ է միայն կառավարության որոշում: Սակայն առայժմ կառավարական կուլուարներում նման հարց չի քննարկվում:
Թեև այստեղ մեկ այլ նուրբ, քաղաքական հարց կա: Տարիներ շարունակ հանրապետական վարչապետներն ու նախարարները խոսում են «Նաիրիտի» վերագործարկման մասին, բայց սայլը տեղից չի շարժվում, գործարանն էլ ավելի է խրվում ճահճի մեջ: Եվ եթե հանկարծ դաշնակցական նախարարը հաջողի, դափնիների խնդիր է առաջանում: Սակայն սա էլ լուծելի հարց է, ի վերջո, վերահսկողությունն ու ընթացքը իրականացնում են ՀՀ վարչապետն ու ՀՀ նախագահը: Ամեն դեպքում, նաիրիտցիները հույսները չեն կորցնում:
Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ առաջիկա հինգշաբթի կրկին գնալու են կառավարություն, կփորձեն հանդիպել նախարար Արծվիկ Մինասյանի հետ, եթե՝ ոչ, ապա «Նաիրիտի» վերագործարկման հանձնաժողովը բաց նամակ կհրապարակի բոլոր նաիրիտցիների անունից: