Անուշ Սեդրակյանը խնդրահարույց կետեր է տեսել Ընտրական օրենսգրքի նախագծային տարբերակում

«Մենք անընդհատ ինչ-որ բան բարելավում ենք. մենք բարելավում ենք սահմանադրությունները, որոնք իրենց քաղաքական իրացումը չեն ունենում Հայաստանի քաղաքական կյանքում, բարելավում ենք Ընտրական օրենսգիրքը՝ լավագույն նկատառումներով, լավագույն մասնագետների օգնությամբ, ու դարձյալ ընտրական գործընթացի վրա դա բնավ չի ազդում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Հիշեցնենք, որ այս գիշեր Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրվել է  Ընտրական օրենսգրքի նախագծային տարբերակը:

Ա. Սեդրակյանը նշեց, որ ինքը դեռևս հպանցիկ է ծանոթացել փաստաթղթին: Խոսելով փաստաթղթի որոշ խնդրահարույց դրույթների մասին՝ նա նշեց, որ, ըստ փաստաթղթի՝ Հայաստանում իրավունք ունեն քվեարկելու բոլոր նրանք, ովքեր հասել են ընտրական տարիքին և ՀՀ քաղաքացի են, որից հետո կա մի ենթակետ, որ նաև՝ բոլոր այն մարդիկ, որոնք ՀՀ քաղաքացի չեն, բայց հաշվառմամբ՝ գրանցված են Հայաստանում. «Մեծ հարց է առաջանում՝ ի՞նչ ասել է՝ մարդիկ, որոնք հաշվառված են Հայաստանում, ի՞նչ նպատակներով են նրանք գրանցված, եթե նրանք ՀՀ քաղաքացի չեն: Այս շատ աղոտ ձևակերպումը նշանակում է, որ կարող է հայտնվեն բազմաթիվ մարդիկ և բազմապատկեն ընտրողների քանակը: Կասկածներս ավելի խորացան, երբ ես հասա ընտրացուցակների հրապարակման մասին կետին: Այնտեղ գրված է, որ ընտրացուցակները պետք է հրապարակվեն, բայց էլի գալիս է մի կասկածելի կետ՝ ՀՀ քաղաքացիների անունները տպվում են ընտրացուցակներում, իսկ այն մարդիկ, ովքեր գրանցված են Հայաստանում ու քվեարկում են, չեն գրվում: Դրանից հետո գալիս է մի «պոզիտիվ» կետ, որ այն մարդը, որն իր անունը չի գտնում ցուցակներում, կարող է դիմում ներկայացնել ու հաշվառվել ցուցակներում: Դա շատ լավ է, որ մարդիկ կարող են դիմել և վերականգնել, բայց մենք ունենք պրակտիկա, որ Հայաստանի ընտրացուցակները և Հայաստանի ռեալ քվեարկող բնակչությունը հակասության մեջ են: Այնքան ավելացման խնդիր չունենք, որքան պակասեցման»:

Նա պարզաբանեց, որ եվրոպացիներն այդ հակասությունները չեն տեսնում, քանի որ չեն հասկանում, թե ինչու պիտի կեղծվի ընտրական մեխանիզմը, որը ժողովրդի բարօրության պետք է բերի:

Կարդացեք նաև

Ա. Սեդրակյանի խոսքով՝ ինքը հեռու է այն մտքից, որ պետք է միանգամից դատափետել նախագիծը, չի բացառում, որ այդ Ընտրական օրենսգիրքը լինի շատ ավելի հաջող, շատ ավելի բարելավված, ավելի ժողովրդավարական, քան նախորդը. «Բայց եթե չկա քաղաքական կամք՝ այդ տեսական առավելություններն իրականացնելու համար, վերջանում է նույն արդյունքում. մենք ունենում ենք Հայաստանում ընտրական գործընթացից հիասթափություն»:

Տեսանյութեր

Լրահոս