Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը մեկտեղել է աշխարհի մասնագետներին
Ժնևում անցկացվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպված «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) ազգային ծրագրի» ղեկավարների և կառավարիչների առաջին համաշխարհային հանդիպումը, որին մասնակցում էին շուրջ 220 պատվիրակներ ամբողջ աշխարհից:
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում ամփոփվեցին առաջին գլոբալ համաժողովի արդյունքները և մասնակիցներին ներկայացվեց 2016-2025թթ. Եվրոպական տարածաշրջանում ոչ վարակիչ հիվանդություններ դեմ պայքարի և կանխարգելման գործողությունների ծրագրի նախագիծը: Անդամ-պետությունների ներկայացուցիչների և հրավիրված փորձագետների առաջարկների հիման վրա ամփոփվեցին հանդիպման արդյունքները, որոշում կայացվեց լրամշակված նախագիծը ներկայացնել քննարկման Եվրոպական տարածաշրջանի անդամ-պետությունների լիազոր մարմիններին:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ, ԱՀԿ ՈՎՀ դեմ պայքարի ազգային համակարգող Ծաղիկ Վարդանյանը ներկայացրեց վերջին տարիներին այդ ուղղությամբ մեր երկրում իրականացված միջոցառումները և ծրագրերը, մասնավորապես՝ 2015թ. հունվարից մեկնարկված բնակչության ռիսկային խմբերում ՈՎՀ (զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, արգանդի պարանոցի քաղցկեղ) զանգվածային սկրինինգները, սոցիալական փաթեթի շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը, սրտի անհետաձգելի վիրահատությունների` ոչ դեղապատ ստենտի տեղադրման կյանք փրկող ծրագիրը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից 2016թ. փետրվարին արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագիրը», որը ներառում է ՈՎՀ-ի դեմ պայքարի ԱՀԿ մշակած 9 գլոբալ թիրախներին ուղղված միջոցառումները, ԱՀԿ առաքելության կողմից իրականացված «Հայաստանի առողջապահական համակարգի գնահատումը»: Նշվեց նաև, որ 2016թ. նախատեսվում է «ՍՏԵՊՍ» հետազոտության իրականացումը, որը ԱՀԿ-ի կողմից մշակված և կիրառված գործիք է ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների տարածվածության ուսումնասիրության համար:
Հարկ է նշել, որ 2011թ. ապրիլին ՈՎՀ-ին նվիրված Առաջին գլոբալ նախարարական համաժողովի ընթացքում ընդունվել է Մոսկովյան հռչակագիր, որով ամրագրվել է, որ ՈՎՀ-ի կանխարգելումը և դրանց դեմ պայքարը պահանջում են կանոնակարգում բոլոր մակարդակներում, ներառելով բազմամակարդկային և միջոլորտային համագործակցության իրականացումը, որոնք պետք է բևեռված լինեն ՈՎՀ-ի զարգացման ռիսկի գործոնների, առողջ ապրելակերպի վարման անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով:
2011թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պետությունների և կառավարությունների ղեկավարների և ներկայացուցիչների կողմից հավանության է արժանացել ՈՎՀ-ի կանխարգելման և պայքարի հռչակագիրը, որը դիտարկվում է որպես 21-րդ դարի հիմնական կոչ և եվրոպական առողջապահական քաղաքականության «Առողջություն 2020» իրականացման նպատակների բանալի: Ընդունելով պետությունների պատասխանատվությունն ՈՎՀ-ի խնդրին արձագանքելու գործընթացին, համաշխարհային հանրությունն ընդգծում է հասարակության բոլոր շերտերի մասնակցության անհրաժեշտությունն ՈՎՀ-ի կանխարգելման և դրանց դեմ պայքարի արդյունավետ արձագանքման նպատակով:
2013թ. Համաշխարհային առողջապահական ասամբլեայի վեհաժողովի ընթացքում 190 անդամ-պետություններ ընդունեցին ԱՀԿ 2013-2020թթ. ՈՎՀ կանխարգելման և պայքարի Գլոբալ պլանի միջոցառումների ծրագիրը: Այնուհանդերձ անդամ-պետությունների կողմից ստանձնած ազգային պարտավորություններն իրականացնելու ճանապարհին դեռևս առկա են լուծումներ պահանջող խնդիրներ, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի, կանխարգելման և վերահսկման ուղղությամբ:
Այսպիսով, «Ոչ վարակիչ հիվանդությունների ազգային ծրագրի» ղեկավարների և կառավարիչների առաջին համաշխարհային հանդիպման նպատակն էր աջակցել ոչ վարակիչ հիվանդությունների ազգային ծրագրերի տնօրեններին և ղեկավարներին` կազմակերպելու և համակարգելու բազմաոլորտային համագործակցությունը ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վերահսկման, բուժման, ռիսկի գործոնների ազդեցության նվազեցման, ՈՎՀ դեմ պայքարի ԱՀԿ միասնական մոտեցման ապահովման ուղղությամբ, ինչպես նաև ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում հաշվետվողականության մեխանիզմների արդյունավետ կիրառման հարցերում: