Բաժիններ՝

«Գիտելիքների հանրագիտարանի» հայկական ռեկորդը

««Բուկինիստ» հրատարակչությունը և աշխարհահռչակ «Dorling Kindersley» հրատարակչությունը ներկայացնում են «Գիտելիքների հանրագիտարան» գիրքը հայերեն լեզվով: Հատուկ հայ ընթերցողի համար «Dorling Kindersley» հրատարակչության «Գիտելիքների հանրագիտարան» գրքում ավելացված է առանձին «Հայաստան» բաժինը, որի խմբագիրն է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանը»,- ասվում է օրերս կայացած «Գիտելիքների հանրագիտարան» գրքի շնորհանդեսի մամլո հաղորդագրության մեջ: Հայաստանը, հայ մշակույթն ու պատմությունն իրենց ուրույն տեղն են գտել «Գիտելիքների հանրագիտարանի» «Հայաստան» բաժնում:

«Մինչ այս գիրքը մենք ևս ունեցել էինք մանկական հանրագիտարանային հրատարակություն, որը ես ամեն անգամ նայելով՝ ափսոսում էի, քանի որ այնտեղ չկար Հայաստանին նվիրված բաժին: Ինձ համար շատ հաճելի պարտականություն էր այս գրքի համար աշխատելը: Ուրախ եմ, որ այսօր մեր երեխաներն ունեն նման հանրագիտարան, որտեղ վերջապես կա «Հայաստան» բաժինը: Թերևս շարունակ նշում ենք, որ հանրագիտարանը երեխաների համար է, բայց ասեմ, որ մասամբ համամիտ չեմ այդ ձևակերպման հետ: Այստեղ կա ինֆորմացիա այն ամենի մասին, ինչի վերաբերյալ մենք՝ մեծահասակներս էլ, հնարավոր է՝ չիմանանք: Տեղեկատվության մատուցման ձևաչափը ևս աչքի է ընկնում իր պարզությամբ և մատչելիությամբ»,- նշեց Արտակ Մովսիսյանը:

girq6 girq1

«Գիտելիքների հանրագիտարան» գիրքը բաղկացած է 6 բաժնից՝ տիեզերք, երկիր, բնություն, մարդու մարմին, գիտություն, պատմություն:

Կարդացեք նաև

«Գիտելիքների հանրագիտարանը» ռեկորդային վաճառք է գրանցել Հայաստանում: Երկու ամսվա ընթացքում սպառվել է 650-ից ավելի գիրք:

Բավականին թանկարժեք գրքի հաջողության վերաբերյալ մենք զրուցեցինք «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:

girq8

– Պարոն Վարդանյան, գրքի շնորհանդեսը միայն այսօր կայացավ, սակայն գիրքն արդեն մի քանի ամիս վաճառվում է: Առհասարակ ինչպե՞ս ծնվեց «Գիտելիքների հանրագիտարանը» Հայաստան բերելու միտքը:

– Գաղափարը ծնվեց գրքի լոնդոնյան ամենամյա ցուցահանդեսում, որին նաև Հայաստանի ներկայացուցիչներն էին մասնակցում: Գրքերի հսկայական բազմազանության մեջ ընտրեցինք «Dorling Kindersley»-ի հրատարակչության «Գիտելիքների հանրագիտարանը»: Եվ այսօր արդեն համոզվում ենք, որ մեր ընտրությունը միանշանակ ճիշտ է եղել: Առանց գովազդի՝ հայ գնորդների շրջանում գիրքն ունեցավ աննախադեպ հաջողություն: Դեկտեմբերի 26-ից մինչ օրս շուրջ 700 օրինակ արդեն վաճառել ենք:

girq7 girq3 girq9

– Ո՞րն է բավականին թանկարժեք՝ 15.900 դրամ արժողությամբ այս գրքի հաջողության գրավականը:

– Հաջողությունը թաքնված է գրքի էջերում: Գրքում խիստ գիտականությունը ներդաշնակորեն համադրվել է ընկալման մատչելիության հետ:

Կա վեբ տիրույթ, որտեղից կարող ենք գտնել ցանկացած տեղեկությունն ամենաբազմազան հարցերի շուրջ, և կա բավականին հաստափոր, թանկարժեք և շքեղ այս հանրագիտարանը: Ո՞րն է այն գնելու իմաստը:

– Ես՝ որպես ծնող և որպես գրքի բնագավառում երկար տարիներ աշխատող, վստահ եմ, որ գիրքը՝ թղթյա կրիչով, միշտ է լինելու արդիական: Իհարկե, ինտերնետ տիրույթը բավականաչափ ինֆորմացիա է տալիս, բայց իրականում անհամեմատելի երևույթներ են: Պարզապես հիմա դեռևս անցումային ժամանակներ են: Սակայն ժամանակի հետ ամեն բան իր տեղն է ընկնելու, և գիրքը դարձյալ ունենալու է իր տեղն ու նշանակությունը:

– Քանի՞ օրինակ է տպագրվել, և ինչպե՞ս եք որոշել գրքի գնային արժեքը:

– 3000 օրինակ գիրք է տպագրվել, որը նախատեսում էինք սպառել 3 տարում: Գնային արժեքը որոշել ենք գնագոյացման չափանիշներով՝ գրքի համար ընտրելով ամենացածր գինը:

girq4

– Գիրքը հատուկ Սփյուռքի համար արտահանելու մտադրություն ունե՞ք:

– Սիրով կհամաձայնեմ, եթե լինեն նմանօրինակ առաջարկներ: Դա առանձին և շատ ցավոտ հարց է: Բանն այն է, որ կապ չկա Հայաստանի և Սփյուռքի հրատարակչական կազմակերպությունների միջև: Ես շատ ուրախ կլինեմ համագործակցել:

Շնորհանդեսին ներկա ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ նշեց, որ արդեն ձեռք է բերել գրքից մի քանի օրինակ՝ բարեկամներին նվիրելու նպատակով. «Երբ թերթում ես գիրքը, «համացա՞նց, թե՞ գիրք» հարցադրումը վերանում է: Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը կօգնի երեխաներին ավելի կապվել տպագիր գրքի հետ»: 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս