ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը չի մեկնաբանում

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը 2013թ. սկսած մոտ 60 դրամաշնորհ է տրամադրել: Այս մասին, ի պատասխան մեր հարցման, հայտնել են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից: Նշենք, որ պատվիրակության կողմից տրված դրաշնորհները ոչ նպատակային օգտագործելու հետ կապված երկու քրեական գործ է հարուցվել:

ՀՀ քննչական կոմիտեն, որի վարույթում քննվում են հարուցված երկու քրեական գործերը, դեռևս չի հրապարակում, թե որ կազմակերպություններին են առնչվում քրեական գործերը՝ նշելով, որ քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս փուլում հրապարակման ենթակա չեն:
Հայաստանում ԵՄ պատվիրակությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են. 2013թ. հատկացվել է՝ 5, 2014թ.՝ 20, 2015թ.՝ 34 դրամաշնորհ. ընդհանուր առմամբ՝ 59 դրամաշնորհ:

Ըստ դրա՝ դրամաշնորհ ստացողների ցանկը պարբերաբար հրապարակվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքում: ԵՄ պատվիրակության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 2014թ. դեկտեմբերի 18-ին ստորագրվելիք համաձայնագրերի շարքում ներառված են եղել տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ որպես ծրագիր՝ նշված է «Աջակցություն կայուն զարգացմանը՝ Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բարձր դերի ու մասնակցության միջոցով»:

Որպես պայմանագրի կողմ՝ նշված է «Հասարակական երկխոսությունների և նախաձեռնությունների կենտրոնը». բյուջեն կազմել է 400,000 եվրո, տևողությունը՝ 36 ամիս:

Կարդացեք նաև

«Քաղաքացին ընդդեմ պետության. քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում օրենքի գերակայության հաստատման գործում» ծրագրի բյուջեն, ըստ կայքի տեղեկատվության՝ կազմել է 239,000 եվրո, տևողությունը՝ 24 ամիս: Որպես պայմանագրի կողմ՝ նշված է «Ֆեմիդա» հասարակական կազմակերպության անունը: «Երիտասարդ քաղաքացիական լրագրության խրախուսման միջոցով արտահայտվելու ազատության ամրապնդումը» ծրագրի գումարը, ըստ կայքի, կազմել է 210,460 եվրո, տևողությունը՝ 24 ամիս: Ըստ կայքի տվյալների՝ պայմանագրի կողմը «Մանանա» երիտասարդական կրթական մշակութային կենտրոնն է:

«Տուրիզմի զարգացումն ու կայունությունը՝ ներդրում աղքատության կրճատման գործում» դրամաշնորհի պայմանագրի կողմ է հանդիսացել «Սոսե» հասակարական կազմակերպությունը: Բյուջեն կազմել է 200,000 եվրո, տևողությունը՝ 24 ամիս: Վայոց Ձորի մարզում անցկացված ծրագրերից մեկի շրջանակներում դրամաշնորհի գումարը կազմել է 255,800 եվրո, տևողությունը՝ 18 ամիս: Հանրային ծառայությունների որակի բարձրացման միջոցով աղքատության նվազեցմանն օգնելուն ուղղված ծրագիրն իրականացնելու համար, ըստ կայքի, 230,000 եվրո գումար է տրամադրվել. որպես պայմանագրի կողմ՝ մատնանշված է Տավուշի մարզի Ջուջեվան գյուղի գյուղապետարանը. տևողությունը կազմել է 18 ամիս:

Վայք և Սպիտակ համայնքներում էներգիայի հետ կապված դրամաշնորհի տևողությունը, ըստ կայքի՝ 48 ամիս է. տրամադրվել է 1.7 մլն եվրո: Մեր հարցին՝ արդյոք քրեական գործի հարուցումը կարո՞ղ է հետագայում ազդել հայաստանյան կազմակերպություններին դրամաշնորհ հատկացնելու վրա, ԵՄ պատվիրակությունից պատասխանել են, որ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ողջունում է Հայաստանի իշխանությունների համագործակցությունը, սակայն իրավասու չէ մեկնաբանել ընթացքի մեջ գտնվող քրեական գործը:

Նշենք, որ առայժմ հայտնի է, որ քրեական գործերից մեկը հարուցվել է «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» ծրագիրն իրականացնելու համար Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ: Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Եվրոպական Միության պատվիրակությանը որպես տուժող ճանաչելու մասին: Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքի տեղեկատվության համաձայն՝ որպես ծրագրի իրականացնող՝ նշված է մարզային կազմակերպություններից մեկի անունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս