Նյու Յորքի իշխանությունները արգելել են Աբրամովիչին կառուցել մեգաառանձնատուն պատմական կենտրոնում
Դրա ստեղծման համար միլիարդատերը գնել է 3 տուն` 78 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:
Նյու Յորքի իշխանությունները արգելափակել են Մանհեթենի պատմական թաղամասում հսկայական առանձնատան կառուցումը: Այն կառուցել պլանավորում էր ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը: Հատուկ այդ նախագծի համար նա գնել է մեկը մյուսին սահմանագիծ 3 տուն:
Նա չի պատրաստվում քանդել պատմական կառույցները, այլ միայն ցանկանում է միավորել դրանք մեկ հսկայական առանձնատան մեջ և նկուղում ջրավազան կառուցել: Սակայն շինարարության քաղաքային դեպարտամենտը դրա համար թույլտվություն չի տվել:
«Իհարկե, նա կարող է մի ամբողջ ցուցակ բողոքներ ներկայացնել և երկար ժամանակ վերացնել դեպարտամենտի պահանջները: Բայց այդ ժամանակ տարբեր չափերի պատուհաններով և հարկերի տարբեր բարձրությամբ 3 տների միավորումը կդառնա ոչ միայն ճարտարապետական, այլ նաև բյուրոկրատական սարսափ»,- ճարտարապետ Սթիվեն Վանգի խոսքերն է մեջբերում New York Post-ը:
3 տները գնելու համար Աբրամովիչը ծախսել է 78 մլն դոլար: Եվս 5 մլն դոլար նա պլանավորում էր ներդնել դրանց վերակառուցման համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը