«Կան բարդություններ, բայց դրանք հաղթահարելի են». Արման Թաթոյան

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այսօր մարդու իրավունքների պաշտպանի անձնակազմին ներկայացրին ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպան Արման Թաթոյանին: ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներկայացուցչի նախկին տեղակալ Արման Թաթոյանն ասաց, որ աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, իր համար հարազատ միջավայր է:

Հերմինե Նաղդալյանն ասաց, որ Արման Թաթոյանի կենսագրությունը ներկայացնելն ավելորդ է, քանի որ վերջին օրերին նրա մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել. «Եվ նրա կրթական, և աշխատանքային կենսագրական տվյալները բազմաթիվ անգամ քննարկվել են և շատ բարձր գնահատականի են արժանացել: Եվ, իսկապես, կարող ենք ասել, որ ի դեմս Արման Թաթոյանի՝ գործ ունենք մասնագիտական, կրթական շատ բարձր մակարդակ, պրոֆեսիոնալ, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ բավական մեծ աշխատանք կատարած, չնայած իր տարիքին՝ բավական պատկառելի աշխատանք կատարած մի անձնավորության հետ, որը տարիներ շարունակ աշխատել է Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության, մեր երկիրն առավել ժողովրդավար, առավել օրինական երկիր դարձնելու ուղղությամբ»: Նա նշեց, որ բավական լուրջ մրցակցային գործընթացում Ազգային ժողովը Արման Թաթոյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտոնում:

Նա նշեց, որ Հայաստանում այսօր կատարվող փոփոխությունների կարևորությունը դժվար է գերագնահատել. «Յուրաքանչյուրս հույսով, հավատով նայում ենք հեռանկարին, նայում ենք ապագային, այն Հայաստանին, որը վաղն է լինելու, որը լինելու է մեր զավակների համար պաշտպանված, օրինավոր երկիր, բայց այդ Հայաստանն այսօր է կառուցվում: Մեզանից յուրաքանչյուրից է կախված, թե ինչպիսին է այն լինելու, և մեզանից յուրաքանչյուրը վաղվա Հայաստանի կայացման գործում իր ներդրումն ունի: Կարծում եմ՝ բոլորովին պատահական չէ և շատ սիմվոլիկ է, որ մարդու իրավունքների նոր պաշտպանի պաշտոնավարումը սկսվում է հենց այս օրերին, հենց այս ժամանակահատվածում, երբ Հայաստանի Հանրապետությունը մտնում, թևակոխում է մի նոր, առավել պատասխանատու փուլ:

Շատ կարևոր է, որ այս փուլում մենք գիտակցենք, հետևենք այն մտքերին և այն պատկերացումներին, որ ունենք յուրաքանչյուրս, որոնք նույնպես հնչեցին ՀՀ նախագահի խոսքում օրեր առաջ, որովհետև ևս մեկ անգամ բարձրաձայնվեց՝ մենք ունենք մեր երկրում սոցիալական խնդիրներ, ունենք անարդարության խնդիրներ, կոռուպցիայի պրոբլեմ, ունենք բազմաթիվ կամայականությունների պրոբլեմ: Սրանք տարբեր ոլորտներում ամեն օր հանդիպում են և հառնում են մեր քաղաքացիների առջև: Մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է՝ մեր տեղերում, բայց նաև Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն է՝ այս գործընթացի մեջ՝ աշխատել այնպես, որպեսզի մեր երկրում մարդու իրավունքներն ու ազատությունները լինեն առավել պաշտպանված, աշխատել այնպես, որ կամայականությունը, անօրինականությունը, կոռուպցիան, անարդարացի որոշումները, անարդար լուծումները, անարդար և արդյունավետ պաշտոնյաները լինեն հնարավորինս քիչ և քայլ առ քայլ անցնեն պատմության գիրկը»:

Կարդացեք նաև

ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը շնորհավորելով Արման Թաթոյանին՝ ասաց, որ 96 կողմ ձայնով ընտրվելը բավական լուրջ պոստ-ֆակտում վստահություն է նրան, որպեսզի նա կարողանա շատ արագ կարգավորել այն բոլոր խնդիրները, որոնք կառաջանան կամ ծառացած են երկրում՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հետ: «Եթե պաշտոնյան ունի ազնվություն, սկզբունքայնություն և նաև գիտելիքների համապատասխան պաշար, ապա ցանկացած խնդիր շատ արագ կարող է գտնել իր լուծումը: Պարոն Թաթոյանն այդ սկզբունքների կրողն է, և 96 կողմ ձայները շեշտելով՝ պետք է շեշտել, որ դա ամբողջ քաղաքական դաշտի ներկապնակի վստահության քվեն է, որովհետև գրեթե բոլոր խմբակցություններից մասնակցել են մարդու իրավունքների պաշտպանի գաղտնի ընտրություններին, գոնե 1-2 ձայն իրենց կողմից տվել են, որովհետև այն պտավորությունները, ելույթները, դրական գնահատականը, որը հնչեց նույնիսկ շատ արմատական ընդդիմադիր գործիչների կողմից, նախ և առաջ՝ պարտավորեցնող է պարոն Թաթոյանի, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք հին աշխատակազմո՞վ է աշխատելու, թե՞ այնուամենայնիվ փոփոխություններ կլինեն, Ա.Թաթոյանն ասաց. «Այս պահին, իհարկե, կա ձևավորված աշխատակազմ, թիմ, և մենք աշխատելու ենք միասին, ինչի՞ մասին է խոսքը»: Հարցին, թե ե՞րբ է այցելելու անազատության մեջ գտնող Գևորգ Սաֆարյանին և Վարդգես Գասպարիին, նա պատասխանեց, որ առաջին աշխատանքային օրն է, գործերն արագ պետք է կազմակերպվեն, բայց իրեն որոշակի ժամանակ է պետք:

Դիտարկմանը, որ գնահատականներ կան, որ Հայաստանում լիիրավ պաշտպան հնարավոր չէ լինել, լինում են կիսապաշտպաններ, Արման Թաթոյանն արձագանքեց. «Խնդրում եմ, այդ արտահայտությունը մի արեք: Շա՛տ եմ խնդրում: Դա պաշտպանի դիրքերից չի բխում և հեղինակությանն էլ չի օգնում, լա՞վ: Ես համաձայն չեմ նման արտահայտությունների հետ: Մարդու իրավունքների բոլոր պաշտպանները կատարել են միշտ իրենց պարտականությունները, իհարկե, լիազորությունների իրականացումը և լիազորություններն իրենք իրենց բնույթով առանձնահատուկ են, կան բարդություններ, բայց դրանք հաղթահարելի են»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս