«Մոսկվայից եկավ մի КГБ-եչնիկ, իսկական КГБ-եչնիկ՝ էն գրագետներից, և ինձ հանձնարարեց դիմավորել Անտոնիոնիին, ես ասացի՝ այո՛». Սուրեն Հասմիկյանը՝ խորհրդային տարիներին КГБ-ի հետ համագործակցության մասին

Այսօր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կինոյի և թատրոնի «այսօրն ու վաղը» քննարկելուց զատ՝ անդրադարձավ նաև հայաստանյան սոցիալ-քաղաքական իրականությանը, քաղաքական կյանքի և արվեստի հարաբերություններին, ինչպես նաև վերհիշեց խորհրդային տարիներին հայտնի իտալացի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի հայաստանյան այցի, իր հանդիպման և դերի մասին որոշակի մանրամասներ:

Սուրեն Հասմիկյանը պատմեց, որ դեռ խորհրդային տարիներից ինքն իրեն համարել է դիսիդենտ, որովհետև մշտապես դեմ է արտահայտվել ընդունված սովետական կաղապարված կարծրատիպերին, և, որ ընդհուպ մինչև այն տարիների ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանն իրեն մի առիթով ասել է. «Այ տղա, դու հո դիսիդենտ չե՞ս…»: Ներկայացնում ենք 168.am-ի հարցուպատասխանը Ս. Հասմիկյանի հետ:

– Պարոն Հասմիկյան, հայտնի փաստ է, որ Խորհրդային Միության տարիներին շատ բնագավառներում, և հատկապես՝ արվեստի աշխարհում, որոշ գործիչներ նույնպես որոշակի ձևաչափերով, այս կամ այն կերպ համագործակցել են ժամանակի Ազգային անվտանգության ծառայությունների հետ՝ կատարելով վերահսկողի կամ այլ դեր: Դուք Ձեր ոլորտում այդպիսի մարդկանց հանդիպե՞լ եք:

– Ի դեպ, վերջերս այս առիթով իմ հեղինակած գրքից՝ Անտոնիոնիի (նկատի ունի Միքելանջելո Անտոնիոնիին.- Ն.Մ.) հայաստանյան այցի հետ կապված երկու դրվագ տպագրվել է, թե ինչպե՞ս եմ ես նրան հանդիպել, և այլն: Ուզում էիք հարցնել КГБ-եչնիկների հետ ես շփվել եմ, թե ո՞չ:

– Նաև Դուք, այո՛:

– Այս դեպքում թույլ տվեք ես ավելի ամբողջական պատասխան տամ՝ ամբողջ դարին վերաբերող: Ես այն եզակի մարդկանցից եմ՝ ձեր մեջ նստած, որ ապրել եմ երեք դարաշրջան՝ Ստալինի ժամանակաշրջանը, Ստալինից հետո՝ մինչև դարավերջ, և վերջին ժամանակաշրջանը, որ միասին ենք ապրում: Հետևաբար, ես այս հարցին փիլիսոփայորեն կպատասխանեմ: Վերջերս ռուսական հեռուստաալիքներից մեկով մի հաղորդում էր գնում՝ ո՞վ է եղել Ստալինը՝ «Великий политик или великий предатель?» Երևակայեք, բնակչության 85%-ը քվեարկեցին՝ «за великого политика», և դա՝ այն դեպքում, երբ նրա շնորհիվ և նրա ցանկությամբ կործանվեց մոտ 50 մլն մարդ, և մի այդքանն էլ տուժեցին ու դժբախտացան: Ուզում եմ ասել՝ բոլոր դարերում էլ եղել են սրիկաներ և ազնիվ մարդիկ:

