«Հայկական հրաշքը». Քեմբրիջի համալսարանն անդրադարձել է «Լույս» հիմնադրամի գործունեությանը
Ամեն տարի հայկական «Լույս» հիմնադրամի միջոցով 100 հայ ուսանողներ կրթություն են ստանում աշխարհի լավագույն համալսարաններում, կանգնում են ամենատաղանդավոր գիտնականների կողքին և այդպիսով նպաստում են Հայաստանի և աշխարհի զարգացմանը: 2009 թվականին ստեղծված հիմնադրամին և դրա գործունեությանն է անդրադարձել բրիտանական հեղինակավոր Քեմբրիջի համալսարանի պաշտոնական կայքը՝ անվանելով այն հայկական հրաշք:
Կայքն ընդգծում է, որ հիմնադրամի տրամադրած կրթաթոշակների միջոցով հայ ուսանողներից ոմանք էլ կրթություն են ստացել հենց Քեմբրիջի համալսարանում, ինչի շնորհիվ «Քեմբրիջը նպաստում է Երևանում տնտեսության զարգացմանը»:
«Մենք ցանկանում ենք ստեղծել վստահ սերունդ, որը լայնախոհ է և մեծ երազանքներ ունի»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատմում է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը: Նա ընդծում է, որ Հայաստանը մշտապես բուռն պատմություն է ունեցել՝ նկատի ունենալով Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանությունը, Խորհրդային Միության անդամ դառնալը, դեռևս երիտասարդ անկախությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և տնտեսական ճգնաժամը: «Հայաստանը մշտապես ստիպված է եղել այդ պահին հակազդել և հնարավորություն չի ունցել ծրագրել նախապես: «Լույս» հիմնադրամը հնարավորություն է տալիս նոր սերնդին սփռել թևերն ու ծրագրավորել ապագան»,- նշում է Կարաասլանյանը:
Համալսարանի կայքը գրում է, որ «Լույս» հիմնադրամը 2009 թվականին հիմնել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիմնադրամը վճարում է հայաստանցի կամ հայկական արմատներ ունեցող ուսանողների կրթության համար այն բանից հետո, ինչ նրանք սեփական ուժերով ընդունվում են աշխարհի առաջատար 10 համալսարաններից մեկը: «Հետաքրքիր է, որ հիմնադրամից օգտվող ուսանողները պարտավորված չեն վերադառնալ Հայաստան: Հիմնադրամն իր ուսանողներին դիտարկում է որպես «գլոբալ քաղաքացիներ», ովքեր պարտավոր չեն վերադառնալ Հայաստան& raquo;,- գրում է Քեմբրիջի համալսարանի կայքը:
«Մենք ցանկանում ենք այս ամենն ընկալել ոչ թե որպես ուղեղների արտահոսք, այլ ուղեղային շրջանառություն: Մենք կառուցում ենք հարուստ ցանց այնպիսի մարդկանց, ովքեր կարողանում են մտածել այլ կերպ: Դու պետք է ճանապարհորդես մտահորիզոնդ լայնացնելու համար»,- նշում է Կարաասլանյանը՝ փաստելով, որ հիմնադրամի հովանավորությամբ կրթություն ստացողների 70 տոկոսը մինչ օրս վերադարձել է Հայաստան:
«Լույս» հիմնադրամի վերաբերյալ ֆեյսբուքյան էջում իր տեսակետն է հայտնել նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ ասելով. «Հպարտ եմ մեր «Լույս» հիմնադրամի ու ողջ աշխարհում մեր գիտնականների աշխատանքով և գրանցած հաջողություններով: Եկեք շարունակենք այս մեծ աշխատանքը: Այն արդյունքները, որոնք արդեն ունենք, ապշեցուցիչ են, և ես վստահ եմ, որ ավելի մեծ հաջողությունները դեռ առջևում են»: