Նոր վարկեր՝ Նուբարաշենում նոր աղբավայրի կառուցման համար
ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ 2015թ. դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրին հավանություն տալու մասին հարց: Նախատեսվում է, որ ՎԶԵԲ-ը ծրագրի ֆինանսավորման նպատակով ՀՀ-ին կտրամադրի 8 մլն եվրոյի վարկ:
Հիմնավորման համաձայն` ծրագիրը միտված է Հայաստանի մայրաքաղաք Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը: Մասնավորապես, նախատեսվում է նոր աղբավայրի կառուցում, վերջինիս համար մասնագիտացված տրանսպորտային միջոցների և սարքավորումների գնում, գոյություն ունեցող աղբավայրի տարածքում մակերեսի մեկուսացում: Նոր աղբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա:
Ծրագրի արժեքը կազմում է 24 մլն եվրո, որից` 8 մլն եվրո վարկ ՎԶԵԲ-ից, 8 մլն եվրո վարկ` Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ), և ևս 8 մլն եվրո դրամաշնորհ նախատեսվում է ներգրավել ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով:
Գործադիրը փետրվարի 3-ի նիստում կքննարկի նաև Եվրոպական ներդրումային բանկից նույն ծրագրի համար ևս 8 մլն եվրո ներգրավելու վարկային համաձայնագրին հավանություն տալու մասին հարցը: