Նոր աշխատակարգի հիմքում դրվելու են ՀՀ Նախագահի ծրագրային ուղենիշները և կառավարման նոր մշակույթը. Լևոն Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրավիրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին ներկա են եղել նախարարության ստորաբաժանումների ու առանձնացված կառույցների պատասխանատուները:
Նախարարը խորհրդակցությունը սկսել է հանրապետությունում ընթացող կառավարման ոլորտի բարեփոխումներով պայմանավորված համակարգային նոր մշակույթի կարևորմամբ.
«Սահմանադրության փոփոխություններից հետո մեր պետությունը թևակոխել է պետական համակարգի փոփոխությունների ակտիվ փուլ, որն ենթադրում է կառավարման ավելի արդյունավետ մշակույթի ներդրում: Հանրապետության Նախագահի վերջին ծրագրային ելույթում շատ հստակ ուղենիշներ դրվեցին առաջիկա տարիների համար:
Դա, ըստ էության, Հայաստանի Հանրապետության նոր ծրագրային փաստաթուղթն է, որը դրվելու է մեր աշխատակարգի հիմքում: Կրթական համակարգի ծրագրային բարեփոխումները պետք է իրականացվեն նոր աշխատակարգով: Ովքեր կարող են և պատրաստ են այդ աշխատակարգի պահանջով առաջնորդվել կշարունակեն իրենց նպաստը բերել կրթական համակարգի զարգացմանը»,- նշել է Լևոն Մկրտչյանը, շեշտելով, որ խորհրդակցության մասնակիցներից շատերը կրթական համակարգում անցել են երկար ճանապարհ և ունեն մեծ ներդրում համակարգի ստեղծման գործում:
Նախարարը մեկ անգամ ևս շեշտել է, որ աշխատանքի գնահատման միակ չափանիշը լինելու է պրոֆեսիոնալիզմը. «Դժվարությամբ իրականացված բարեփոխումների ընթացքում մենք կարողացանք կրթական համակարգի արտաքին տեսքը ստեղծել, ժամանակն է, որ մտածենք բարեփոխումների ձևի մեջ բովանդակություն ներդնելու մասին:
Կրթական հիմնական բարեփոխումները եղել են համապատասխանության և որակի ծրագրեր: Համապատասխանության խնդիրը, գուցե որոշակի բացթողումներով, սակայն լուծել ենք, այժմ մենք խնդիր ունենք տարիների ընթացքում ստեղծված բարեփոխումների գործիքակազմին տալ իմաստ, այլապես դրանք կարող են կորցնել իրենց իմաստը»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ կրթության որակի խնդիրը բովանդակային լուրջ աշխատանք և համատեղ ջանքեր է պահանջում:
Նախարարն առանձին անդրադարձել է կրթության բոլոր աստիճաններին` մանրամասնելով հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները:
Լ. Մկրտչյանն այս համատեքստում հատուկ ընդգծել է հանրակրթության ոլորտում ավագ դպրոցների, բարձրագույն կրթության ոլորտում մագիստրոսի ծրագրի արդյունավետության բարձրացումը.
«Մենք ունենք մի վիճակ, երբ ծնողները չեն ուզում իրենց երեխաներին ավագ դպրոց ուղարկել: Սա անթույլատրելի է: Խնդիր ունենք նաև մագիստրատուրայում, մասնավորապես, պետք է հստակեցնենք ինչով են տարբերվում բակալավրի և մագիտրոսի կրթական ծրագրերը և դրանց համապատասխանությունն աշխատաշուկայի պահանջներին, այլապես բարձրագույն կրթության աստիճանավորումը կորցնում է իր արժեքը»,- ընդգծել է Լևոն Մկրտչյանը` հավելելով, որ որպես ԵՊՀ դասախոս անձամբ է զգացել կրթական բարեփոխումների որոշ հետևանքները կրթության որակի վրա:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթական համակարգի կառուցվածքային, համակարգի ֆինանսավորմանը, առանձնացված ստորաբաժանումների աշխատանքին և բազմաթիվ այլ հարցերի: