Բաժիններ՝

Ովքեր են ռուսական գործակալները հետխորհրդային երկրներում

ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է երկրի հետախուզական մարմիններին տրամադրվելիք բյուջեն ավելացնել յոթ տոկոսով ու պարտավորեցնում է ԱՄՆ հետախուզական մարմիններին իրեն տեղեկություն տրամադրել ՌԴ հատուկ ծառայությունների կողմից նախկին խորհրդային հանրապետություններում քաղաքական կուսակցությունների ու ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին:

Համապատասխան բանաձևն ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատների ու հանրապետական խմբակցությունների տարաձայնությունների պատճառով ընդունվել է 364 կողմ, 58 դեմ ձայներով:

Ինչպես գրում է BBC-ն, այս լույսի համատեքստում մեծ է հավանականությունը, որ նմանատիպ օրինագիծը կարող է հավանության արժանանալ նաև ԱՄՆ Սենատի կողմից: Կոնգրեսը հրապարակել է օրինագծի չգաղտնազերծված տարբերակը, որը բաղկացած է 67 էջից:

Թեև օրինագիծն ընդունվել է դեռևս 2015թ. վերջին, սակայն այդ մասին միայն օրերս է հայտնի է դարձել, գրում է Kasparov.ru-ն՝ հղում կատարելով ԱՄՆ Կոնգրեսի համապատասխան փաստաթղթին:

Կարդացեք նաև

«Օրենքի ուժ ստանալուց հետո, ոչ ուշ, քան 180 օրում հետախուզության տնօրենը պետք է Կոնգրեսի կոմիտեներին ներկայացնի իր տրամադրության տակ գտնվող հետախուզական տվյալներ Ռուսական հատուկ ծառայությունների կողմից նախկին խորհրդային հանրապետություններում ու եվրոպական երկրներում քաղաքական կուսակցությունների ու ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին՝ սկսած 2006 թվականի հունվարի 1-ից»,- ասվում է փաստաթղթում:

Համապատասխան հաշվետվությունը պետք է ներառի տեղեկություններ այն մասին, թե որ երկրներում ու ինչ կազմակերպություններ են ֆինանսավորվել, որ ռուսական հատուկ ծառայություններից ու ինչ նպատակ են ունեցել:

Նման գործունեության հնարավոր նպատակներից Կոնգրեսը հիշեցնում է՝ երկրի քաղաքական հիմքերի խարխլում, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համակարգերի մասին թյուր տեղեկությունների տարածում, էներգետիկ նախագծերի խափանում, որոնք կարող էին այլընտրանք լինել ռուսական էներգակիրներին:

Որոշ ԶԼՄ-ներ արդեն տեղեկություններ են հայտնում, թե հետխորհրդային երկրների թվում Ուկրաինան կարող է լինել առաջին երկրներից մեկը, որտեղ կբացահայտվի ՌԴ հատուկ ծառայությունների ագենտուրան, որը ներդրված է քաղաքական էլիտայում ու հասարակական կազմակերպություններում:

Բացի այդ, ինչպես հայտնում է BBC-ն, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Ազգային հետախուզության տնօրենին հանձնարարել է ներկայացնել հաշվետվություն այն մասին, թե ՌԴ-ն 2000 թվականի հունվարի 1-ից քաղաքական ինչ սպանություններ է օգտագործել պետության շահերի համար:

BBC-ի հաղորդմամբ՝ վերջինս պետք է Կոնգրեսին հաշվետվություն ներկայացնի, որը պետք է ներառի «ռուս քաղաքական գործիչների, գործարարների, այլախոհների, լրագրողների, նախկին ու ներկա կառավարական պաշտոնյաների, օտարերկրյա պետությունների ղեկավարների, հ/կ-ների անդամների ցուցակ, որոնք, ըստ հետախուզական մարմինների, սպանվել են ռուսական հատուկ ծառայությունների կամ նրանց գործակալների կողմից 2000 թվականի հունվարի 1-ից սկսած»:

ԱՄՆ հետախուզական մարմինները պետք է Կոնգրեսին ներկայացնեն տվյալներ այն մասին, թե որ երկրում են սպանվել վերոնշյալ անձանցից յուրաքանչյուրը, ու ինչ մեթոդներով են դրանք իրականացվել:

Օրինագծում շարադրված է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գրավոր կերպով շարադրի Կոնգրեսին ԴԱԻՇ-ի դեմ պայքարի իր ռազմավարությունը, և, որ երկրի հետախուզական մարմինները պարբերաբար տեղեկացնեն օրենսդիրներին նաև օտարերկրացի զինյալների մասին, ովքեր եղել են Սիրիայում ու Իրաքում ու լքել են այդ երկրները:

Փաստաթղթում Ազգային հետախուզության տնօրենից պահանջվում է ուսումնասիրել, թե որքան վնաս է հասցվել Ամերիկային կիբերհարձակումների կողմից, ու պարզել մեղավորներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս