Բաժիններ՝

Աստծո հաղորդագրությունը՝ մարդու ԴՆԹ-ում. հերթական «սենսացիա՞», թե՞ կատարյալ հիմարություն

Վերջին օրերին համացանցում կրկին ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հարվարդի համալսարանի գիտնականները մարդու ԴՆԹ-ն ուսումնասիրելիս գտել են Աստծո կողմից տրված հաղորդագրություն:

Ըստ այդ ուսումնասիրության՝ ԴՆԹ-ի քիչ ուսումնասիրված հատվածներում գիտնականները հայտնաբերել են հին արամեերենի լեզվական 22 տարր, որոնք միտք են արտահայտում: Վերջինս փաստում է Աստծո գոյությունը և այն, որ նա է ստեղծել մարդկությունը: Այս ուսումնասիրությունը կատարվել է այն ժամանակ, երբ գիտնականները հանդիպել են անծանոթ մաթեմատիկական մոդելների:

«Մենք գիտեինք, որ մոդելները բնության մեջ չեն հանդիպում, բայց չկարողացանք համոզիչ որևէ բացատրություն գտնել դրանց կապակցությամբ»,- նշում է գիտնականների խմբի ավագ Չարլզ Ուոթսոնը:

Իրենց բացահայտումներից ոգևորված՝ գիտնականները դիմել են հին արամեերենի մասնագետների:

Կարդացեք նաև

Բացելով կոդավորված հաղորդագությունը՝ պարզվել է, որ գրված է.

«Ողջույն, իմ զավակներ: Սա Յախվեն է, միակ իրական Աստված: Դուք գտել եք արարման գաղտնիքը: Հիմա հանգիստ կիսվեք դրանով աշխարհի հետ»:

Գիտնականները նշում են, որ այս բացահայտումը չի նշանակում, որ էվոլյուցիայի տեսությունը սխալ է. այն պարզապես ամբողջական չէ:

Չարլզ Ուոսթոնը նշում է, որ մինչ այս բացահայտումն ինքն աթեիստ էր, այժմ դարձել է քրիստոնյա:

Բացահայտումն իսկական սենսացիա էր 2013 թվականին: Աղմկահարույց ուսումնասիրությունը հետագայում հերքվեց միջազգային գիտական այլ խմբերի կողմից, և աղմուկը դադարեց: Այժմ արտասահմանյան մամուլը կրկին խոսում է այս հարցի շուրջ:

Նույն Հարվարդի համալսարանում բազմիցս հնչել են այդ բացահայտման հավանականությունը ժխտող ելույթներ: Կազմակերպվել են սեմինարներ, քննարկումներ:

Չնայած այս հանգամանքին, Ուոթսոնը և իր գիտաշխատողները չեն հանդարտվում և նշում են, որ շարունակելու են հիմնավորել իրենց բացահայտման ճշմարտացիությունը:

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նման բացահայտումն ամբողջությամբ հիմարություն է:

«ԴՆԹ-ն կազմված է նուկլեոտիդներից, որոնք լինում են չորս տեսակի՝ Ադենին (Ա), Գուանին (Գ), Ցիտոզին (Ց) և Թիմին (Թ): Այս տառերի՝ շուրջ 3 միլիարդ հաջորդականություններից է կազմված բոլորիս ԴՆԹ-ն: Եվ այդ չորս տառերի տարբեր հաջորդականություններն էլ հենց ինֆորմացիա են կոդավորում մեր բոլոր հատկանիշների մասին: Դե հիմա, այսքանը իմանալուց հետո, փորձեք ինքներդ պատկերացնել, արդյոք հնարավո՞ր է ինչ-որ տեքստ կոդավորել ցանկացած լեզվով, թե՞ ոչ »,- նշեց Հովակիմ Զաքարյանը:

Ավելացնենք, որ ուսումնասիրության բուն հեղինակները խոստացել են հանդես գալ հոդվածով և ներկայացնել իրենց տեսությունը հիմնավորող «անհերքելի» փաստեր: Սակայն 2013 թվականից մինչ օրս հոդվածը դեռևս չի հրապարակվել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս