Ամերիկացի ևս մեկ հանրապետական կոնգրեսական է միացել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին
Ամերիկացի կոնգրեսական Ջո Հեքը (հանրապետական, Նևադա նահանգ) երեկ միացել է «Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտ» անվանումով օրինագծին (HR 4264), որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնք առնչություն ունեն երկրում մարդու իրավունքների խախտման դեպքերին: Այս մասին Turan գործակալությանը տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսում աղբյուրը:
«Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտը» 2015թ. դեկտեմբերի 16-ին ներկայացվել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ազդեցիկ կոնգրեսական Քրիս Սմիթի կողմից: Վերջինս կոչ է անում մուտքի արտոնագիր չտրամադրել Ադրբեջանի ղեկավարներին, նրանց բիզնես գործընկերներին, ինչպես նաև ադրբեջանական անվտանգության և իրավապահ մարմիններին: «Ակտը» պահանջում է կրճատել Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի տնտեսական և էներգետիկ նախագծերը:
Քրիս Սմիթը, իր հերթին, մեկնաբանել էր իր հասցեին հնչած Բաքվի մեղադրանքները:
««Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտը» ոչ ձևով կապված չէ հայերի հետ, սա փաստաթուղթ է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին: Հայերն ընդհանրապես կապ չունեն դրա հետ, ավելին, նրանք ընդհանրապես տեղյակ էլ չէին նման օրինագծի նախապատրաստման մասին:
Այդ պատճառով, երբ ես լսում են, թե ինչ են խոսում Ադրբեջանի խորհրդարանում, իշխանամետ ԶԼՄ-ներում ու թե ինչ է ասում Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարը, մտածում եմ՝ որքանով են նրանք տեղեկացված այլ հարցերի մասին …»,- ասել է Սմիթը՝ փետրվարի 11-ին հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նիստի ժամանակ:
Նշենք, որ Բաքում Սմիթին մեղադրում է նաև նրանում, որ նա հանդես է եկել 1915թ. Հայոց ցեղասպանության ընդունման օգտին ու վարում է «հայամետ» քաղաքականություն:
Աղբյուրը հավելել է, թե դեռ չի հայտարարվել՝ երբ է օրինագիծը դրվելու քվեարկության:
Հիշեցնենք, որ երեկ օրինագծին իր աջակցությունն է հայտնել Նյու Յորք նահանգից դեմոկրատ կոնգրեսական Լուիզա Սլոթերը:
Եթե օրենքը ընդունվի, ապա ԱՄՆ մուտքի արտոնագիր չի տրվի Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան անդամներին ու նրանց մերձավոր ազգականներին:
Այցագրային պատժամիջոցները կտարածվեն նաև նրանց վրա, ովքեր զգալի ֆինանսական եկամուտ են ստանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ գործնական հարաբերություններից կամ նրանց ընտանիքների անդամներից: Պատժամիջոցների տակ կհայտնվեն նաև իրավապահ մարմինների, անվտանգության ծառայությունների աշխատակիցներն ու դատական ճյուղերի ներկայացուցիչները, որոնք առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումներին:
Բացառություն է արվելու միայն այն պաշտոնատար անձնանց համար, որոնք ԱՄՆ են ուղևորվում՝ մասնակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստերին:
Պատժամիջոցները նախատեսում են նաև սահմանափակումներ մտցնել ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորման, վարկավորման ու ապահովագրական ոլորտներում, Ադրբեջանին բազմակողմ ֆինանսական օգնության տրամադրման հարցում:
Օրինագիծը նախատեսում է նաև Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների ու նրանց ընտանիքի անդամների՝ ԱՄՆ-ում գտնվող ակտիվների արգելափակում: