Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Արևմուտք-Ռուսաստան դիմակայության շրջափուլում

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Սովորաբար ռազմական հակամարտությունների վրա ազդում են մի քանի հիմնական գործոններ` զինված ուժերի բալանսի փոփոխությունը շփման գծում, հակամարտող երկրներում քաղաքական զարգացումները, քաղաքական իշխանությունների կողմից կոնֆլիկտի խաղարկումը ներքաղաքական խնդիրներ լուծելու նպատակով, ինչպես նաև՝ միջազգային իրադրությունը կամ աշխարհաքաղաքական ուժերի ազդեցությունը:

Վերջին գործոնը հատկապես ազդեցիկ դարձավ մի կողմից` Ռուսաստանի, մյուս կողմից` Ամերիկայի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո:Սույն հետազոտության նպատակն է ներկայացնել՝ ինչպե՞ս են զարգացել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և հիմնախնդրի կարգավորման գործընթացն Արևմուտք-Ռուսաստան դիմակայության պայմաններում, ո՞ր գործոններն են հատկապես ազդել հակամարտության գոտում լարվածության աճի և լայնածավալ պատերազմի վտանգի մեծացման վրա, որքանո՞վ են հակադրվել աշխարհաքաղաքական բևեռների շահերը տվյալ տարածաշրջանում և, ընդհակառակը, ինչպե՞ս են նրանք համագործակցել հակամարտության կարգավորման շուրջ` ճգնաժամային հարաբերությունների պայմաններում:

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ, ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎՐԱ

Ուկրաինական Մայդանը և Ղրիմի միացումը ՌԴ-ին,Սառը պատերազմիե ավարտից և 1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններում առաջին լուրջ ճգնաժամն արձանագրվեց 2013-2014 թթ.: Ճիշտ է, Ռուսաստան-Արևմուտք դիմակայության նախանշաններն ուրվագծվել էին դրանից առաջ՝ մասնավորապես ռուս-վրացական պատերազմի հետևանքով, պայմանավորված Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի տեղակայման և մի շարք այլ միջազգային խնդիրներով:

2013թ. Մոսկվան սկսեց ակտիվացնել իր աշխարհաքաղաքական նախագծերը՝ նախ սեպտեմբերին Հայաստանի ղեկավարությանը փաստացի պարտադրելով միանալ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին:Իսկ նոյեմբերի վերջին Ուկրաինայի կառավարությունը Ռուսաստանի ակնհայտ ճնշումների ներքո հայտարարեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու և Մաքսային միությանը միանալու մտադրության մասին, որով սկիզբ առավ ,Մայդանիե հակակառավարական շարժումը՝ ի վերջո հանգեցնելով իշխանության փոփոխությանն Ուկրաինայում: 2014թ. փետրվարի 22-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փախուստի դիմեց Կիևից և ռուս զինվորականների օգնությամբ տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնության տարածք: Նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում:

Սրանից ընդամենը մեկ-երկու շաբաթ անց Ռուսաստանը նախ ռազմական վերահսկողություն սահմանեց Ղրիմի թերակղզու ողջ տարածքում, այնուհետև մարտի 16-ին կայացած հանրաքվեի միջոցով Ղրիմը միացրեց Դաշնության տարածքին, որին հաջորդեց ուկրաինական և ռուսամետ զինված ուժերի միջև երկարատև ու դաժան պատերազմն Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում և Եվրամիության ու Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումն ու կիրառումը:Աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունը, բնականաբար, ուղղակիորեն կամ անուղղակիորեն պետք է ազդեր նաև հարակից տարածաշրջաններում քաղաքական իրավիճակի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա, որի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով միջնորդական առաքելություն են իրականացնում Միացյալ Նահանգները, Եվրամիությունը ներկայացնող Ֆրանսիան և Ռուսաստանը:Հատկանշական է, որ վերջին մի քանի տարիներին, թերևս, ամենածանր բախումներն ու ամենամեծ կորուստները հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծում մեկ տարվա կտրվածքով արձանագրվել են հենց 2014թ.:

Ըստ razminfo.am մասնագիտացված կայքի` հայկական բանակը (ներառյալ ԼՂՀ պաշտպանության բանակը) 2014թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ունեցել է 46 զոհ: Այդ թիվը 2013թ. համեմատ աճել էր մոտ 50 տոկոսով։ Տարվա ընթացքում առաջնագծում լարված ամիսներ են եղել հատկապես հունվարը (2 մարտական զոհ), մարտը (4 մարտական զոհ), մայիսը (3 մարտական զոհ), հաջորդաբար լարված ամիսներ են եղել նաև հունիս (4 զոհ), հուլիս (6 զոհ) և օգոստոս (3 զոհ) ամիսները։Ուկրաինայի հարցով Ռուսաստան-Արևմուտք դիմակայության բացասական ազդեցությանը դիտարկվող հակամարտության վրա ժամանակին անդրադարձել են մի շարք հեղինակավոր փորձագետներ և վերլուծական կենտրոններ:

Մասնավորապես, 2014թ. հուլիսին նման կարծիք է հայտնել Վաշինգտոնի Կարնեգի կենտրոնի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը` նշելով, որ Ուկրաինայի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի հակամարտությունը ,ստվեր է գցումե ղարաբաղյան խնդրի վրա: «Ադրբեջանն էլ ավելի ցինիկ է դարձել Մինսկի խմբի նկատմամբ, քան առաջ էր: Իսկ հակամարտող երկու կողմերը սպասում են ամռան վերջին` բանակցություններում իրենց հաջորդ քայլը որոշելու և տեսնելու, թե ինչպես կզարգանան ԱՄՆ-Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունները` կապված ուկրաինական ճգնաժամի հետե,- «168 ժամ»-ին ասել է փորձագետը:Իսկ ամերիկյան Stratfor հետախուզական-վերլուծական կենտրոնի փորձագետները 2015թ. հունվարին հրապարակեցին «Հայաստանը և Ադրբեջանը զգում են ուկրաինական հակամարտության հետևանքները» վերտառությամբ վերլուծություն:

Ռուսաստան-Արևմուտք դիմակայության զարգացումն ազդեց ողջ Եվրասիայի, նախկին խորհրդային տարածքի յուրաքանչյուր երկրի վրա, որոնք ստիպված եղան վերանայել իրենց քաղաքականությունը… Ուկրաինայի շուրջ ՌԴ-Արևմուտք դիմակայությունը մեծացրեց Ադրբեջանի ազդեցությունը, մինչդեռ Հայաստանի ազդեցությունը նվազեց, թեև երկու երկրներն էլ շարունակում են կաշկանդված մնալ ավելի մեծ ու հզոր ուժերից: Նրանց դիրքերը՝ ԼՂ շարունակվող հակամարտության մեջ և ընդարձակ կապերը՝ Մոսկվայի և Արևմուտքի հետ, դեռ կարևոր, հնարավոր է՝ առանցքային դեր կխաղան շարունակվող հակամարտության մեջ»,- նշվում է հոդվածում:

Փորձագետներից շատերի կարծիքով` ուկրաինական ճգնաժամը Լեռնային Ղարաբաղի վրա ազդում էր հատկապես հակամարտող կողմերի՝ շատ հաճախ իրադրությունը սահմանին սրելու իմաստով՝ կարծելով, որ Մինսկի խմբի համանախագահ պետությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ուշադրությունն առավել կենտրոնացած է Ուկրաինայի խնդրի վրա:Կողմերի միջև արհեստական հավասարություն դնելուց խուսափելու համար, պետք է շեշտենք, որ հակամարտության գոտում լարվածությունը գրեթե միշտ հրահրվել է ադրբեջանական կողմից: Դրա վառ վկայությունը 2014թ. նոյեմբերին ղարաբաղա-ադրբեջանական ուժերի կողմից հայկական ,ՄԻ-24ե ռազմական ուղղաթիռի խոցումն է, որը, փաստորեն, տարածաշրջանում լարվածությունը նոր մակարդակի հասցրեց:Սիրիական հակամարտությունըՆույնը կարելի է ասել մեկ այլ չմարող հակամարտության` Սիրիայի հիմնախնդրի պարագայում:

Սիրիայում քաղաքական խռովությունները սկսվել են դեռևս 2011թ. մարտին` ,արաբական գարնանե ալիքի ազդեցության ներքո, սակայն քաղաքացիական պատերազմը՝ մի կողմից նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների, մյուս կողմից` հակակառավարական ուժերի, հետագայում նաև դրսից ներթափանցած ահաբեկչական խմբավորումների միջև, ինչպես նաև՝ արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը սիրիական հակամարտությանը, եղավ ավելի ուշ:Միջազգային և տարածաշրջանային տեսանկյունից իրավիճակը վտանգավոր դարձավ հատկապես այն ժամանակ, երբ, այսպես կոչված, «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԴԱԻՇ) ղեկավարությունը 2014թ. հունիսին Իրաքի և Սիրիայի` իրենց կողմից վերահսկվող տարածքներում հռչակեց «Իսլամական խալիֆայություն»:

Այս կազմակերպությունն աստիճանաբար սկսեց ավելի ակտիվ գործունեություն ծավալել Իրաքում և Սիրիայում` անվտանգության մեծ սպառնալիքներ առաջացնելով ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև հարակից տարածաշրջանների և միջազգային հանրության համար:

Հայաստանը այս գործընթացին ուղղակիորեն չէր մասնակցում, այսօր էլ անմիջականորեն ներգրավված չէ սիրիական պատերազմում կամ հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն շարունակում է կապված մնալ Սիրիային՝ (1) այնտեղ հայկական մեծաթիվ համայնքի առկայության, (2) նախ Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացում, այնուհետև ռազմական գործողություններում ավելի ակտիվորեն ներգրավվող և Հայաստանի ռազմական դաշնակիցը հանդիսացող Ռուսաստանի ներգրավվածության հանգամանքներով:Մի շարք մասնագետներ չեն բացառում, որ իսլամիստները, նպատակադրվելով վրեժխնդիր լինել Ռուսաստանից, կարող են թիրախ դարձնել վերջինիս արբանյակը համարվող Հայաստանը:

«Առաջին լրատվական» կայքին նման մեկնաբանություն է տվել Լոնդոնի «Jane’s Intelligence» պաշտպանության և անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը: Արաբագետ Գոռ Գևորգյանն էլ նշել է. «Սա (իսլամական արմատականությունը,- Ա.Ս.) վտանգ է ներկայացնում բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար։ Բնականաբար, չի բացառվում, որ մենք էլ թիրախ հանդիսանանք՝ անկախ մեր ունեցած քաղաքական կռվանից, գործոնից և տնտեսությունից»:

Գերմանական Deutsche welle պարբերականում հրապարակված հոդվածում Լեռնային Ղարաբաղի հետ ուկրաինական և սիրիական կոնֆլիկտների կապը բավականին հետաքրքիր ձևով է ներկայացրել ռուս քաղաքագետ Իվան Պրեոբրաժենսկին՝ կարծիք հայտնելով, որ հակամարտող երկու կողմերն էլ կարող են օգտվել ,Ղրիմի նախադեպիցե`յուրաքանչյուրն իր ձևով մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան: Ըստ Պրեոբրաժենսկու` Լեռնային Ղարաբաղը Սիրիայի հետ կապված է առաջին հերթին աշխարհագրական առումով: Սիրիայում ռազմական գործողությունների սկզբից ռուսական օդուժը դեպի Սիրիա թռիչքներ իրականացնելու համար օգտագործում էր Ադրբեջանի օդային տարածքը: Ռուսաստանի ռազմանավերն օգտագործում էին նաև Կասպից ծովի` Ադրբեջանին պատկանող ջրերը, որտեղից նրանք հրթիռային հարվածներ էին իրականացնում Սիրիայում Իսլամական պետության հենակետերի վրա:Այսպիսով, սիրիական գործոնը ևս շարունակում է ազդեցիկ և ակտիվ գործոն մնալ Հարավային Կովկասի և ԼՂ հակամարտության համար:

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՈՑԱՑՈՒՄԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Հայաստան2013-2016թթ. մարդու իրավունքների վիճակը բավականին բարդացել է թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում: Հայաստանում 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո զարմանալի զուգադիպությամբ հաճախակիացան բռնությունները քաղաքացիների նկատմամբ. անհայտ անձանց կողմից իրականացվեցին հարձակումներ տարբեր նախաձեռնությունների մասնակցող քաղաքացիական ակտիվիստների վրա, ոստիկաններն ավելի բիրտ մեթոդներ սկսեցին կիրառել քաղաքացիների նկատմամբ, ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկվեցին մեծ թվով քաղաքացիներ: Ամենացայտուն օրինակը 2013թ. դեկտեմբերի 2-ի բողոքի ակցիան էր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի օրը:

Այդ օրը բողոքի ակցիայի մոտ 500 մասնակիցներից 110-ը բերման ենթարկվեցին16 ոստիկանների կողմից:Հաջորդ տարվա հունիսի 23-ին, երբ Երևանում էր գտնվում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի ոստիկանությունը բիրտ մեթոդներով բերման ենթարկեց էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքող 27 քաղաքացիների: 2014թ. նոյեմբերից մինչև 2015թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Հայաստանում բռնությունների աննախադեպ շարք արձանագրվեց ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ: Ընդ որում, այս գործերի մեծ մասը մնաց չբացահայտված:

2013թ. սեպտեմբերից հետո քաղաքական բանտարկյալների թիվը կտրուկ աճեց Հայաստանում, որտեղ պետք է հիշել Շանթ Հարությունյանին և ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին, Հայկ Կյուրեղյանին և վերջերս կալանավորված Գևորգ Սաֆարյանին:ԱդրբեջանԱդրբեջանում բռնաճնշումները խորանում էին Արևմուտքի հետ Ադրբեջանի հարաբերությունների ակնհայտ վատթարացման և Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման համապատկերում: Միացյալ Նահանգների և Ադրբեջանի հարաբերությունների սրումը հստակ ցույց տվեց Բաքվում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը՝ Ազատությունե ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ հարցազրույցում հայտարարելով, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքական ակտիվիստների հետապնդումներն ու բռնաճնշումները կարող են ,մայդան ստեղծելե Ադրբեջանում: Այսինքն, Վաշինգտոնը, ի դեմս իր դեսպանի, բաց տեքստով հայտարարեց, որ կարող է Ադրբեջանում կրկնել ուկրաինական մայդանը:

Մի կողմից՝ Ադրբեջանի, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգների ու Եվրոպայի միջև լարվածությունը նոր մակարդակի հասավ նախորդ տարի: 2015թ. սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով կոչ էր անում հասցեական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ: Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ Սենատում քննարկվեց մարդու իրավունքների վիճակն Ադրբեջանում: Բաքուն շատ խիստ արձագանքեց այս քննարկումներին` սպառնալով պատասխան պատժամիջոցներ կիրառել թե՛ Եվրախորհրդարանի և թե՛ Միացյալ Նահանգների դեմ:Վերջին մի քանի տարիներին Իլհամ Ալիևի ռեժիմը, ըստ էության, կարողացավ ոչնչացնել քաղաքական ընդդիմությունն Ադրբեջանում՝ բանտարկելով կամ երկրից արտաքսելով քաղաքական դաշտի կամ քաղաքականության հետ առնչություն ունեցող ընդդիմադիր բազմաթիվ գործիչների, լինեն նրանք քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ կամ արվեստագետներ: Թիրախ էին դառնում այն բոլոր գործիչները, որոնք ռեժիմի կողմից դիտարկվում էին որպես Արևմուտքի հնարավոր դաշնակից՝ Ադրբեջանի իշխանությունների վրա ազդելու կամ երկրում հեղափոխություն կազմակերպելու համար:

Նրանք շատ հաճախ այն մարդիկ էին, որոնք կողմ էին արտահայտվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը Հայաստանի հետ խաղաղ երկխոսության ճանապարհով լուծելու արևմտյան հայեցակարգին: Խոսքը հատկապես Լեյլա ու Արիֆ Յունուսների և Ռաուֆ Միրկադիրովի մասին է, որոնք մեղադրվում էին ,պետական դավաճանությանե և Հայաստանի օգտին լրտեսություն կատարելուե համար:

Ներքին խռովություններ Ադրբեջանում

Նավթի համաշխարհային գների անկման հետևանքով Ադրբեջանում 2015թ. երկրորդ կեսին արժեզրկվեց ազգային տարադրամը՝ մանաթը, սկսվեց կտրուկ գնաճ, վատացավ մարդկանց սոցիալական վիճակը: Սրա հետևանքով բազմաթիվ քաղաքներում, այդ թվում` բնիկ ժողովուրդներով կամ ազգային փոքրամասնություններով (թալիշներ, լեզգիներ, թաթեր և այլն) բնակեցված բնակավայրերում, սկսվեցին մասսայական ապստամբություններ, բողոքի ցույցեր: Առայժմ դրանք ուղղակի ազդեցություն չեն ունեցել ղարաբաղյան հակամարտության վրա, բայց կան որոշ մտավախություններ, որոնք արտահայտվել են թե՛ Հայաստանի փորձագետների, թե՛ ռազմական և քաղաքական գործիչների կողմից. ալիևյան ռեժիմը, զգալով իշխանությունը կորցնելու վտանգ, ղարաբաղյան խաղաքարտը կարող է օգտագործել որպես փրկօղակ:Կարնեգիի առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը, վերլուծելով վերջին իրադարձություններն Ադրբեջանում, գրում է.

«Ադրբեջանական ռեժիմն արդեն այնքան էլ միաձույլ չէ, ինչպես նախկինում (…): Միաժամանակ վատթարանում է նաև միջազգային իրավիճակը։ Ադրբեջանն ինքը հակամարտության գնաց ԱՄՆ-ի հետ, փակեց երկրում աշխատող ամերիկյան գրեթե բոլոր կազմակերպությունները՝ նրանց մեղադրելով «գունավոր հեղափոխության» նախապատրաստման համար: ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանումը՝ մարդու իրավունքների խախտման համար (…): Եթե ադրբեջանական ռեժիմի համար իրավիճակը դառնա միանգամայն հուսահատ, ապա այն կարող է խաղարկել ղարաբաղյան խաղաքարտը: Հավանաբար դա միակ թեման է, որը իշխանության շուրջ կարող է համախմբել բոլոր ադրբեջանցիներին և սկսել կորցրած տարածքների վերադարձման ռազմական գործողություն:

Հայաստանը ստիպված կլինի պատասխանել, և Կովկասում կբռնկվի լայնածավալ պատերազմ: Բայց կա նաև հակառակ տեսակետը, որ ներքին խնդիրները Իլհամ Ալիևի ռեժիմին դժվար թե թույլ տան մտածել Լեռնային Ղարաբաղի մասին: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Ադրբեջանը հիմա շատ ավելի կարևոր խնդիրներ ունի, քան Լեռնային Ղարաբաղը:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԵՎ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ

Արևմտյան փորձագետներից շատերը կարծում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններից հակամարտող կողմերի վրա ամենամեծ ազդեցությունն ունի Ռուսաստանը: Վերջինս, սպառազինություն մատակարարելով երկու կողմերին, ազդեցիկ լծակներ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում: Բայց իրադրությունը կամ ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել ամերիկյան վերջին ակտիվության հետևանքով: Թեև պիտի շեշտենք, որ այս պետություններն առնվազն առերևույթ համագործակցում են Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում, ոչ թե հակամարտում` չնայած հարաբերությունների բավականին ցածր մակարդակին և փոխադարձ անվստահությանը: Սա Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանձնահատկություններից է:

Ամերիկյան նոր ակտիվության սկզբնակետ կարելի է համարել 2013թ. օգոստոսին դեսպան Ջեյմս Ուորլիքի նշանակումը ՄԽ համանախագահի պաշտոնում: Դեսպան Ուորլիքն իր առաքելության սկզբից ակտիվորեն ներգրավվեց գործընթացում. նա հաճախակի հանդիպումներ, քննարկումներ, համաժողովներ է կազմակերպում ԼՂ հակամարտության թեմայով, ելույթներ ունենում տարբեր հարթակներում, գրառումներ կատարում թվիթերի իր միկրոբլոգում` տեղեկացնելով ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ այս կամ այն զարգացման մասին, իր մտահոգությունը հայտնելով շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, հակամարտող կողմերին կոչ անելով իրենց ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի:Սակայն կարգավորման գործընթացում Միացյալ Նահանգների ակտիվացումը չի սահմանափակվում միայն դեսպան Ուորլիքի անձնական ջանքերով:

2012թ. մայիսից մինչև 2014թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի 5 նահանգներ` Կալիֆոռնիան, Մասաչուսեթսը, Ռոդ Այլընդը, Մեյնը և Լուիզիանան, ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Ոչ պակաս ուշագրավ է ԱՄՆ Կոնգրեսում ԼՂՀ անկախության տարեդարձը նշելու փաստը:Ամերիկյան նախաձեռնությունները շարունակվեցին նաև 2015թ. ընթացքում:

Հոկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և բարձաստիճան կոնգրեսական Էլիոթ Էնգելը հեղինակեցին նամակ՝ ուղղված Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին, որի տակ ստորագրեցին 85 կոնգրեսականներ:

Նամակում նրանք առաջարկում էին  3 հիմնական քայլ՝ ԼՂ սահմանային լարվածությունը թուլացնելու և բռնության դեպքերը հնարավորինս կանխելու ուղղությամբ.1. հակամարտող կողմերին համոզել դիպուկահարներին հեռացնելու սահմանային գոտուց,2. շփման գծում ավելացնել ԵԱՀԿ ներկայացուցիչների թիվը,3. այնպիսի տեխնիկական համակարգեր տեղադրել, որոնք թույլ կտան ճշգրտորեն պարզել, թե որտեղից է արձակվում կրակը:

Կոնգրեսականներն ամերիկյան կառավարությանը նաև կոչ էին անում «աչք չփակել ադրբեջանական ագրեսիայի վրա»: Առաջարկները հայտնի դարձան «Ռոյս-Էնգել» նախաձեռնություն անվանումով՝ անմիջապես ստանալով ԱՄՆ պետդեպարտամենտի աջակցությունը և որոշակիորեն կրելով պաշտոնական բնույթ: 2016թ. հունվարի սկզբին նույն Ռոյսի նախաձեռնությամբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ղարաբաղյան հարցով կազմակերպվեցին փակ լսումներ, որին մասնակցում էր նաև Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:Այս գործընթացներին զուգահեռ խորանում էր Ռուսաստան-Ադրբեջան ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացումը:

2013թ. հունիսին ռուսական «Վեդոմոստի» թերթը գրեց այն մասին, որ Ռուսաստանը 2011-2012թթ. Մոսկվայի և Բաքվի միջև ստորագրված ռազմական պայմանագրի համաձայն՝ մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի զենք-զինատեսակներ է մատակարարել Ադրբեջանին: Երևանում Ռուսաստանի նմանատիպ քայլերը շատերի կողմից ընկալվում էին որպես շատնաժի ձև՝ ստիպել Հայաստանին միանալ Ռուսաստանի եվրասիական նախագծին:

Հայկական մամուլը, քաղաքական և փորձագիտական շրջանակները բարձրաձայնել են, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը շահարկելու միջոցով Հայաստանի ղեկավարությանը կարող է ստիպել Եվրասիական նախագծին միանալու որոշում կայացնել: Սրանից ընդամենը 2-3 ամիս անց, ինչպես արդեն նշվեց, Հայաստանի նախագահը Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանը և Եվրասիական նախագծին միանալու Հայաստանի որոշման մասին:Ադրբեջանին զենք մատակարարելով և վերջինիս հետ ռազմական համագործակցությունը խորացնելով` Ռուսաստանն ուղղակիորեն ազդում է հակամարտության գոտում իրադրության սրացման վրա՝ այդպիսով մեծացնելով Ադրբեջանի և Հայաստանի կախվածությունը Մոսկվայից:

Բնական է, որ տարածաշրջանում ավելի ամուր դիրքեր ունեցող Ռուսաստանը, արտաքուստ համագործակցելով Արևմուտքի հետ, միաժամանակ ձգտելու է միանձնյա վերահսկողություն հաստատել տարածաշրջանային քաղաքականության մեջ առանցքային դեր ունեցող Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա՝ Մինսկի խմբին զուգահեռ ստեղծելով բանակցային այլ ձևաչափեր: Ղարաբաղյան խնդրի շուրջ հենց այս տեսանկյունից են համընկնում Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական շահերը:

Եթե Ռուսաստանն ամեն կերպ ձգտում է նվազեցնել արևմտյան պետությունների ազդեցությունը տարածաշրջանում, ապա Ադրբեջանը, դժգոհ լինելով ստատուս-քվոյից, ամեն կերպ տորպեդահարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը` հրապարակային դժգոհություն հայտնելով և եռանախագահներին մեղադրելով անգործության և ստատուս-քվոն պահպանելու համար: Բաքվի դեմարշը ԵԱՀԿ-ին ակնհայտ դարձավ հատկապես այն ժամանակ, երբ Բաքվում փակվեց այդ կազմակերպության գրասենյակը:

Շփման գծում լարվածություն հրահրելով և իրավիճակը սրելով` Ռուսաստանը վերջին տարիներին հանդես է գալիս որպես խաղաղարար` Մինսկի խմբի փոխարեն առաջարկելով Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցային ձևաչափը: 2014թ. օգոստոսյան էսկալացիայից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախաձեռնեց Սոչիի հանդիպումը43 Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:

Թեև, պետք է նշենք, որ հավասարակշռությունը պահպանելու համար սեպտեմբերի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ կայացավ Սարգսյան-Քերի-Ալիև հանդիպումը, իսկ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված Սարգսյան-Օլանդ-Ալիև հանդիպումը տեղի ունեցավ 2014 թ. հոկտեմբերին:«Լավրովի պլանը» Ռուսաստանի անջատ գործողությունների մասին ուշագրավ տեղեկություններ հրապարակվեցին նախորդ տարվա նոյեմբերին` վերջինիս արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցից հետո: Ռուսական «Կոմերսանտ» թերթը, հղում կատարելով բանակցային գործընթացին մոտ կանգնած իր աղբյուրներին, նշում էր, թե Լավրովը եկել էր քննարկելու Ռուսաստանի նախապատրաստած խաղաղության գաղտնի ծրագիրը, որը մամուլում ստացավ «Լավրովի պլան» անվանումը: Ըստ այդ ծրագրի` կարգավորման տարբերակներից նախատեսվում են Հայաստանի կողմից տարածքային զիջումներ Ադրբեջանին:

Սրա դիմաց Ադրբեջանը թեև չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անջատումը, բայց փոխարենը, այսպես ասած, «լավություն է անում» հայկական կողմին՝ խոստանալով պատերազմ չսկսել Հայաստանի և Ղարաբաղի դեմ:Թեև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը դրանից հետո մի քանի անգամ գոհունակությամբ հայտարարեց, թե Լավրովն ,առաջարկներե է արել հակամարտության կարգավորման հետ կապված, ինչը կարող է նպաստել հիմնախնդրի կարգավորմանը, սակայն տեղեկությունն այդպես էլ վերջնականապես չհաստատվեց: 2016թ. հունվարի 26-ին Սերգեյ Լավրովը հերքեց, որ Ռուսաստանը նոր փաստաթուղթ է առաջարկել ղարաբաղյան կարգավորման համար` ասելով, թե Լավրովի կամ մեկ ուրիշի փաստաթուղթ գոյություն չունի, կան մի շարք փաստաթղթեր, որոնք համանախագահները պատրաստել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների տարբեր փուլերումե:

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Տարածաշրջանում լարվածության մեծացմանը էակապես նպաստեց Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կտրուկ սրումը` պայմանավորված սիրիական հակամարտության շուրջ երկու երկրների հակասություններով: Ռուս-թուրքական լարվածությունն իր գագաթնակետին հասավ այն ժամանակ, երբ թուրքական ռազմաօդային ուժերը Սիրիայի սահմանին կործանեցին ռուսական ՍՈՒ-24 ռազմական օդանավը: Այս հանգամանքը Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում առաջացրեց մի շարք լուրջ զարգացումներ` զգալիորեն մեծացնելով տարածաշրջանում նոր պատերազմի հավանականությունը: Կարծիքներ հնչեցին այն մասին, որ Թուրքիան իր ռազմավարական դաշնակից Ադրբեջանի միջոցով ղարաբաղյան ճակատում կարող է պատասխանել Ռուսաստանին:

Մինչ այդ` հոկտեմբերի սկզբին, թուրքական երկու ռազմական ուղղաթիռ խախտել էին Հայաստանի օդային սահմանը` ներխուժելով Հայաստանի օդային տարածք, ինչը որոշ փորձագետներ գնահատեցին որպես Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային սահմանի խախտումներին Ակարայի պատասխան քայլ: Բացի այս միջադեպից միջնորդավորված պատերազմի նախանշաններ առայժմ չեն երևում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հայ-թուրքական սահմանին կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, թեև Սիրիայում երկու երկրների շահերի շարունակական բախումը պահպանում է ռազմական դիմակայության հնարավորությունը` դրանից բխող բոլոր հետևանքներով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, Ռուսաստան-Արևմուտք ճգնաժամը որոշակիորեն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության և հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Աշխարհաքաղաքական դիմակայությունը Արևմուտքին և Ռուսաստանին ստիպել է ակտիվացնել տարածաշրջանային քաղաքականությունը Հարավային Կովկասում` ինչ-որ առումով նաև փոխելով նրանց մոտեցումները հակամարտության այս կամ այն կողմի հանդեպ:Միացյալ Նահանգների դեպքում դա հանգեցրել է Վաշինգտոն-Բաքու հարաբերությունների սրմանը, Վաշինգտոն-Երևան հարաբերությունների որոշ չափով սերտացմանը, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հարցում ավելի հստակ դիրքորոշում որդեգրելուն: Իսկ Ռուսաստանն այս շրջափուլում խորացրել է իր ռազմաքաղաքական հարաբերություններն Ադրբեջանի հետ` նաև խրախուսելով այդ երկրում հակաարևմտյան տրամադրությունների սրմանը:

Ռուսաստան-Արևմուտք դիմակայության շրջափուլում ակնհայտորեն վատթարացել է մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակն ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում:Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախումն Ուկրաինայում և Սիրիայում բացասաբար է անդրադարձել ղարաբաղյան հակամարտության վրա: Եվ, քանի որ շարունակվում է հակամարտությունը թե՛ Ուկրաինայում և թե՛ հատկապես Սիրիայում` պահպանելով միջազգային լարվածությունը, ապագայում ևս պետք սպասել նոր զարգացումների և նոր ազդեցությունների՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի համար: Վիճակն ավելի է բարդացնում ռուս-թուրքական լարվածությունը, որը լուրջ հետևանքներ կարող է ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության տեսանկյունից` հաշվի առնելով Թուրքիա-Ադրբեջան, Ադրբեջան-Ռուսաստան, Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Հարավային Կովկասը տեսականորեն Ռուսաստանի և Թուրքիայի հնարավոր առճակատման, հարաբերությունների սրման դեպքում երրորդ և ամենահավանական դաշտն է:

Այս իմաստով կարևոր գործոն է Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որը զինված առճակատման պարագայում կդառնա Թուրքիայի գլխավոր թիրախներից մեկը:Ինչ վերաբերում է բուն ղարաբաղյան հակամարտությանը և կանխատեսումներին՝ ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները շփման գծում, և որքանո՞վ է հավանական պատերազմի վերսկսումը, ապա նախ պիտի նկատենք, որ ներքին խռովություններն Ադրբեջանում ստիպել են Ալիևի ռեժիմին առժամանակ զերծ մնալ շփման գծում ռազմական սադրանքներ իրականացնելուց:

Թեև չի բացառվում նաև, որ ներքաղաքական ավելի լուրջ իրավիճակների դեպքում Ադրբեջանի ղեկավարությունը կդիմի ծայրահեղ քայլի` պատերազմ հրահրելով հակամարտության գոտում և փորձելով այդ ճանապարհով պահպանել ռեժիմը:Մյուս կողմից, Ադրբեջանի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը կարող է ազդել այդ երկրի ռազմական ներուժի վրա` սահմանափակելով վերջինիս հնարավորությունները շարունակելու սպառազինությունների մրցավազքը:

Սա, անշուշտ, դրական ազդեցություն կունենա և կարող է ապագայում որոշ չափով կրճատել սահմանային գոտում նոր սադրանքների հավանականությունը:Հայտնի են շփման գծում իրադրությունը սովորաբար սրվելու օրինաչափությունները: Վերջին տարիների զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունները հաճախակի են դառնում հատկապես պաշտոնական հանդիպումներից առաջ և նաև հանդիպումներին հաջորդած ժամանակահատվածում: Իրավիճակը լարված է լինում հատկապես ամռան ամիսներին:

Շփման գծի երկու կողմերում կանգնած են քաղաքական վերահսկողության տակ գտնվող կանոնավոր բանակներ, և այս առումով պատահական պատերազմի բռնկման հավանականությունն այնքան էլ մեծ չէ: Այնուամենայնիվ, շփման գիծն ունի իր տրամաբանությունը. հակամարտության շարունակական զարգացումը ներկայիս տրամաբանությամբ և տեմպերով շատ շուտով կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որում լայնածավալ պատերազմի վերսկսումը կդառնա անխուսափելի:

Արամ Սարգսյան
Առաջին լրատվական-1in.am լրագրող և մեկնաբան,
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի առաջին թողարկման շրջանավարտ,
Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում ծրագիր (NED)Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Տեսանյութեր

Լրահոս