«Դատավորի քմահաճույքին չենթարկվելու այլընտրանքը քրեական տարրերի կտտանքներին ենթարկվելն է». Վարդգես Գասպարի
Այսօր ազատ արձակվեց ակտիվիստ Վարդգես Գասպարին: Վերաքննիչ քրեական դատարանը՝ քննելով Վ. Գասպարիին կալանավորելու որոշման դեմ բողոքը՝ որոշել էր վերացնել այդ որոշումը և հանձնարարել ազատ արձակել նրան: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Վ. Գասպարիի դեմ քրեական գործով դատական նիստ, որին նա ներկայացել էր՝ համապատասխան աշխատակիցների ուղեկցությամբ:
Դատարանում նախագահող դատավորը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, այն հանձնեց ուղեկցողներին, ու ասաց, որ ազատ են:
Դատարանը որոշեց որպես Վ. Գասպարիի պաշտպաններ ներգրավել փաստաբաններ Տիգրան Եգորյանին և Լուսինե Սահակյանին՝ չնայած վերջիններս, ինչպես նաև՝ Գասպարին, հայտարարեցին, որ ամբաստանյալը երբեք չի հրաժարվել նրանց ծառայություններից:
Դատական նիստի ընդմիջման ժամանակ Վ. Գասպարին լրագրողների հետ զրույցում ընդամենը մի նախադասության ասաց. «Ինչպես ժամանակին բնութագրեց Լեյլա Յունուսը՝ ինձ դարձրեցին գաղութի փոշի»: Դատարանում Վ. Գասպարին ասաց, քանի որ դատարանը բոլոր դեպքերում օրինականության շրջանակներում չի կարողանում հակակշռել իր բողոքի արդար և օրինական դրսևորումներին, որոշել է կալանավորել իրեն, տեղափոխել այն միջավայրը, որտեղ գոյություն չունեն օրենքներ՝ «Նուբարաշեն» ՔՀԿ, որտեղ շրջանառվում և օգտագործվում են ահռելի քանակով թմրանյութեր, «պարտադիր է զումարը, օբշչակին մասնակցելը, քրեական իրավահարաբերությունների մեջ մտնելը».
«Դուք ինձ կալանավորելով և «Նուբարաշենում» փակելով՝ փորձեցինք ինձ բերել ձեզ հարազատ միջավայր, որպեսզի ձեր հարազատ միջավայրում, ձեզ հարազատ միջոցներով փոխեք իմ քաղաքացիական դիրքորոշումը»: Գասպարին ասաց, որ դատարան գոյություն չունի, դատավորը հանդես է գալիս՝ որպես մեղադրող կողմ: Դատավորը խնդրեց գործի շրջանակներում և ըստ էության մեղադրանքի ծավալի շուրջ հայտարարություն անել, ապա նրան խնդրեց չխոչընդոտել դատական նիստի բնականոն ընթացքին: Նրա պաշտպանը մի քանի անգամ խնդրեց նշել, թե ինչ հիմքով է նախազգուշացում կիրառվել, ինչից հետո դատավորը հայտարարեց, որ նման պայմաններում նիստը չի կարող շարունակվել, դատարանը հարկադրված է հետաձգել այն: Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 29-ին:
Դատական նիստի ավարտից հետո Վ. Գասպարին ասաց, որ իր բողոքի, ինչպես նաև իր պաշտպանների գործողություններն օրինականության շրջանակներում են եղել: Ներկայացնելով ՔԿՀ-ում տիրող իրավիճակը՝ Գասպարին ասաց, որ միայն նախորդ տարի ՔԿՀ-ներում 5 մարդ ինքնասպանություն է գործել, սակայն դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:
Նա կրկին ներկայացրեց այն բռնությունները, որոնք կիրառվել են իր նկատմամբ, ամենը մանրակրկիտ պլանավորված է եղել: Խցում իր նկատմամբ բռնություն է կիրառել երեք անձ, ովքեր հեռախոսով հրահանգ են ստացել և սկսել բռնություն գործադրել իր նկատմամբ. «Դա միանգամայն ծրագրավորված էր: Այն ահռելի ճնշումները, հատկապես՝ հոգեբանական, որ նրանք իրականացրին, դժվար է, միանգամից հնարավոր չէ դա մոռանալ: Ես դեռ ապրում եմ այդ բռնությունները»:
Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Վ. Գասպարիի հայտարարությունների հիման վրա: Հարցին՝ արդյոք ակնկալիքներ ունի՞ դրանից, Գասպարին պատասխանեց, որ սա բացառիկ երևույթ չէ. «Որպես մարդ՝ կարող եմ ասել՝ «Նուբարաշենի» կեսը, եթե ոչ՝ 70-80 տոկոսն ահավոր, սարսափելի, վախվորած վիճակում է ապրում՝ փշի վրա: Բոլորն այդ վիճակի մեջ են: Եթե իմ ձայնը լսող կա, իրենց ձայնը բացարձակապես լսող չկա: Այդ մարդիկ կորած մարդիկ են: Եվ ես, ճիշտն ասած, իմ դժգոհությունն էի հայտնել դիտորդական խմբին, որ իրենք ուղղակիորեն, բառացիորեն ոչ մի ներգործություն չունեն: Այդտեղ ոչ թե կալանավայր է, այլ, այսպես ասած՝ սպանդանոց: Ամեն մարդ օրվա ընթացքում 100 անգամ մեռնում-սաղանում է»: Նա նշեց, որ իր նկատմամբ բռնություն գործադրած անձինք պարտադիր պետք է պատժվեն. «Նրանք ինձ նվաստացրել են՝ հողին հավասար»:
Սակայն նա նշեց, որ այս հարցին պետք է այնպես մոտենալ, որ տիրող իրավիճակը փոխվի: Նա ասաց, որ ադմինիստրացիան միանշանակ կիսով չափ կամ հավասար մասնակիցն է բռնությունների և խոշտանգումների:
Հարցին՝ արդյոք կմասնակցի՞ իր գործով դատական նիստերին, Գասպարին պատասխանեց, որ այս պահին կարող է ասել, որ չի ցանկանա նորից հայտնվել կալանավայրում և կտտանքների ենթարկվել. «Փաստն այն է, որ դատավորի քմահաճույքին չենթարկվելու այլընտրանքը քրեական տարրերի կտտանքներին ենթարկվելն է: Ես անկեղծանում եմ, դժվարանում եմ հիմա ասել՝ ես էլի կընդդիմանա՞մ դատավորի քմահաճույքին, անօրինականություններին, թե չեմ ընդդիմանա: Անկեղծ՝ դժվարանում եմ միանշանակ պատասխանել»:
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով ազատ արձակել իրեն: Հատկապես շնորհակալություն հայտնեց երիտասարդներին, ովքեր ի պաշտպանություն իրեն՝ ակցիաներ են իրականացրել: