Բաժիններ՝

Ադրբեջանը լոբբիստական ընկերություն է վարձել արգելափակելու ամերիկյան պատժամիջոցներ նախատեսող օրինագիծը

Ադրբեջանի կառավարությունը միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսն ընդունի «Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտ» (HR 4264) անվանումով օրինագիծը, որը փետրվարի սկզբին առաջադրվել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթի կողմից, հայտնում է Turan-ը:

Այդ նպատակով պայմանագիր է կնքվել ամերիկյան Podesta Group կազմակերպության հետ, որը պետք է օգնի խուսափել օրենքի ընդունումից, որը պատժամիջոցներ է նախատեսում Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ: Վերջինս կոչ է անում մուտքի արտոնագիր չտրամադրել Ադրբեջանի ղեկավարներին, նրանց բիզնես գործընկերներին, ինչպես նաև ադրբեջանական անվտանգության և իրավապահ մարմիններին: «Ակտը» պահանջում է կրճատել Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի տնտեսական և էներգետիկ նախագծերը:

Սմիթի օրինագիծը, ինչպես նշում է contact.az-ը, սկսեց շրջանառվել այն բանից հետո, երբ Բաքուն հրաժարվեց ազատ արձակել մոտ 100 քաղբանտարկյալի՝ հերքելով նման կատեգորիայի գոյությունն ընդհանրապես:

Սմիթի օրինագծի մասին հայտնի դառնալուց հետո Ադրբեջանի իշխանությունները պայմանագիր կնքեցին Podesta Group-ի հետ, որին ամսական վճարելու են նվազագույնը 50 հազար դոլար Ադրբեջանի կառավարության իմիջը բարելավելու և Կոնգրեսում օրինագծի արգելափակմա նպատակով արվելիք աշխատանքների համար:
Համաձայն ԱՄՆ արդարադատության նախարարության տեղեկության՝ համապատասխան որոշումը ստորագրվել է փետրվարի 1-ին ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի ու Podesta Group-ի միջև:

Մասնավորապես, Podesta-ն երաշխավորում է Ադրբեջանի կառավարությանը մատչում Վաշինգտոնի որոշ ազդեցիկ մարդկանց հետ: Կազմակերպությանը վճարելու է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը, ընդ որում, նշվում է, որ գումարը կարող է ավելանալ՝ կապված հավելյալ ծառայությունների մատուցման հետ:

Հիշեցնենք, որ «Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտը» Քրիս Սմիթի կողմից ներկայացվել է 2015թ. դեկտեմբերի 16-ին:

Եթե օրենքը ընդունվի, ապա ԱՄՆ մուտքի արտոնագիր չի տրվի Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան անդամներին ու նրանց մերձավոր ազգականներին:
Այցագրային պատժամիջոցները կտարածվեն նաև նրանց վրա, ովքեր զգալի ֆինանսական եկամուտ են ստանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ գործնական հարաբերություններից կամ նրանց ընտանիքների անդամներից: Պատժամիջոցների տակ կհայտնվեն նաև իրավապահ մարմինների, անվտանգության ծառայությունների աշխատակիցներն ու դատական ճյուղերի ներկայացուցիչները, որոնք առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումներին:

Բացառություն է արվելու միայն այն պաշտոնատար անձնանց համար, որոնք ԱՄՆ են ուղևորվում՝ մասնակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստերին:

Պատժամիջոցները նախատեսում են նաև սահմանափակումներ մտցնել ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորման, վարկավորման ու ապահովագրական ոլորտներում, Ադրբեջանին բազմակողմ ֆինանսական օգնության տրամադրման հարցում:

Օրինագիծը նախատեսում է նաև Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների ու նրանց ընտանիքի անդամների՝ ԱՄՆ-ում գտնվող ակտիվների արգելափակում:
Ներկայում այդ փաստաթղթին իրենց աջակցությունն են հայտնել Նյու Յորք նահանգից դեմոկրատ կոնգրեսական Լուիզա Սլոթերը և Ջո Հեքը (հանրապետական, Նևադա նահանգ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս