Բաժիններ՝

Սիրիահայ Գևորգը կախազարդ է պատրաստել Քիմ Քարդաշյանի, և թևնոցներ՝ System of a Down-ի տղաների համար

Սիրիահայ Գեւորգ Դոշօղլանյանը վիրավորվում է, երբ արծաթագործությունն անվանում են արհեստ… ասում է, դա արվեստ է, արվեստի յուրահատուկ ճյուղ: «Որտե՞ղ եք տեսել, որ նախշերը, յուրահատուկ ձեւվածքները, մտքի թռիչքն ու կատարելության ձգտումը համարվի արհեստ: Սա գեղագիտություն է, յուրահատուկ մոտեցում: Սա արվեստ է»,- ասում է Գեւորգն ու հավելում, որ մետաղին շունչ ու հոգի տալն այդքան էլ հեշտ գործ չէ: Նախ պետք է սիրել, չափազանց շատ սիրել, ապրել քո գործով ու հաճույք ստանալ աշխատանքից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասում է Գեւորգը:

Նա պատմում է, որ Հալեպից Երեւան տեղափոխվելուց շատ դժվարություններ է տեսել, մարդկային չարություն, տեխնիկական խնդիրներ, հիասթափություն, սակայն միշտ հավատացել է, որ կամքի ուժը ամենահզոր զենքն է ու կարեւորը չկոտրվելն է: «Աշխատասեր մարդն ամեն տեղ էլ իր գլխի ճարը կտեսնի, ուզում է Երեւանում լինի, ուզում է Հալեպում կամ աշխարհի որեւէ այլ անկյունում, թեկուզեւ անապատում»,- ասում է Գեւորգը` հավելելով, որ երեք տարվա ընթացքում մեկ ժամ ազատ ժամանակ չի ունեցել, ունեցել է հարյուրավոր պատվերներ եւ ձգտել է յուրաքանչյուր զարդի միջոցով արտահ ատել իր ներաշխարհը:

saa

Երեւանում Գեւորգի գլխավոր նպատակն ու ցանկությունը ոլորտում մեծ հաջողությունների հասնելն է. Հալեպում նա հայտնի արծաթագործ Ջորջն է, ցանկանում է, որ այստեղ էլ վաստակի նույն հարգանքը: Հենց այդ պատճառով եղել են դեպքեր, երբ օրերով չի քնել, որպեսզի ստեղծի յուրահատուկ զարդեր, որոնք որեւէ տեղ չեն կրկնվում: «Ես սիրում եմ օրիգինալ լինել, նախընտրում եմ չարչարվել, բայց մյուս վարպետներին չկրկնել: Թող ինձ կրկնօրինակեն, բայց ես միշտ առաջինը ստեղծեմ, յուրահատուկ գործեր անեմ»,-ասում է Գեւորգը:

Նա պատմում է, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ հայտնի հաճախորդներ է ունեցել: Ասում է` ունի նաեւ մշտական հաճախորդներ, որոնք միայն իր մոտից են զարդեր գնում: Գեւորգին նաեւ հրավիրում են մասնակցելու ցուցահանդեսների, տարատեսակ միջոցառումների:

Ասում է յուրաքանչյուր զարդ յուրահատուկ է, հետաքրքրական ու նորովի: Ստեղծած զարդերից առանձնացնում է Քիմ Քարդաշյանի համար ստեղծած կախազարդն ու System of a down խմբի տղաների համար պատրաստած թեւնոցները: Երկու աշխատանքն էլ «Պռեգոմեշ»-ի հետ համագործակցության արդյունքն է: Քիմի վզնոցը ստեղծել է «Պռեգոմեշ»-ը, կախազարդը` Գեւորգը: Կախազարդի վրա Գեւորգը հայերենով փորագրել Քիմի անվան առաջին տառը: «Իհարկե, մեծ պատիվ էր նման աշխարհահռչակ մարդու համար կախազարդ պատրաստելը: Չգիտեմ, Քարդաշյանը հավանել է, թե ոչ, քանի որ ես նրան չեմ հանդիպել, սակայն  հույս ունեմ` իմ չարչարանքն ապարդյուն չի անցել»,- ասում է Գեւորգը:

Ինչ վերաբերում է System of a down խմբի տղաներին, Գեւորգը նրանց համար պատրաստել է «1915» մակագրությամբ թեւնոցներ, ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ ի երախտիք այն մեծ աշխատանքի, որ երաժիշտները կատարում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Երեւանյան կյանքից Գեւորգը չի դժգոհում: Չի թաքցնում`Հալեպը կարոտում է, բայց վերադառնալ էլ չի ցանկանում: Ասում է` կամաց-կամաց սովորում է երեւանյան կյանքին ու հայկական մենթալիտետին: Ի թիվս բազմաթիվ այլ դրական բաների, Գեւորգը Երեւանում սովորել է նաեւ գումար խնայել: Եթե Հալեպում մեկ ամսվա վաստակածը կարող էր մեկ ժամում վատնել, Երեւան հասնելով հասկացել է դժվարության եւ ապրուստի գինն ու այժմ ավելի շատ է արժեւորում վաստակած գումարը:

«Բարեւ Հայաստան» նախագծի նպատակն է ներկայացնել Հայաստանում հաստատված եւ իրենց տաղանդի ու կամքի ուժի շնորհիվ հաջողության հասած սիրիահայերի: Վստահաբար, նման սիրիահայերը շատ են եւ դրվատանքի է արժանի նրանց կատարած աշխատանքը: Համագործակցության համար շնորհակալություն ենք հայտնում Հայկական Կարմիր Խաչ ընկերությանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս