«Մարդիկ ինձ տալիս են իրենց անպետք իրերը, և ես դրանց երկրորդ կյանք եմ տալիս». Նելլի Գևորգյան
Չգիտես ինչո՞ւ՝ դեռևս սովետական ժամանակաշրջանից չափանիշ է դարձել, որ արվեստագետը չխմանված արտաքինով, անհայտ տարիքի, միայն իրեն հասկանալի ոճ ունեցող անձնավորություն է, ով ապրում է իր գաղտնի աշխարհում: Իսկ երբ հանդիպում ես բարետես, խնամված, էլեգանտ մի կնոջ, ով նաև ստեղծագործում է՝ անպետք, մոռացված առարկաներից ստանալով ամբողջական գեղագիտական պատկերներ, կոլաժներ, «հաճելիորեն» գիտակցում ես, որ կարծրատիպերով ես ապրում:
Տարիներ շարունակ գարնան առաջին օրը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի է ունենում ԵՊՀ-ի պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Հեղինակի 14-րդ անհատական ցուցահանդեսը նվիրված է գարնան զարթոնքին և Կանանց միջազգային օրվան: Այս անգամ հեղինակը ներկայացրել էր թվով 38 կոլաժ: Ցուցահանդեսը բաց է մարտի 1-10-ը:
Մենք զրուցեցինք տիկին Նելլիի հետ, ով այդ օրը շրջապատված էր բարեկամների և ընկերների մեծ բազմությամբ: Ի դեպ, այդ օրը ցուցահանդեսին ներկա էր նաև դերասան Աշոտ Ղազարյանը, ում կնոջ մորաքույրն է Նելլի Գևորգյանը:
– Տիկին Նելլի, ի՞նչը կարող է ներշնչանք հանդիսանալ, որպեսզի վաղուց մոռացված, լքված և անպետք իրերից ստեղծվի գեղեցիկի համադրություն:
– Ներշնչանք կարող է հանդիսանալ ամեն ինչ: Ցանկացած մոռացված և, առաջին հայացքից՝ անպետք առարկայի նայելիս՝ կարելի է տեսնել գեղեցիկը: Մարդիկ ինձ են տալիս իրենց համար անպետք համարվող իրերը, և ես դրանց երկրորդ կյանք եմ տալիս: Այս բոլոր իրերը թափվում են նկուղներում, մոռացվում են տան անկյուններում: Ես խնդրել եմ իմ ընկերներին, որ այդպես վարվելու փոխարեն՝ ինձ նվիրեն այդ իրերը, և ահա, տեսնում եք արդյունքը:
– 14 անհատական ցուցահանդես եք կազմակերպել: Պատահե՞լ է, որ կրկնվեք Ձեր կոլաժներում:
– Հինը չեմ կրկնում: Չեմ սիրում կրկնվել: Միայն 10-րդ ցուցահանդեսին ես ներկայացրեցի լավագույնները՝ ամփոփելով 10 տարիների աշխատանքներս: Իսկ հետո և դրանից առաջ երբեք չեն եղել կրկնություններ:
– Որքա՞ն ժամանակ է պահանջվել այսօր ներկայացված 38 կոլաժը ստեղծելու համար:
– Առհասարակ աշխատում եմ միայն գիշերը, այն էլ ձմռանը՝ ընդամենը մեկ ամիս: Երբ տեսնում եմ նյութը, որի հետ պետք է աշխատեմ, արդեն պատկերացնում, թե ի՞նչ կարող եմ ստանալ այդ ամենից: Նյութից է կախված իմ ստեղծելը:
– Այս 14 տարիների ընթացքում ստեղծած քանի՞ աշխատանք ունեք:
– 600-ից ավելի:
– Եվ որտե՞ղ եք այդ ամենը պահպանում:
– 45 աշխատանք նվիրաբերել եմ Սարյանի անվան արվեստի դպրոցին: Հաճախ նվիրում եմ, բայց երբեք չեմ վաճառել:
– Արվեստագետները ցանկանում են, որ իրենց ստեղծածը գնահատվի, հասանելի լինի հանրության ուշադրությանը: Միշտ հետաքրքրել է, թե ի՞նչ է լինում հետո, երբ հանդիսատեսը դուրս է գալիս ցուցահանդեսից, թատրոնից, կինոդահլիճից, և որոշ ժամանակ անց արվեստագետի ստեղծածը մոռացության է մատնվում:
– Ես այն արվեստագետն եմ, ով ամեն տարի հիշեցնում է հանդիսատեսին, որ գարուն է, և ժամանակն է՝ տեսնելու իմ ստեղծածը: Իսկ եթե ընդհանուր խոսենք այդ երևույթի մասին, ապա վստահ եմ, որ արվեստի ստեղծագործությունը, այնուամենայնիվ, իր արձագանքն է գտնում մարդու աշխարհայացքի, հոգու մեջ: Եվ ոչինչ անհետք չի կորչում:
– Ձեր կոլաժներն ի՞նչ կտան այս ցուցահանդեսին ներկաներին:
– Հաճույք, գարնան շունչ:
Լուսանկարները՝ ysu.am-ի