– Բայց Դուք չպատասխանեցիք հարցին…

– Ես միանգամից այդ հարցին պատասխանում եմ փիլիսոփայորեն… Ես դրանց հետ ծանոթացա Անտոնիոնիի այցի ժամանակ: Մոսկվայից եկավ մի КГБ-եչնիկ, բայց իսկական КГБ-եչնիկ՝ էն գրագետներից, և ինձ հանձնարարեց դիմավորել Անտոնիոնիին, և ես ասացի՝ այո՛: Ասացին՝ շատ ենք խնդրում՝ ամեն բան, որ նա կուզի՝ չկատարեք, մեզ հետ պետք է հաղորդակցվեք, մենք կորոշենք՝ նրա ցանկություններից ո՞րը կատարենք, ո՞րը՝ ոչ: Անտոնիոնին ցանկություն հայտնեց Բյուրականի աստղադիտարան գնալու: Դե՛, շատ լավ առիթ էր՝ Համբարձումյանն էլ (Վիկտոր Համբարձումյանը.- Ն.Մ.) այնտեղ էր, նրանք կհանդիպեին: Նա պատրաստ էր ամեն գնով այնտեղ գնալ՝ ուղղաթիռով լինի, գրուզավիկով լինի՝ Անտոնիոնին կգնար, կպել էր, թե՝ Բյուրական եմ ուզում, և վերջ: Իսկույն խաբար արեցինք ԿԳԲ-եչնիկներին, այնտեղից ասացին, թե՝ ոչ մի դեպքում չի կարելի նրան տանել Բյուրական:

Հիմա ես փորձում եմ Անտոնիոնիի ուշադրությունը շեղել Մատենադարանով, որ մոռանա Բյուրականի մասին, որովհետև «կոմանդ» (հրահանգ) էր եկել՝ ոչ մի դեպքում Բյուրական չտանել նրան, բայց երկար ժամանակ չէր ստացվում: Ի վերջո, Անտոնիոնին Հայաստանից գնաց՝ մտածելով, որ ես կապ ունեմ КГБ-ի հետ: Հետո ինքը Չինաստանից էր Հայաստան եկել ու արդեն գիտեր, թե ինչ բան է КГБ-ն:

– Որովհետև, ի վերջո, Ձեզ հաջողվե՞ց շեղել նրա ուշադրությունը…

– Այո, ի վերջո, նրան ուղեկցեցինք Լևոն Իգիթյանի թանգարան, որովհետև ինքը, ի ջիգրու ինձ՝ մերժեց գնալ Մատենադարան: Նրա Հայաստան գալու նույն օրն ինձ արդեն մոտեցել էին հայ КГБ-եչնիկները և խնդրել, որ բացի մեր նեղ շրջապատից՝ այդ մարդն այլևս ոչ մեկի հետ շփումներ չունենա: Ես, իհարկե, զարմացած էի, թե նրանք որտեղի՞ց գիտեին իմ շրջապատի մասին, բայց պարզվեց, որ գիտեին ամեն ինչ՝ իմ ու իմ շրջապատի մասին, և դա ինչ-որ առումով, զուտ հոգեբանորեն՝ ինձ վրա մեծ ազդեցություն ունեցավ: Իրականում՝ դա նրանց աշխատանքային ոճն էր՝ ազդելու մարդկանց հոգեբանության վրա: Ես միայն վերջին րոպեին թարգմանչի միջոցով խնդրեցի հաղորդել Անտոնիոնիին, որ հանձին ինձ՝ իր դեմ կանգնած է մի մարդ, ով տեսել է իր բոլոր ֆիլմերը, նույնիսկ այն ֆիլմերը, որոնք այստեղ դեռ ոչ ոք չէր տեսել: Ինքը ծիծաղեց, ասաց, որ այդ մասին կխոսենք հաջորդ հանդիպման ժամանակ, իսկ հաջորդ հանդիպում այլևս չեղավ:

Խորհրդային տարիներից վերադառնալով մեր քաղաքական իրականություն՝ կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը կարծիք հայտնեց արդիական քաղաքական իրականության և դրա զարգացումների մասին. «Այս հարցին ես կպատասխանեմ՝ գալով նույն խորհրդային տարիներից՝ մեղադրելով Ստալինին այն բանի համար, որ նա 50 մլն մարդկային զոհ է տվել, ես մեղադրում եմ աշխարհի բոլոր ղեկավարներին: Պարզվեց, որ պատմության վերջին ռոմանտիկ քաղաքական հերոսը եղել է Նապոլեոնը, նրանից հետո բոլորը վարկաբեկված են: Ներում չունի ոչ մի ղեկավար, ոչ մի երկրում, և նույն հաջողությամբ ներում չունի այն ղեկավարը, որի ձեռքով մեր իրականության մեջ իրողություն դարձավ Մարտի 1-ը»:

Տեսանյութեր

Լրահոս