Polymetal Plc ընկերությունը ոսկու հանքավայր է ձեռք բերում Կապանում
Polymetal Plc ընկերությունը, որն արծաթի խոշորագույն արտադրողն Է ՌԴ-ում եւ ոսկու առաջատար արդյունահանողներից մեկը, 25 մլն դոլարով ոսկու գործող հանքավայր է ձեռք բերում Կապանում: Հայաստանում այդ ընկերության երկրորդ ակտիվի գնման գործարքը, որը տարեկան 1 տոննայից պակաս ոսկի է արդյունահանում, պլանավորվում է ավարտել երկրորդ եռամսյակում: Այդ մասին ասված է ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
«Այդ ակտիվը մեծ ներուժ ունի»,- հայտնել է Polymetal-ի գլխավոր տնօրեն Վիտալի Նեսիսը: Գործարքն ավարտելուց հետո ընկերությունը կհայտարարի հանքավայրի վերաբերյալ իր կարճաժամկետ ու երկարաժամկետ պլանների մասին:
Որպես վաճառող է հանդես գալիս Dundee Precious Metals Inc ընկերությունը: Ակտիվի գնման ընդհանուր գումարը ներառում է 10 մլն դոլար՝ դրամական միջոցներով, եւ Polymetal-ի՝ 15 մլն դոլար գումարի նոր բաժնետոմսերի թողարկում:
Polymetal-ը արդյունահանում եւ երկրաբանական հետախուզում է իրականացնում Ռուսաստանի չորս տարածաշրջաններում՝ Մագադանի եւ Սվերդլովսկի մարզերում, Խաբարովսկի երկրամասում եւ Չուկոտկայում, ինչպես նաեւ Ղազախստանում: