Որ տեղեկանքների համար կադաստրը կարող է վճար գանձել
Նախորդ շաբաթ ՀՀ Սահմանադրական դատարանն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումի հիման ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի այն հոդվածները, որոնք սահմանում են գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների տեղեկատվության տրամադրման վճարովիությունը:
168.am-ն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Վարդան Հասրաթյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է մեկնաբանում ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, կոմիտեի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող տեղեկանքների դիմաց գանձվող գումարների չափը որքա՞ն է, ի՞նչ մեխանիզմ է գործում, և արդյո՞ք ճիշտ է, որ 1 էջանոց տեղեկանքն արժե 10 հազար դրամ, իսկ շտապ տրամադրելու դեպքում՝ 20 հազար դրամ, արդյո՞ք դա օրինական է:
Վ.Հասրաթյանը մեզ պատասխանեց, որ ՍԴ որոշման մեկնաբանության իրավասությունը կոմիտեին տրված չէ, որոշումը կայացվել է հասարակական կազմակերպության հայցի հիման վրա և, որպես պատասխանող՝ հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովը: Ինչ վերաբերում է Կադաստրի համակարգի կողմից անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների չափերին ու ժամկետներին, ապա, ըստ նրա, այն տրամադրվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ գործող օրենքի 73-րդ, 74-րդ և 75-րդ հոդվածներով սահմանված չափերով և ժամկետներում:
Այնուամենայնիվ, ՍԴ որոշման վերաբերյալ կոմիտեն դիրքորոշում է ներկայացրել կայքում: Դրանում, մասնավորապես, ասվում է. ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված տեղեկատվության համար սահմանված է վճար 1000 դրամի չափով: Ընդ որում, Օրենքով սահմանված են նաև արտոնություններ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ նույն տեղեկատվությունը սահմանված չափի 50%-ի չափով տրամադրելու վերաբերյալ և, բացի այդ, մի շարք մարմիններին անվճար տրամադրելու վերաբերյալ:
Կադաստրի համակարգի կողմից արդեն իսկ մշակվել էին օրենքում փոփոխություններ ու լրացումներ, որոնք ուղարկվել էին շահագրգիռ մարմինների քննարկմանը: Այդ ընթացքում փոփոխություններ կատարվեցին ՀՀ Սահմանադրության մեջ, որի հիման վրա օրենքի նախագծում լրացվեց նոր փոփոխություն, որով նախատեսվեց անվճար տեղեկատվության տրամադրում նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին՝ անվճարունակ անձանց, ինչպես նաև անձի իրավունքի պաշտպանության համար կարևոր կամ հանրային նշանակություն ունեցող անվճար տեղեկատվություն ստանալու համար»:
Սահմանադրական փոփոխություններից և ՍԴ որոշման պահանջներից ելնելով՝ կոմիտեն որոշել է մշակել դրույթներ տեղեկատվության տրամադրման տարբերակված մոտեցումներ դրսևորելու առումով, որոնք ՍԴ որոշմամբ սահմանված ժամկետում կյանքի կկոչվեն:
Հարկ է նշել, որ անկախ ՍԴ վերը նշված որոշումից, կադաստրի համակարգի կողմից վերջին ժամանակներս միջոցներ են ձեռնարկվում անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվական բազան՝ համապատասխան սահմանափակումներով, համապատասխան կայքում տեղադրելու և ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար այն անվճար հասանելի դարձնելու ուղղությամբ:
ՍԴ-ն իր որոշման կատարման համար ժամկետ էր սահմանել մինչև նոյեմբերի 1-ը, մինչ այդ կգործի նախկին կարգը:
ԻԱԿ-ի պարզաբանմամբ՝ ՍԴ-ն նորմերն անվավեր է ճանաչել՝ անդրադառնալով անձի՝ իր մասին տեղեկություն ստանալու վճարովիությանը, անձի իրավունքների պաշտպանության համար կարևոր կամ հանրային նշանակություն ունեցող տեղեկություն ստանալու վճարովիությանը, ինչպես նաև՝ վճարման կարգին և չափին: Այսինքն՝ ՍԴ-ն հաստատել է, որ, երբ մարդն իր մասին տեղեկություն է պահանջում պետական և ՏԻ մարմիններից (օրինակ՝ տեղեկություն՝ իր գույքի վրա դրված արգելանքների մասին), այդ տեղեկությունը նրան չպետք է վաճառվի, պետք է տրամադրվի անվճար, իսկ այդ տեղեկության համար վճար կարող է սահմանվել միայն այն դեպքում, եթե այդ վճարը ձևավորվել է մատուցվող ծառայության կամ տեղեկության տրամադրման փաստացի և ողջամիտ ծախսերի արդյունքում և չի գերազանցում այդ ծախսերը։
Օրինակ, եթե անձը ցանկանում է ստանալ այնպիսի տեղեկություն, որի տրամադրման համար անհրաժեշտ է որևէ ծախս պահանջող հետազոտություն իրականացնել, ապա տեղեկությունը կարող է տրամադրվել վճարով, որը, սակայն, չի կարող գերազանցել տեղեկության տրամադրման ծախսը: Կամ, օրինակ, եթե անձը ցանկանում է իր գույքի վրա դրված արգելանքների մասին տեղեկությունը ստանալ ոչ թէ էլեկտրոնային փոստով կամ թղթի վրա տպված, այլ էլեկտրոնային կրիչով, ապա այդ դեպքում կարող է սահմանվել վճար, որը չի կարող գերազանցել էլեկտրոնային կրիչի արժեքը:
Այս առումով ՍԴ-ն ընդգծել է, որ, թեև վճարների չափեր սահմանելն օրենսդիր մարմնի լիազորության շրջանակներում է, սակայն պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին: Այսինքն՝ վճարելու անհրաժեշտությունը պետք է կապված լինի մատուցվող ծառայության կամ կատարված ողջամիտ ծախսի փոխհատուցման հետ, այլ ոչ թե՝ կամայականորեն սահմանվի վճարի չափ՝ եկամուտ ապահովելու համար: