Կուրսանտի սպանության գործի նյութերով հարուցված գործ. զինծառայողները մեղադրվում են անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու մեջ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվում էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նյութերով հարուցված մեկ այլ գործի քննությունը:

Քրեական գործի շրջանակներում Թելման Մխիթարյանին և Խաչիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 1 կուրսանտական գումարտակի 1 մարտկոցի 3-րդ դասակի 2-րդ ջոկի կուրսանտներ, 2015թ. հունվարի 28-29-ը Թելման Մխիթարյանն ընդգրկված լինելով՝ որպես մարտկոցի հերթապահ, իսկ Խաչիկ Մինասյանը՝ օրապահ, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի կանոնների նկատմամբ դրսևորել են անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, ինչն էլ առաջացրել է ծանր հետևանք, այն է՝ նույն մարտկոցի կուրսանտներ Գնել Թևոսյանի, Նորիկ Սահակյանի, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի և Հայկազ Բարսեղյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, և սպանվել է Հայկազ Բարսեղյանը:

Դատարանը ճշտեց երկու ամբաստանյալների ինքնությունը: Ամբաստանյալ Խաչիկ Մինասյանի պաշտպան Դավիթ Հունանյանը միջնորդեց հաստատել մի շարք ցուցմունքների՝ որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը: Նա նշեց, որ մինչդատական վարույթի ընթացքում Խաչիկ Մինասյանը վկայի կարգավիճակում ցուցմունք է տվել 2015թ. հունվարի 30-ին, 31-ին, փետրվարի 10-ին, սակայն խնդիրն այն է, որ Խաչիկ Մինասյանը չափահաս չի եղել հարցաքննության արձանագրություններում շարադրված ցուցմունքները տալու պահին: Փաստաբանն ասաց, որ 2015թ. հունվարի 30-ին կազմված արձանագրությունում առկա է Խաչիկ Մինասյանի կողմից արված գրառում այն մասին, որ չի ցանկանում, որ հարցաքննությանը ներկա գտնվի ծնողներից որևէ մեկը: Նա նշեց, որ կարելի է ենթադրել, որ վկայի հարցաքննությունը սկսվել է, ապա պարզվել, որ նա անչափահաս է, ինչից հետո նոր կատարվել է գրառումը: Մյուս երկու արձանագրություններում, ըստ նրա, չկա գրառում օրինական ներկայացուցչի ներկայությամբ ցուցմունք տալուն կամ չտալու մասին: Նրա խոսքով՝ այն, որ հարցաքննությանն օրինական ներկայացուցչի մասնակցությունը կարող էր ազդել գործով փաստական տվյալների հավաստիության վրա, հաստատվում է, օրինակ, նրանով, որ հոր հետ ունեցած զրույցից հետո, 2015թ. հուլիսի 1-ին Խաչիկ Մինասյանը գրեթե ամբողջությամբ փոխել է իր կողմից տրված ցուցմունքները: Բացի այդ՝ պաշտպանի խոսքով՝ նախաքննության ընթացքում հարցաքննվել է վկա Կարեն Բաղրամյանը, ով ևս անչափահաս է եղել. նա հարցաքննվել է մի քանի անգամ, սակայն միայն երկու հարցաքննության արձանագրությունում նշում կա այն մասին, որ չի ցանկանում, որ իր ծնողներից որևէ մեկը ներկա գտնվի հարցաքննությանը: Փաստաբանը վկայակոչեց մեկ այլ վկայի ցուցմունքը ևս, ով, ըստ նրա, հարցաքննվելու ընթացքում անչափահաս է եղել. այս դեպքում ևս հարցաքննության միայն երկու արձանագրությունում է նա գրառում կատարել այն մասին, որ չի ցանկանում, որ հարցաքննությանը ներկա գտնվի իր ծնողներից որևէ մեկը: Նա նշեց, որ, քանի որ տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից հաշվի չի առնվել օրինական ներկայացուցչի կարծիքը, չեն ապահովվել նաև անչափահաս վկաների դատավարական իրավունքները: Գործով մյուս ամբաստանյալ Թելման Մխիթարյանի պաշտպան Լիաննա Գասպարյանը միջնորդության վերաբերյալ կարծիք չհայտնեց՝ լուծումը թողնելով դատարանի հայեցողությանը:

Մեղադրող Հայկ Հարոյանն ասաց, որ քրեական գործով ձեռք բերված այս կամ այն ապացույցի թույլատրելի կամ ոչ թույլատրելի լինելու մասին եզրահանգման հնարավոր է հանգել միայն ապացույցները հետազոտելուց հետո և այն պայմաններում, երբ դրանք հնարավոր կլինի գնահատել իրենց համակցության մեջ: Դրանից հետո է միայն հնարավոր պարզել ապացույցի նշանակությունը, խախտումով ձեռք բերված լինելու փաստը և մյուս հանգամանքները, որոնք բարձրաձայնվեցին ամբաստանյալի պաշտպանի կողմից:

Կարդացեք նաև

Մեղադրողը կարծիք հայտնեց, որ միջնորդության քննարկումն անհրաժեշտ է հետաձգել՝ մինչև ապացույցների հետազոտումը: Պաշտպան Դավիթ Հունանյանն էլ իր հերթին՝ ասաց, որ այս միջնորդությունը քննարկելու համար ապացույցը հետազոտելու անհրաժեշտություն չկա:

Դատարանում պաշտպանը միջնորդեց նաև անթույլատրելի ճանաչել նախաքննության ընթացքում Խաչիկ Մինասյանի կողմից որպես վկա տրված ցուցմունքները, ինչպես նաև՝ այս գործի նյութերում առկա՝ Հայկազ Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Մասնավորապես, նա նշեց, որ Խաչիկ Մինասյանը ցուցմունք է տվել՝ բացառապես գտնվելով վկայի կարգավիճակում՝ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով: Այնուհետև սպանության գործի նյութերով մեկ այլ գործ է հարուցվել, ինչից հետո Խաչիկ Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ նոր հարուցված քրեական գործով:

Նա նշեց, որ Խաչիկ Մինասյանը մեղադրվում է նրանում, որ 2015թ. հունվարի 29-ին քուն հրամանից հետո, լինելով մարտկոցի օրապահ, ժամը 01:00-03:00-ն ընկած ժամանակահատվածում, չի կանխել մարտկոցի կուրսանտների անհարկի տեղաշարժը մարտկոցի զորանոցի տարածքում, ինչը ծանր հետևանք է առաջացրել՝ Գնել Թևոսյանի, Նորիկ Սահակյանի, Վաչե Սահակյանի Մովսես Ազարյանի և Հայկազ Բարսեղյանի միջև տեղի են ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, և սպանվել է Հայկազ Բարսեղյանը: Խնդիրը, ըստ փաստաբանի, այն է, որ Խաչիկ Մինասյանին մեղսագրվող արարքի հանգամանքների մասին վարույթն իրականացնող մարմինը տեղյակ է եղել դեռևս Հայկազ Բարսեղյանի սպանության գործով Խաչիկ Մինասյանին որպես վկա հարցաքննելուց առաջ:

Մինչև Խաչիկ Մինասյանին հարցաքննելը մի շարք վկաներ հարցաքննվել են, կատարվել են քննչական գործողություններ, քննիչը բերման է ենթարկել, խուզարկել և ձերբակալել Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրվող անձանց: «Եթե ձերբակալել են, ուրեմն միանշանակ, վարույթն իրագործող մարմինն իր համար հաստատված է համարել սպանության ժամը, տեղը և անձանց: Իսկ ժամն ուղղակի կապ ունի այս գործով և Խաչիկ Մինասյանին մեղսագրվող արարքի առումով, որովհետև, եթե լիներ այլ ժամի, առհասարակ կստացվեր, որ այդ ժամին հերթապահի պարտականութուններ չունի, և հետևաբար՝ նրա կողմից պարտականություններ չեն խախտվել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ Խաչիկ Մինասյանը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, փաստացի եղել է կասկածյալ կամ մեղադրյալ. բայց փաստացի գտնվելով այդ կարգավիճակում՝ նա հարցաքննվել է որպես վկա՝ զրկված լինելով մի շարք իրավունքներից, որոնք ունի կասկածյալը կամ մեղադրյալը. խոսքն առաջին հերթին՝ պաշտպանության իրավունքի մասին է, իսկ ցուցմունքներ տալու դեպքում՝ նաև ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի մասին:

Փաստաբանը նշեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, գտնվելով փաստացի կասկածյալի կամ մեղադրյալի վիճակում՝ Խաչիկ Մինասյանը նույնպես իրավունքներ ուներ՝ բողոքարկելու եզրակացության արդյունքները կամ փորձագետին բացարկ հայտնելու: Սակայն այդ իրավունքներից ևս նա զրկվել է: Պաշտպանական կողմն այլ վկաների ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ այլ միջնորդություն էլ ներկայացրեց:

Քանի որ նույն դատավորի նախագահությամբ մեկ էլ նիստ էր նշանակված, դատական նիստը հետաձգվեց: Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 22-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս