Ընտրական օրենսգիրքը վերջապես կհասնի ԱԺ

Ընտրական օրենսգրքի նախագիծը վերջապես այսօր ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը: 10 հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի հետ միասին, նոր ԸՕ-ն կուղարկվի Ազգային ժողով: Նախագծում ներառվել են շահագրգիռ բոլոր գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկները, որի արդյունքում լրամշակված փաթեթը որոշակի տարբերություններ ունի՝ Վենետիկի հանձնաժողով ուղարկված նախնական տարբերակի համեմատությամբ: Այդ տեսքով այն կդրվի հանրային քննարկման: Վենետիկի հանձնաժողովն (ՎՀ) իր հերթին՝ հրապարակել է ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի անգլերեն տարբերակը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» առանձնացրել է առավել հետաքրքիր նորամուծությունները, մասնավորապես` էականորեն կրճատվում են ընտրատարածքները, և 41-ի փոխարեն՝ այժմ լինելու են 13-ը, փոխվում է ՏԻՄ ձևավորման կարգը Գյումրիում և Վանաձորում, որտեղ ավագանիները ևս կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետերը կընտրվեն արդեն ավագանու կողմից՝ ինչպես Երևանում: Թերևս, ամենախոշոր փոփոխությունն ԱԺ ձևավորմանն է վերաբերում՝ պատգամավորների նվազագույն թիվը սահմանվում է 101, եթե քվեարկության արդյունքում որևէ կուսակցութուն ստացել է 53 մանդատ, ապա ԱԺ-ն համարվում է ընտրված և ունենում է 101 պատգամավոր, իսկ եթե կուսակցություններից որևէ մեկը 53 մանդատ չի հավաքում, ապա 101 մանդատները բաշխվում են, և անցկացվում է 2-րդ փուլ, կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները ներկայացնում են մեկ համապետական համամասնական ընտրական ցուցակ և 13 տարածքային ընտրական ցուցակ, և այլն:

Իսկ ամենաաբսուրդային փոփոխությունը, թերևս, քվեարկության վերահսկողության կարգին է վերաբերում՝ յուրաքանչյուր ընտրական տեղամասում միաժամանակ գտնվող տեղացի դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թիվը սահմանափակվում է 8-ով, և ոչ միայն՝ միջազգային, այլև՝ տեղական դիտորդական կազմակերպությունները կարող են մասնակցել ընտրություններին՝ բացառապես ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի կամ ԿԸՀ-ի հրավերի առկայության դեպքում:

«168 Ժամը» արտախորհրդարանական ուժերից հետաքրքրվեց, թե ի՞նչ են մտածում այս փոփոխությունների վերաբերյալ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում նոր են ծանոթանում նախագծին, նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը ևս դեռ չի ծանոթացել, միայն դիտորդների թվի սահմանափակումը «զարմանալի» անվանեց, բայց ԸՕ «սևագիր» տարբերակի մասին չցանկացավ խոսել:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը բացասաբար արտահայտվեց ՎՀ-ի կողմից նման կարևոր փաստաթղթերի հաստատման վերաբերյալ:

Ըստ նրա՝ նույն կերպ Սահմանադրությունը փաթաթվեց մեր վզին, և այժմ էլ` ԸՕ-ն, որ ոչինչ էլ չի փոխելու.

«2000 թ.-ից ՀՀ-ն ԵԽ անդամ է, բայց որևէ ընտրություն 10% իրականությանը համապատասխան արդյունքներ չի արձանագրել: Մենք վաղուց ստրկական վիճակում գտնվող երկիր ենք: ԸՕ-ն ի՞նչ պետք է փոխի, իրենք արդեն որոշել են՝ մեր երկրում ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, ով է ԱԺ-ում, ով՝ դրսում, և Սերժ Սարգսյանի հետ կգծեն՝ ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ: Եվ ինչքան տառաճանաչությունը ցածր լինի, այդքան լավ իրենց համար՝ շատ հեշտ կկառավարեն այս երկիրը: Ընտրական համակարգ չկա, ի՞նչ տարբերություն՝ համամասնակա՞ն է, թե՞ մեծամասնական, նախագահակա՞ն է, թե՞ պառլամենտական»:

Ս. Գիմիշյանը դիտորդների թվի սահմանափակումն ընտրատեղամասերում պայմանավորեց նրանով, որ դիտորդները խանգարում են, աղմկում ու բողոքում կեղծիքների դեմ, թեև դա էլ է մոռացության մատնվում. «Մարտի 1-ի սպանդն են մոռացել, ուր մնաց՝ ընտրատեղամասերում բողոքները հիշեն: Սա համակարգ է՝ երկիրը ստրկացնելու և կառավարելու: 2000-ին ուրախությունս մեծ էր, երբ ԵԽ անդամ դարձանք, ասում էինք՝ մաքուր ընտրություններ, ազատ համակարգ կլինի, պարզվեց՝ այդ բոլորը կեղծիք է և խայտառակություն: Ես ամաչում եմ, որ մեր երկիրը բոլոր օրենքներն ուղարկում է ՎՀ: Ո՞վ են նրանք, ես նրանց հետ շփվել եմ, ո՛չ մասնագիտական, ո՛չ մարդկային, ո՛չ էլ բարոյական իմաստով, այլասերված, խայտառակ անձնավորություններ են, 16 տարվա իրենց աշխատանքի արդյունքը պարզ է մեզ համար: Դրանց ոտքերը պետք է կոտրել, որ այս երկիր չմտնեն, այլասերել, փչացրել, քանդել են: ԵԽ անդամ դարձանք, որ 3.5 մլն բնակչությունը 1.5 մլն դառնա՞:

Օլիգարխիա, հանցագործություն, ոչ լեգիտիմ իշխանություններ՝ բոլորն իրենց քաղաքականությունն է, որովհետև բոլոր օրենքներն ընդունում ենք՝ ըստ իրենց ճաշակի, և ինչ արվում է իրենց մասնակցությամբ՝ ի օգուտ օլիգարխների և իշխանությունների է, և ոչ անշահախնդիր՝ վարկեր են բերում, միասին կերակրատաշտը դատարկում են, երկիրն աղքատանում է: Սա է Վենետիկի հանձնաժողովը`՝ դրա ետևում կանգնած մյուս կառույցներով հանդերձ»:

«Նոր Հայաստան» հանրային փրկության քաղխորհրդի անդամ Պետրոս Մակեյանը ևս բացասական գնահատեց ՎՀ միջամտությունը, քանի որ ՀՀ քաղաքական ուժերն ու հանրությունը, որ պետք է անմիջական մասնակցեին ու պատասխանատու լինեին, իրենք տեղեկացված չեն, վերջինն են իմանում ամեն ինչ. «Հայաստանում ընտրական համակարգ, ընտրություն հասկացողությունը, 15-20 տարի է, իսպառ բացակայում է, ամեն ընտրությունից ընտրություն` լիարժեք վերածվել է կազմակերպված իմիտացիոն գործընթացի, որի քողի տակ ընտրություն են անում, հայտարարում են արդյունքներ, քաղաքական ուժերին տոկոսներ են տալիս, հանրաքվե են անում, բայց, օրինակ, վերջին հանրաքվեն 10 % «այո» էր, 90%՝ «ոչ», բայց տեսանք՝ ինչ արձանագրվեց: Դրա համար այդ մասին խոսելն անիմաստ է, մինչև ռեժիմ չի փոխվել, ամենաիդեալական ԸՕ-ն էլ չի գործի»:

Տեսանյութեր

Լրահոս