«Ես չեմ ստում, և դա ահավոր է». Նազենի Հովհաննիսյան

«LOFT-ը մտնում է Մեծ Պահքի շրջան և մեկնարկում 48-օրյա նոր բարեգործական-սոցիալական նախագիծ, որը ենթադրում է մի շարք բազմաժանր իրադարձություններ»,- ասվում է Loft-ի միջոցառումների ֆեյսբուքյան էջում:

«69.120 բարության րոպե» անունը կրող առաջին միջոցառումն իրականացվեց դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ, ով իր պատրաստակամությունն էր հայտնել միանալու նախագծին: Վերջինս փետրվարի 13-ին LOFT-ում վարեց «Խոսքի մշակույթը և նրա կիրառումը» խորագրով թրեյնինգ:

Առաջին իսկ րոպեներից Նազենին ցուցաբերեց դերասանուհուն հատուկ շատ կարևոր մի հմտություն՝ գրավելով դահլիճում ներկա հանդիսատեսի ողջ ուշադրությունը: Դրա համար նրան անհրաժեշտ եղավ ամենապարզ ու «մարդկային» հոգեբանական հնարքը՝ «Ասա՛ ինձ անունդ, կասեմ՝ ո՞վ ես դու»:

«Խոսքի մշակույթի և նրա կիրառման» վերաբերյալ զրույցը սկսվեց այն պահից, երբ Նազենին խնդրեց հանդիսատեսին ներկայանալ՝ անուն առ անուն: Այդ ընթացքում հանդիսատեսն իր կամքից անկախ՝ հաղորդեց շատ ավելի մեծ տեղեկություն իր անձի վերաբերյալ, քան պարզապես ծննդյան վկայականի մեջ գրված անուն-ազգանունն էր: Ի դեպ, Նազենիի հետ մեր նախկին հարցազրույցներից մեկում նա կեսկատակ-կեսլուրջ նշել էր, որ Նազենի անվան «զ» հնչյունը շատ բան է ասում անունը կրողի մասին: Ցուցաբերելով ֆենոմենալ հիշողություն՝ ճանաչելով կիսախավար դահլիճում ներկաներից շատերին, նա «ստիպեց» անգամ իր հանդեպ մարտական տրամադրված հանդիսատեսին՝ գիտակցել, որ իրականում կռիվ չունեն միմյանց հետ:

Կարդացեք նաև

Nazeni Hovhannisyan (4)

«Նախքան մեր զրույցի սկիզբը ձեզանից ոմանք եկան՝ ինձ հետ միասին լուսանկարվելու: Դա շատ հաճելի ուշադրության նշան է ինձ համար: Եթե նկատեցիք, գրեթե բոլորը նկարվելուց հետո սովորաբար նայեցին նկարին և, եթե շատ անհարմար չզգացին իրենց՝ խնդրեցին ևս մեկ անգամ լուսանկարվել: Եվ դա նորմալ է, որովհետև մարդն ուզում է իրեն ավելի լավը տեսնել: Հագուստի, արտաքին տեսքի նկատմամբ ունենք շատ ուշադիր և քմահաճ վերաբերմունք: Ես շատ կցանկանայի, որ մենք նույն կերպ վերաբերվեինք նաև մեր խոսքին: Ինչո՞ւ է մեր խոսքը թերի: Եվ առհասարակ, ի՞նչ է նշանակում՝ խոսք»,- այս հարցադրումով էլ Նազենին սկսեց թրեյնինգը երիտասարդների հետ:

Մեր հարցին՝ համամի՞տ է արդյոք, որ խոսքը նյութականանալու հատկություն ունի, Նազենին պատասխանեց.

«Իմ պարագայում միտքն ավելի արագ է ազդում, քան խոսքը: Բանն այն է, որ իմ խոսքն այնքան արագ չէ, որքան միտքս է: Տվյալ պահին ես խոսում եմ և միաժամանակ մտածում մի քանի բան՝ ոչ այն պատճառով, որ չեմ կարողանում կենտրոնանալ, այլ՝ հակառակը: Այժմ ես գերկենտրոնացած եմ, քանի որ փորձում եմ ուշադրությանս կենտրոնում պահել դահլիճում ներկա յուրաքանչյուրին: Դա է պատճառը, որ ավելի դանդաղ եմ խոսում, քան՝ մտածում: Խոսքը ոչ միայն նյութականանալու հատկություն ունի, այլև խոսքն ինքնին նյութ է, որովհետև այն ունի շունչ, էներգիա, պարունակություն, բովանդակություն, կենտրոնանալու կարողություն, ունի նպատակ: Իսկ նպատակը հստակ է: Մենք միշտ մտածում ենք կոնկրետ մի բան»:

Nazeni Hovhannisyan (5)

– Ինչո՞ւ եք այդքան կարևորում խոսքը:

– Մենք հաճախ շփվում ենք իրար հետ, խոսում՝ ժամերով, բայց իրար չենք լսում: Խոսքն առաջին հերթին՝ լսելու կարողություն է: Գիտե՞ք, աշխատանքից դուրս ես քիչ եմ խոսում և շատ լսում եմ: Աշխատում եմ լսել հաճելին՝ կյանքի, կառուցողականության, Աստվածայինի մասին: Մեր լրագրողներին հաճախ մեղադրում են սուր խոսքի մեջ: Բայց ես հասկացել եմ մի կարևոր բան: Լրագրողը սուր խոսքով կարող է նեղացնել, վիրավորել, սթափեցնել, բայց տվյալ մարդը, ում մասին նա գրում է, որպես կանոն, հասարակության համար հայտնի մեկն է: Եվ այդ «հայտնին» պետք է պատրաստ լինի շատ տարբեր խոսքերի՝ և՛ հաճելի, և՛ քննադատական, և՛ խոցելի… Եթե սովորական մարդու հասցեին ասվի այդ ամենը, նրա համար դա կլինի «մահացու»: Խոսքը՝ թե՛ վատը, թե՛ լավն առաջացնում է «հակամարմիններ»: Ինչո՞ւ է աղոթքն ապաքինում: Որովհետև այդ խոսքերը կոնկրետ բանաձև, բանալիներ ունեն: Եվ այնտեղ այն ամենն է, ինչն ապաքինում է մարդուն: Իսկ երբ աղոթքին մի կաթիլ էլ հավատք ես ավելացնում, ապա այն դառնում է ավելի հզոր և անգամ անհավատին է ապաքինում:

Nazeni Hovhannisyan (1)

– Դուք իրոք հավատո՞ւմ եք, որ աղոթքն առանց հավատի կարող է ապաքինել:

– Ես չեմ հավատում, դա փաստ է: Չէ՞ որ Դուք՝ լրագրողներդ, հավատում եք միայն փաստերին:

– Կարծում եմ, որ աղոթքն առանց հավատքի՝ զուտ խոսքեր են:

–  Չեմ հավատում, որ կա մարդ, ով չի հավատում Աստծուն, պարզապես կա մարդ, ով չի արտահայտվում, ով բարդույթավորված է այդ առումով, ով կարծում է, թե հավատալն ամոթ է, կամ ում սերմանել են, թե հիմարություն է հավատալը… Պատճառները շատ տարբեր են: Իմ հայրն աթեիստ է՝ անհավատների անհավատը: Բայց նա ամեն հարցում հավատում է մարդուն: Իսկ ո՞վ է մարդը: Աստծո ստեղծածը: Ես, օրինակ, մարդուն չեմ հավատում: Կարծում եմ, որ ամեն մարդ ստում է:

Nazeni Hovhannisyan (3)

– Իսկ Դո՞ւք:

– Ես կարող է չասեմ, բայց ես երբեք չեմ ստում: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն դա: Ես չեմ ստում, և դա ահավոր է՝ հատկապես հիմա, երբ ես Պահքի մեջ եմ:

–  Դուք քիչ առաջ նշեցիք, որ շատ նրբանկատ ենք մեր արտաքինի հանդեպ: Ինչպե՞ս եք մեկնաբանում սելֆիների ֆենոմենը: Բոլորս այնքան ենք «վարպետացել» այդ հարցում, որ արդեն անգիր գիտենք, թե որ լուսավորության տակ և ինչ ռակուրսով պետք է նկարվենք՝ մեր ուզած «պատկերը» ստանալու համար: Բնական է, որ ձգտում ենք լավագույնս ներկայանալ հանրությանը, սական չե՞ք կարծում, որ այդ ամենի մեջ կա մի սարսափելի իրականություն՝ մենք արդեն «չենք սիրում», չենք ընդունում մեզ այդ ռակուրսից դուրս:

–  Պետք է հիշել, որ մենք ինքներս ենք որոշել այդ «լավ»-ի չափանիշը: Բայց դա չի նշանակում, որ մենք այդպիսով փակում ենք մեր ինքնությունը: Միգուցե մենք այդպիսով փորձում ենք մեզ փոխել, կատարելագործել, զարգացնել: Այլ հարց է, որ այդ պահին մենք ընկալում ենք միայն մեր արտաքինը: Շատ ավելի կարևոր է ներքինը: Խնդիրը որոշում կայացնելու մեջ է: Մենք ամեն վայրկյան որոշում ենք կայացնում: Եվ հաճախ՝ ոչ այն որոշումները, որոնք առհասարակ մեզ են վերաբերում:

Nazeni Hovhannisyan (2)

Մենք սիրով պատրաստ ենք որոշումներ կայացնել ուրիշի համար, բայց ոչ մեզ համար: Սելֆիի ֆենոմենը դա է: Մենք մեզ հանում ենք որոշումից, որովհետև արդեն խմբագրում ենք, թե ինչպիսին են մեզ ուզում տեսնել ուրիշները: Ի դեպ, լսել եմ, որ այժմ կան ծրագրեր, որ սելֆիից հետո քեզ ամբողջովին ընտիր mack-up են անում՝ զրոյից: Օրինակ, եթե որոշում ես սելֆի անել՝ աղբ թափելիս, ծրագիրը քո փոխարեն՝ հոյակապ mack-up է անում, և դու դառնում ես սելֆիների թագուհին: Բայց դա տխուր է` գնում ես տուն, և հայելու մեջ բոլորովին այլ մարդ է քեզ դիմավորում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս