«Համաձայնության տապալումն աղետալի հետևանքներ կունենա ամբողջ աշխարհի համար». Արմեն Պետրոսյան

Հարցազրույց տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ

– Պարոն Պետրոսյան, չնայած ԱՄՆ-ի և ՌԴ-ի կողմից մշակված համաձայնությանը, որը վերաբերում է  սիրիական կոնֆլիկտի բոլոր կողմերին, բացի ահաբեկիչներից, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, թե Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կարող է սկսվել «թեժ պատերազմ» Սիրիայի հակամարտության պատճառով: Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է ռուս-թուրքական պատերազմ Սիրիայի տարածքում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարծես համաձայնության են եկել Սիրիայում կրակի դադարեցման հարցում, իսկ  Վաշինգտոնը Ռուսաստանին սպառնում է նոր պատժամիջոցներով, եթե չդադարեցվի կրակը Սիրիայում:

– Այս համաձայնությունը երևի թե վերջին հնարավորությունն է՝ սիրիական հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու: Եթե այս համաձայնությունը կյանքի չկոչվի, ապա սիրիական զարգացումները տեղափոխվելու են բացառապես ռազմադաշտ, ու այդ ժամանակ ոչ միայն ականատես կլինենք ներքին մասնակիցների միջև ռազմական գործողությունների գերակտիվացման, այլև՝ արտաքին դերակատարների ուղղակի ներգրավվածության, և այս համատեքստում չի բացառվում նաև ձեր նշած վարկածը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ուղղակի առճակատումը: Այնուամենայնիվ, այն հանգամանքը, որ համաձայնությունը ձեռք է բերվել գերտերությունների կողմից, և, առհասարակ, նրանց շրջանում, և բացի այդ՝ եվրոպական պետությունների շրջանում, այսօր առկա տրամադրությունն էականորեն տարբեր է, ենթադրենք, սրանից մեկ տարի առաջ եղած իրավիճակից: Այսինքն՝ աշխարհաքաղաքական կենտրոնները կարծես թե ավելի վճռական և սկզբունքային են դարձել՝ սիրիական հակամարտությունը կանխելու հարցում, քանի որ դրա հետևանքներն արդեն իսկ գլոբալ ազդեցություն ունեն. մենք ականատես ենք լինում համաշխարհային մասշտաբով ահաբեկչական սպառնալիքի աճին, փախստականների օրեցօր աճող հոսքերին, և այլն: Այս իրավիճակը հույս է տալիս կանխատեսել, որ, այնուամենայնիվ, այս համաձայնությունը շատ ավելի արդյունավետ կարող է լինել, և թունելի վերջում կարծես թե լույս է երևում:

Հակաահաբեկչական պայքարի մասին խոսեցիք, բայց «Իսլամական պետությունը» կարծես ակտիվություն է ցուցաբերում Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում, մասնավորապես՝ Խանասիրում. հնարավո՞ր է՝ նրանք կարողանան շրջափակման մեջ առնել կառավարական բանակի ուժերին՝ հաշվի առնելով Խանասիր բնակավայրի աշխարհագրական դիրքը:

Կարդացեք նաև

– Խանասիր բնակավայրը մշտապես կռվախնձոր է եղել կառավարական ուժերի և հակակառավարական տարբեր խմբավորումների միջև, քանի որ, ինչպես իրավացիորեն նշեցիք՝ այն ռազմավարական կարևոր դիրք ունի ու վերահսկում է Հալեպ-Դամասկոս կարևորագույն նշանակություն ունեցող ճանապարհը: «Իսլամական պետությունն» արդեն երկրորդ անգամ է այս բնակավայրը գրավում: «Իսլամական պետությունը» չի կարող ամբողջական պաշարման մեջ վերցնել կառավարական զորքերի շրջանում գտնվող այս տարածքը: Սրանք ժամանակավոր քայլեր են, որոնք պատասխան են՝ Ռաքայից դեպի ավելի հարավ կառավարական ուժերի առաջխաղացման (նրանք շատ կարևոր դիրքեր խլեցին «Իսլամական պետությունից»): Եթե անգամ մինչև օրս կառավարական ուժերին չի հաջողվել վերադարձնել այս բնակավայրը, ապա մոտ օրերս նրանք դա կանեն, քանի որ սա շատ կարևոր հանգույց  ու կյանքի ուղի է կառավարական ուժերի համար: Պետք է նաև նշեմ՝ տեղեկատվություն է տարածվել, որ կառավարական բանակն արդեն վերադարձրել է վերահսկողությունն իր տարածքների նկատմամբ:

– Սաուդյան Արաբիայի հրահանգով կարծես արաբական երկրներում ձևավորվում է հակալիբանանյան կոալիցիա այն բանից հետո, երբ  Լիբանանն Արաբական պետությունների լիգայում և Իսլամական համագործակցության կազմակերպությունում չմիացավ Իրանին ու Հիզբալլահին քննադատող բանաձևերին: Սաուդյան Արաբիային միացել է նաև Թուրքիան: Սա ինչի՞ կարող է հանգեցնել և որևէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ սիրիական կոնֆլիկտի վրա՝ հաշվի առնելով Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի հավակնությունները Սիրիայում:

– Սաուդյան Արաբիայի գլխավորած հակալիբանանյան արշավով կարելի է փաստել, որ Լիբանանում ևս Իրանը հաղթեց Սաուդյան Արաբիային: Ինչպես հարցում նշեցիք՝ այս պատժամիջոցները Լիբանանի դեմ հենց Սաուդյան Արաբիայի հանդեպ միջազգային կառույցներում դրսևորած վերաբերմունքի քաղաքականության հետևանք է: Արդեն շուրջ երկու տարի քաղաքական ճգնաժամ ապրող Լիբանանում, որտեղ արդեն մի քանի անգամ հետաձգվում են պառլամենտական ընտրությունները, տասնյակ անգամից ավելի եղել են նախագահ ընտրելու անհաջող փորձեր, երկրում շատ ավելի ազդեցիկ կառույց է լիբանանյան Հիզբալլահը, որի ազդեցությամբ էլ վարվում է այդ երկրի արտաքին քաղաքականությունը, ինչը, բնականաբար, լուրջ դժգոհություն էր առաջացրել Սաուդյան Արաբիայի մոտ: Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը կարծես թե նոր երանգներ է ստանում. նոր՝ այն առումով, որ այս երկիրը փորձում է տարածաշրջանում թելադրողի դեր ստանալ, ինչի մասին շատ է խոսվում նոր, ավելի հավակնոտ և արկածախնդիր դեմքերի իշխանության գալով: Այս հակամարտությունը դեռևս տևական ժամանակ կշարունակվի, և ուղղակիորեն կապված է շիա-սուննի հակամարտության հետ: Իսկ սիրիական հակամարտության վրա դժվար թե ազդեցություն ունենա, քանի որ սովորաբար սիրիական հակամարտությունն է ազդեցություն ունենում Լիբանանի վրա:

– Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացման օր է նշանակել ապրիլի 13-ը: Ի՞նչ եք կարծում, այս ընտրությունները կկայանա՞ն:

– Խորհրդարանական ընտրությունները հերթական ընտրություններ են, և Բաշար Ասադը, հրամանագիր ստորագրելով դրանց իրականացման մասին, ընդամենն արել է այն քայլը, որն իրենից սպասվում է՝ որպես երկրի նախագահ: Բնականաբար, առկա պայմաններում դրանք հազիվ թե անցկացվեն: Եթե հրադադարի ռեժիմ այնուամենայնիվ սահմանվի, և սիրիական կառավարական ու ընդդիմադիր կողմերի միջև սկսվեն բանակցություններ, ինձ թվում է՝ այս ընտրությունները կհետաձգվեն 1 տարի ժամկետով, երբ որ արդեն նոր Սահմանադրություն կընդունվի, ու դրան համաձայն՝ կանցկացվեն պառլամենտական ու նախագահական ընտրություններ:

– Ի վերջո, սիրիական կոնֆլիկտի հանգուցալուծում մոտ ապագայում տեսնո՞ւմ եք, ի՞նչ զարգացումների սպասենք:

Արդեն նշեցի, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հովանավորությամբ սկսված գործընթացը փոքր-ինչ հույսեր ներշնչում է, բայց պետք է նշեմ, որ սա շատ բարդ գործընթաց է, որը պահանջում է հատկապես գերտերությունների կողմից առավել սկզբունքային և նպատակաուղղված գործունեություն: Քանի որ մենք գիտենք՝ որքան խայտաբղետ է սիրիական հակամարտության մասնակիցների կազմը, այնտեղ առկա շահերի բազմազանությունը, այդ իսկ պատճառով՝ միշտ կլինեն կողմեր, որոնք կփորձեն իրադարձություններն ուղղորդել սեփական շահերին համապատասխան: Ինչպես նշեցի՝ պետք է իրենց հովանավորյալ կողմի գործողությունները երաշխավորող գերտերությունները համարժեք սկզբունքայնություն ցուցաբերեն, միայն այդ պարագայում հնարավոր կլինի որոշակի դրական տեղաշարժ արձանագրել: Իսկ եթե այս համաձայնությունը տապալվի, սիրիական հակամարտության հանգուցալուծումը կտեղափոխվի սիրիական ռազմադաշտ, որի հետևանքներն էլ աղետալի կլինեն միջազգային հանրության ու ամբողջ աշխարհի համար:

Տեսանյութեր

Լրահոս